Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ սենսացիոն լուրերը լավ վաճառվող ապրանք են դառնում, դրանցում մեծ տեղ են գրավում հնարված նյութերը». Բորիս Նավասարդյան

Մարտ 10,2022 13:52

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղին որակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության իրականացրած «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության եւ ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագիրը, որի շրջանակում կայացավ նախարարությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչների, լրագրողների, ուսանողների, դասախոսների մասնակցությամբ համաժողով:

«Մենք` հայաստանցիներս, մշտապես ապատեղեկատվությանն ենք բախվում: 2020թ, երբ եղավ 44 օրյա Արցախյան ծանր պատերազմը, ապատեղեկատվությունը ողողել էր ամբողջ տեղեկատվական դաշտը: Ցավոք, դա ոչ միայն թշնամական արտաքին ուժերի ապատեղեկատվությունն էր, այլեւ մեծ ծավալների էր հասել ներքին ապատեղեկատվությունը: Ես համարում եմ, որ հատկապես այդ ժամանակահատվածում մեր հասարակությունը կարծես հենց ապատեղեկատվության պատանդ դարձավ։ Ուստի հետպատերազմյան շրջանում մենք էլ ավելի ենք կարեւորում հասարակության մեդիագրագիտությունը: Ուղղակի սա կենսական նշանակություն ունի»:

ԽԱՊԿ նախագահի խոսքով, հասկանալի է, որ ապատեղեկատվությունը գոյություն է ունեցել մարդկության պատմության ընթացքում, տարբեր ձեւերով է իրականացվել, ու այժմ տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում՝ շատ ավելի մեծ հնարավորություններ է ստացել: Այս պարագայում գլխավոր հակազդող հանգամանքը մեդիագրագիտության տարածումն է:

Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ լրագրողական կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում ապատեղեկատվության դեմ պայքարին, իսկ լրագրողական կազմակերպություններից, թերեւս ամենահաճախը, ԶԼՄ-ների գործունեությունն ուսումնասիրող կազմակերպությունը Երեւանի մամուլի ակումբն (ԵՄԱ) է:

 Մանրամասները` տեսանյութում

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ ապատեղեկատվության դեմն առնելու պատմության ակունքներին, հիշեց «դեղին մամուլի»` տեղեկատվական աշխարհում իշխելու ժամանակաշրջանը. «Muckraker-ների շարժումն առաջին փորձն էր պայքարել ապատեղեկատվության դեմ… Ընդհանրապես, երբ կենտրոնանում ես սենսացիոն լուրերի վրա եւ ամենակարեւորն ես դարձնում տեղեկատվական միջավայրում, ու երբ դա առավել լավ վաճառվող ապրանք է դառնում, այդ սենսացիաների մեջ շատ մեծ տեղ են գրավում հնարված նյութերը: Եթե պահանջը կա` կհորինենք, կտարածենք սենսացիա:

Այդ պահին ձեւավորվեց մի շարժում, որը հիմք դրեց ԶԼՄ-ների ինքնակարգավորմանը եւ ժուռնալիստիկայի էթիկայի սկզբունքների տարածմանը, սկսեցին ձեւավորվել էթիկական առաջին վարքականոնները եւ որոշակի հաջողությունների հասան մեր այն ժամանակվա գործընկերները»:

Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, որ ապատեղեկատվության դեմ գործողությունները հիմնականում ուղղված էին լրատվական դաշտի վրա, որովհետեւ ԶԼՄ-ներն էին համարվում ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուր:

Նրա խոսքով. «Տեխնոլոգիաների զարգացման հետ ունեցանք մեկ այլ իրավիճակ, որը ողջունվում էր միջազգային կառույցների, մեդիայով զբաղվող տարբեր ինստիտուտների կողմից, եւ դա ստացավ իր անունը` տեղեկատվական հասարակություն»:

Հավելենք, որ մեդրագրագիտության վերաբերյալ համաժողովի թեմատիկ քննարկումները 3 ուղղություններով էին` «Ապատեղեկատվությունը՝ ժամանակակից մարտահրավեր», «Ապատեղեկատվության դեմ պայքարն արտակարգ իրավիճակներում», «Ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքներն ու միջոցները»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031