Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Ղարաբաղն ամեն ինչ ա, դրա համար ենք կռիվ տամ». Ստեփանակերտի շուկայում լացն ու ծիծաղը՝ կողք-կողքի. (Տեսանյութ)

Մարտ 03,2022 20:55 Share

«Լիչնի ես, դուրս չեմ կյամ: Մի 15 օր Ռուսաստանում մնացալ եմ, կրացալ չեմ: Ոչ էլ Երեւանում: Ինձ գնալու տեղ չունեմ: Մեր Ղարաբաղն ամեն ինչ ա, դրա համար ենք կռիվ տամ»,- տիկին Դոնարան է ասում: Դոնարա Գասպարյանը 30 տարի աշխատում է Ստեփանակերտի շուկայում: Ամենահայտնի ժինգյալով հացը Ստեփանակերտում տիկին Դոնարայինն է:

44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի շուկայում առեւտուրն էլ առաջվանը չէ, շուկա քիչ մարդ է մտնում:

34 տարի առաջ, այս օրերին, Ստեփանակերտը փոթորկում էր, արցախյան շարժումն էր սկսել, փետրվարի 18-ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդաշատ ցույցեր էին, հավաքվածները պահանջում էին միացում՝ Հայաստանի հետ:

Տիկին Դոնարան հիշում է՝ այն ժամանակ երիտասարդ էր, ամուսնացած էր, երկու տղա ուներ: Տղաներից մեկն այժմ Երեւանում է բնակվում, մյուսը՝ Ստեփանակերտում է: Պատմում է, որ այն ժամանակ երեխաների հետ էին ցույցերի գնում եւ մտածում էին, որ լավ է լինելու. «Ու լյավ ա ըլլալ: Բայց հիմի, էդ չանգ արածը՝ չպահեցինք»:

44-օրյա պատերազմից հետո մի քիչ զգուշավոր է խոսում, բայց մի բան հաստատ գիտի՝ եթե կորցրածը ետ չբերենք, գոնե այն, ինչը որ կա, պետք է պահել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիկին Սվետան հայրենի գյուղից՝ Ավետարանոցից, դուրս է եկել 2020 թվականի հոկտեմբերի 24-ին: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին անցավ ադրբեջանական վերահսկողության տակ: 44-օրյա պատերազմում տղան ծանր վիրավորվել էր, առաջին կարգի հաշմանդամ է: Այժմ Ստեփանակերտում են ապրում, վարձով, ինքն էլ շուկայում առեւտուր է անում՝ օրվա հոգսերը հոգալու համար: Այդքան էլ գոհ չէ առեւտրից։

«Եթե կռիվ չլինի՝ մեկ ա, մենք ստեղծող ենք:  Էնքան որ՝ կռիվ չլինի»,- ասում է Սվետան՝ դառը ժպիտը դեմքին: Հարցնում եմ 34 տարվա վաղեմության իրադարձություններից, երբ սկսվեց արցախյան շարժումը. մի քիչ ժպիտ է գալիս դեմքին. «Ուժեղ էինք, շատ էինք ուժեղ: Բայց հիմա… ինչո՞վ ուժեղ լինենք, վախ կա սրտներումս»: Նորից է մռայլվում ու հավելում, որ երեխաների համար են վախենում: Բայց Արցախն էլ լքելու տրամադրություն չունեն:

Աշխատավայրում նրա հարեւանուհին՝ ստեփանակերտցի Զարինեն, նույնպես ոգեւորությամբ է հիշում արցախյան շարժումը, պայքարը. «Այն ժամանակ ասում էինք՝ հանուն հայրենիքի, իսկ հիմա՝ չգիտես, հանուն ինչի՞: Երեխադ մահանում է, չգիտես՝ հանուն ինչի՞» :

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031