Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ շրջանակում խնդիրների լուծման համար կարեւորվել է ջանքերի համատեղումը

Ապրիլ 04,2022 20:11

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արմեն Գեւորգյանի խոսքով՝ ԵԱՏՄ համագործակցության առումով այժմ բարդ ժամանակաշրջան է՝ կապված ռուս-ուկրաինական իրադարձությունների եւ դրա հետեւանքով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ: «Քանի որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունը փոխկապակցված է, ապա չենք կարող մեզ վրա չզգալ այդ պատժամիջոցների հետեւանքները: Ի սկզբանե մենք շատ մտահոգված էինք, որ այդ իրավիճակն ազդեցություն կունենա մեր երկրի պարենային անվտանգության վրա, քանի որ հացահատիկը  հիմնականում  ներկրվում է Ռուսաստանից»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով՝ տարբեր քննարկումներ ցույց են տալիս, որ կարծես բարենպաստ  լուծումներ գտնվել են՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետաքրքրությունները՝ մեղմացնելու այդ պատժամիջոցների ազդեցությունները:

ԵԱՏՄ շրջանակում խնդիրների լուծման համար զրուցակիցները կարեւորել են ջանքերի համատեղումը:

Նշվել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, թեեւ կա ներուժ՝ տարբեր ոլորտներում ընդլայնելու եւ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը դեսպանին է փոխանցել հայ հանրության անհանգստությունը՝ կապված Ստամբուլյան հայտարարագրում տեղ գտած որոշ գնահատականների հետ, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական չկարգավորված հարցերին: Արմեն Գեւորգյանը նշել է, որ դրանում ոչ միայն շնորհավորանքներ են՝ կապված «հաղթանակի» հետ, այլեւ ելակետային պահեր՝ վերաբերող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին:

Արմեն Գեւորգյանն այս կապակցությամբ ընդգծել է նաեւ «Հայաստան» խմբակցության անհանգստությունը՝ նշելով, որ քանի դեռ հարցը լուծված չէ, կարեւոր է, որ ՀԱՊԿ անդամ գործընկերները պահպանեն առնվազն կառուցողական չեզոքություն:

Տնտեսական համագործակցության շրջանակում նշվել է՝ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի 26 տոկոսով ավելացել է: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ լոգիստիկ խնդիրների կարգավորումն այլընտրանքային ուղիներով:

 

Հանդիպման ավարտին դեսպան Իմանբաեւն անդրադարձել է Ղազախստանում սպասվող բարեփոխումներին եւ  սահմանադրական փոփոխություններին, կարեւորել այդ համատեքստում Հայաստանի փորձը: Արմեն Գեւորգյանն ընդգծել է՝ կարեւոր է, որ երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում հասարակությունը չբաժանվի տարբեր՝ հակադիր կողմերի:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930