Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրպարտության գործով» հայցադիմումին կցված չի եղել «զրպարտվող» հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

Մայիս 04,2022 15:00

«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը սոցիալական ցանցում՝ ՖԲ իր էջում գրել էր. «Դատարանում հաղթել եմ զրպարտողի պիտակ ինձ կպցնել ցանկացողին։ Ուրեմն, ընկերներիս տեղեկացնում եմ, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժ/պ Արտակ Մխիթարյանը դատի էր տվել ինձ, այն բանից հետո, երբ ես հրապարակել էի լուսանկարներ եւ տեղեկություն պետական գույք հանդիսացող մեքենան աշխատանքային ժամից դուրս, աշխատակիցների սեփական կարիքների համար օգտագործելու, այն ջարդուփշուր անելու մասին։ Դատավորի որոշմամբ. «Արտակ Մխիթարյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի, հայցն ընդդեմ Նարինե Կիրակոսյանի՝ զրպարտության հետեւանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հրապարակային հերքում հրապարակելու պահանջների մասին, թողնել առանց քննության»: Ն. Կիրակոսյանը նաեւ տեղեկացրել էր, որ հայցվորը չի ներկայացել մի քանի անգամ իրար հետեւից դատարան:

Այս դատական գործով հայցն առանց քննության թողնելու որոշումը կայացվել է ապրիլի 12-ին: Դատավորն էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը: Նարինե Կիրակոսյանի շահերը ներկայացրել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Արտակ Մխիթարյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի, ընդդեմ Նարինե Կիրակոսյանի՝ զրպարտության հետեւանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հրապարակային հերքում հրապարակելու պահանջների մասին» գործով նշանակվել է երեք դատական նախնական նիստ: Հայցապահանջը դատարանում էր 2021թ. մայիսի 14-ից: Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն ներկայացվել էր կրկին դատարան եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. հուլիսի 19-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ եւ նախապատրաստվել դատաքննության:

Առաջին նախնական դատական նիստը նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Դատարանն արձանագրել էր, որ ծանուցված հայցվորը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին, մասնավորապես՝ 20.01.2022թ.-ին եւ 12.04.2022-ին, ավելին՝ չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանող կողմն էլ չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարանն արձանագրել էր, որ հայցվորը հայցադիմումը ներկայացնելու պահին վճարել է պետական տուրքի գումարը եւ պատասխանողի կողմից որեւէ դատական ծախսի բռնագանձման պահանջ չի ներկայացվել: Հետեւաբար, այն թողնվել է առանց քննության: Ըստ դատարանի՝ հայցվորը դատարան է ներկայացրել զրպարտության հետեւանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հրապարակային հերքում հրապարակելու պահանջներ, սակայն հայցադիմումին կից ներկայացվել է միայն պետական տուրքը 10000 ՀՀ դրամի չափով վճարված լինելու ապացույց` անդորրագիր, այսինքն՝ դատարան չի ներկայացրել սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց եւ չի դիմել պետական տուրքի պակաս վճարված մասը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ նվազեցնելու միջնորդությամբ: Հայցադիմումին կցված չի եղել հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Դատարանը վկայակոչել էր ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշման մասին, համաձայն որի. «Օրենսգրքով նախատեսված է կոնկրետ իրավական կառուցակարգ, որի շրջանակներում դատարանն իրավասու է գնահատել հայցադիմումի ընդունելիությանն առնչվող պահանջների եւ պայմանների պահպանվածությունը»: Դատարանն արձանագրել էր նաեւ. «Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրն իմպերատիվ ձեւով սահմանել է պարտականություն՝ վարույթ ընդունել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը (դիմումը): Վճռաբեկ դատարանը գտել է նաեւ, որ այն դեպքում, երբ դատարանի կողմից կայացվել է «Հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին» որոշում, ապա հայցվորի (դիմումատուի) մոտ արդեն իսկ ձեւավորվում է այն համոզմունքը, որ հայցը (դիմումը) ներկայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, (…) (տես` ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի թիվ ԵԿԴ/0139/02/13 որոշումը)»:
Դատարանների նման զբաղվածության պայմաններում անհասկանալի է, թե ինչու է հայցվոր կողմը անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դատարանի նկատմամբ, ինչու «չի գնացել» հայցի հետեւից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031