«Այս իշխանությունը մանդատ չունի՝ Ադրբեջանի կազմում Արցախ թողնելու: Եթե ուզում է մեզ ապացուցի, որ ունի, թող գնա հանրաքվեի եւ ապացուցի: Թող չփորձի որեւէ փաստաթուղթ ստորագրել, այն որեւէ իրավական հիմք չի ունենա, դա երբեւիցե չի իրականացվելու»,- այսօր ՀՀ ԱԺ-ի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց «ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա նույնպես մասնակցում էր «5165 շարժման» կազմակերպած ցույցին: Ցույցի մասնակիցները ՀՀ խորհրդարանից պահանջում էին՝ ճանաչեք Արցախի հանրապետության անկախությունը:
Ավետիք Չալաբյանն իր ելույթում անդրադարձավ հարցին՝ արդյոք Արցախի անկախության պահանջով նոր պատերազմ չենք հրահրում:
«Մենք վերջերս Արցախում էինք, իրավիճակը գիտենք. եթե մենք անմիջական, մեր գործողություններով տեր չկանգնենք Արցախին, կարող է մի քանի ամիս հետո մենք Արցախ չունենանք ընդհանրապես, որովհետեւ մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, գալիս են այն գիտակցության, որ Հայաստանն իրենց հանձնում է: Իսկ Հայաստանը մենք ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք պետք է մեր եղբայրներին, որոնց հետ 30 տարի պայքարել ենք մի նպատակի համար, զրկանքներ ենք կրել բոլորս, այսօր եկել հասել ենք մի կարեւոր հանգրվանի, որ մեր հայրենիքի մի մասը, որը երբեւէ թուրքի կողմից չի նվաճվել, միշտ հայկական է մնացել, միշտ իր ավանդույթներով է ապրել, կարող է դառնալ «թուրքի փայ»՝ ոնց որ դարձել է մեր պատմական հայրենիքի զգալի մասը: Ըստ Ավետիք Չալաբյանի, դրան կհանգենք, եթե այսօր լինեք «անտարբեր, նյութապաշտ, փորապաշտ եւ գրպանապաշտ»:
Նա վստահեցնում է, որ եթե այսօր ոտքի կանգնենք՝ ընթացքը կարող ենք շրջել, քանի որ այնպես չէ, որ ամբողջ աշխարհը մեր դեմ է, բայց բոլոր մի հարց են տալիս. «Հայաստան իսկ դու ի՞նչ ես ուզում, դու հայ ժողովուրդ, ի՞նչ ես ուզում անել, դու տե՞ր ես քո հայրենիքին, թե տե՞ր եք սրճարանների գարեջրին: Ո՞րն է քո համար կարեւոր՝ գարեջուրն ու նրբերշիկը, թե՞ քո պատմական հայրենիքը»:
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանն Արցախի ճանաչման պահանջը դեռ մի բան էլ ուշացած է համարում, կարծում է, որ Հայաստանը պետք է Արցախի հանրապետությունը ճանաչեր 2020 սեպտեմբերի 27-ին, ավելին, դեռ 2016-ին պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը եւ դուրս գայինք Ադրբեջանի հետ կեղծ բանակցային օրակարգից, քանի որ Ադրբեջանն օգտագործեց բանակցային գործընթացը, որպեսզի կոտրի մեր ողնաշարը: «Այսօր վերջին հանգրվանում ենք գտնվում եւ եթե զրկվենք Արցախում հայկական ներկայությունից, էլ ոչ մի բան չենք կարող ճանաչել»,- վստահեցնում է Ավետիք Չալաբյանը:
Լրագրողների հնչեցրած հարցին՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը կճանաչի՞ Արցախի անկախությունը, Ավետիք Չալաբյանը հակադարձեց՝ խորհրդարանն ընտրել է մեր ժողովուրդը, ժողովուրդը պետք է գա եւ պահանջի իր կողմից ընտրված պատգամավորներից: Բանախոսի հավաստմամբ, սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ժողովրդի 80 տոկոսը կարծում է՝ Արցախը պետք է միանա Հայաստանին կամ լինի Ադրբեջանից անկախ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































