Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանն այս մասին նշել է․ արձագանք չկա»․ Արսենյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրսբերման մասին

Հունիս 06,2022 18:50 Share

«Օրակարգում չկար նման առանձին հարց, բայց Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշել է։ Փաստ է, որ խնդիրը կա»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժման հարցը քննարկվե՞լ է, թե ոչ։ Լրագրողները նկատեցին՝ մեկ տարի է անցել այդ ներխուժումից, սակայն հանրությունն այդպես էլ հստակ չիմացավ՝ ՀՀ-ն այդ հարցով պաշտոնական նամակ հղե՞լ էր ՀԱՊԿ-ին։

«Հարցը պետք է ուղղել գործադիր իշխանությանը, որովհետեւ ես այդ նամակագրությանը չեմ տիրապետում։ Դա գաղտնի նամակագրություն է։ Ես այդ ժամանակ դեռ խմբակցության անդամ չէի»,-պատասխանեց Գուրգեն Արսենյանը։ Թե անվտանգային ինչ խնդիրներ են այսօր առհասարակ քննարկվել, պատգամավորը տեղեկացրեց՝ նիստը մեկ ժամ է տեւել, իսկ փաստաթղթերի ծավալը 120 էջ է․ «Դա այդ նիստի նախապատրաստական աշխատանքն է։ Հիմա սիրահոժար կարող եմ տրամադրել այդ 120 էջը, կարող եք ուսումնասիրել, դա գաղտնի չի։ 14 հարց է քննարկվել, որոնցից որեւէ մեկն առանձին նվիրված չէր ՀՀ-ին կամ մյուս երկրին։ Ամփոփել ենք, օրինակ, ՀԱՊԿ զորամիավորումների գործունեության արդյունավետությունը Ղազախստանում։ Որեւէ քննադատություն, բողոք կամ դիտողություն, որ այդ ուժերը ուշացել են եւ իրենց նպատակին չեն ծառայել, չի եղել։ Հակառակը, օգնել են խնդիրը հաղթահարել։ Դրանք, կարեւոր է ասել, որ չեն իրականացրել ոստիկանական գործառույթ, այլ պետական օբյեկտների պաշտպանություն են արել»։

Հարցին՝ շոշափվե՞լ է հարց, որ հավանական սցենարի դեպքում ՀՀ-ում էլ նույնը տեղի կունենա, Արսենյանը պատասխանեց․ «Ոչ։ Այս պահին մենք չենք քննարկում թեորետիկ սցենարներ, այլ քննարկում ենք կոնկրետ խնդիրների հետ կապված որոշումներ։ Որեւէ սցենար որեւէ երկրի հետ կապված քննարկելու առաքելություն ՀԱՊԿ-ը չունի»։

Հարցին՝ չքննարկվե՞ց այն փաստը, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում ՀՀ-ում ադրբեջանական զորքերի ներկայությանը, Գուրգեն Արսենյանը պատասխանեց․ «Չեմ ուզում ասել, որ քննարկվեց, բայց այդ մասին բարձրաձայնվեց։ Չկա արձագանք։ Ալեն Սիմոնյանն ասում է իր տեսակետը, մենք անցնում ենք հաջորդ հարցին։ Աշխատանքային էթիկա կա, թե ինչի մասին երբ խոսաս»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930