Այսօր՝ հունիսի 6-ին, Երեւանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների միջեւ։
ՀԱՊԿ ԽՎ նախագահն է Ռուսաստանի պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա դիմելով գործընկերներին, նախ նշեց, որ համավարակից հետո առաջին անգամ են այս ձեւաչափում հանդիպում Երեւանում․ «Մեր համար կարեւոր է, որ հետագայում եւս քննարկենք հարցեր եւ շփվենք, որովհետեւ խորհրդարանական վեհաժողովի համար դա շատ կարեւոր է։ Կարեւորը վստահությունն է, իսկ առանց երկխոսության՝ վստահության հասնել հնարավոր չէ։ Կարեւոր է նաեւ անել ամեն ինչ՝ մեր երկրների զարգացումն ապահովելու համար»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀԱՊԿ անվտանգային գործառույթների կարեւորությանը՝ Վյաչեսլավ Վոլոդինը կարծիք հայտնեց, որ կազմակերպության արդյունավետության մասին է փաստում 2022թ․ հունվարին Ղազախստանում անցկացված խաղաղապահ օպերացիան, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ստորաբաժանումները․ «Դա Ղազախստանի իրավապահ մարմիններին թույլ տվեց կենտրոնացնել ուժերը՝ օրինապահության վերականգնման եւ անվտանգային մարտահրավերների չեզոքացման համար։ Այս փորձի հիման վրա պետք է աշխատանք իրականացնել՝ կատարելագործելու ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը։ Նման գործունեության օրենսդրական ապահովման հարցը ներառված է այսօրվա օրակարգում»։


Վյաչեսլավ Վոլոդինը հայտնեց, որ քննարկելու են նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանությունը երաշխավորող օրենսդրական կարգավորումների կատարելագործման հարցեր։ Քննարկման թեմա է նաեւ եվրասիական տարածաշրջանում կենսաբանական անվտանգության հարցը․ «Ուկրաինայում Վաշինգթոնի հիմնած լաբորատորիայում չեն եղել պաշտպանվածության բավարար չափանիշներ։ Վաշինգթոնի՝ Ուկրաինայում ռազմակենսաբանական ներկայությունը սպառնում է այլ երկրների բնակիչների առողջությանը եւ կյանքին։ Նման լաբորատորիաների՝ առանց վերահսկողության աշխատանքը ռիսկեր է ստեղծում նոր վիրուսների շտամերի տարածման, համավարակների համար, եւ դրանց դեմ դեղամիջոցներ ու պատվաստանյութեր չկան»։
ՌԴ պետդումայի ղեկավարը կասկած հայտնեց՝ եթե Եվրոպայում, Կանադայում եւ Ավստրալիայում ի հայտ եկած «կապիկի ծաղկով» վարակման դեպքերը կապ ունեն ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ, ապա ո՞վ է պատասխանատու լինելու հետեւանքների համար․ «Մեր աշխատանքը պետք է համակարգել միջկառավարական համաձայնագրերով՝ արդյունավետորեն հակազդելու համար կենսաբանական սպառնալիքներին։ Կյանքը ցույց է տվել, որ այսօր կարող ենք հույս դնել բարեկամական հարաբերություններ վրա, որոնք ստուգված են ժամանակով։ Կարեւոր է միջազգային մակարդակում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




















































