Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Քովիդի գործով» դատարանը մերժել էր հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը

Հուլիս 07,2022 14:00

«Մինչդեռ նման տեղեկատվության տրամադրման իրավաչափությունը դեռեւս ենթակա է քննարկման»

Վարչական դատարանում այս տարի՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, 7 գործից 2-ով է պահանջվել տեղեկություններ: Ընդ որում՝ մեկ գործով՝ Արուսյակ Հայրապետյանն ընդդեմ ԱՆ-ի, դատարանը մերժել է, հետեւյալ պատճառաբանությամբ. «Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից որպես պատասխանող վկայակոչված «Մեդլայն կլինիկա» ԲԿ ՍՊԸ-ն չի հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար անձ, իսկ հայցվորի ներկայացրած պահանջը՝ «Մեդլայն կլինիկա» ԲԿ ՍՊԸ-ի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով, չունի հանրային բնույթ, որպիսի պայմաններում ներկայացված պահանջը չի բխում հանրային իրավահարաբերություններից եւ ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին»:

Դմիտրի Հարությունյանն այս տարվա հունվարի 24-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ «Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին»:

Փետրվարի 1-ին դատարանը (դատավոր՝ Գեւորգ Սոսյան), որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունել, նախնական դատական նիստ հրավիրել, նշված էր անդրանիկ նիստի օրը՝ ապրիլի 26: Դատարանը պատասխանող նախարարությունից պահանջել է հայցի առարկային վերաբերող վարչական վարույթի բոլոր նյութերը՝ ապացույցը ներկայացնելու համար սահմանելով ժամկետ՝ սույն որոշումը ստանալուց հետո երկշաբաթվա ընթացքում:

Հայցվոր Հարությունյանը ներկայացրել էր նաեւ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն, որի հիմքում նա դրել է այն հիմնավորումը, որ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի սույն գործով դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվարացման այնքանով, որ սույն գործով կայանալիք վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահին առկա է վտանգ, որ պահանջվող տեղեկությունները ժամանակավրեպ կլինեն ինչպես հայցվորի, այնպես էլ ողջ հանրության համար, որպիսի պայմաններում հայցապահանջի հնարավոր բավարարումը որեւէ կերպ չի երաշխավորի հայցվորի իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը:

Հայցվորը վկայակոչել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ խնդրել էր պարտավորեցնել ՀՀ առողջապահության նախարարին տրամադրել 14.12.2021 թվականի տեղեկություն ստանալու հարցմամբ պահանջվող ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների եւ ընդունած որոշումների, հրամանների համար հիմք հանդիսացած բոլոր այն գիտական հոդվածներն ու հաշվետվությունները, որտեղ նկարագրված է ցանկացած տեսակի «Քովիդ 19 վիրուսի» (ներառյալ՝ «B.1.1.7», «B.1.351», «B.1.617», «B.1.1.529» եւ այլն) պուրիֆիկացումը, որն իրականացվել է անմիջապես հիվանդ մարդուց ստացած նմուշում, որը չի միավորվել գենետիկ նյութի այլ աղբյուրի հետ (օրինակ՝ կապիկի երիկամի բջիջներ, լյարդի քաղցկեղի բջիջներ, եզան շիճուկ եւ այլն):

Դատարանը մերժել էր հայցի ապահովման միջոց կիրառել, պատճառաբանելով. «Դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով հայցի ապահովման միջոց թույլատրվում է ձեռնարկել բացառապես այն դեպքում, երբ դա չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, որպիսի հնարավոր հանգամանքի գոյության հնարավորությունը պետք է ապացուցի հայցի ապահովում հայցող անձը՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ կամ իրավական եւ փաստական բավարար հիմնավորումներ, որոնցով առնվազն պետք է ողջամիտ կասկած առաջանա այն մասին, որ առկա է հայցի ապահովման միջոցի ձեռնարկման անհրաժեշտ եւ բավարար որեւէ հիմք, ինչն էլ սույն դեպքում որեւէ կերպ չի հիմնավորվում, քանի որ հայցվորն ընդամենը բանավոր նշում է ենթադրական վտանգի հավանականության մասին, որի ընդունման ու հայցի ժամանակավոր բավարարման դեպքում սույն գործի հետագա քննությունը կդառնա ըստ էության առարկայազուրկ՝ հայցվորը կտիրապետի այն տեղեկատվությանը, որի ձեռքբերումը հենց հանդիսանում է սույն հայցի առարկան, մինչդեռ նման տեղեկատվության տրամադրման իրավաչափությունը դեռեւս ենթակա է քննարկման, ինչի համար հարուցվել է սույն գործը»:

Դատարանի գնահատմամբ՝ հայցվորի միջնորդությամբ չէր հիմնավորվել այն հանգամանքը, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը: Կողմը բողոք էր բերել վերաքննիչ վարչական դատարան, դատավոր Ռուստամ Մախմուդյանի մայիսի 19-ի որոշմամբ՝ վերաքննիչ վարչականը մերժել էր բողոքը:

Այս անգամ էլ պատճառաբանությունը գրեթե նույնն էր. «Տվյալ դեպքում ուսումնասիրելով հայցվորի պահանջը եւ դրա շրջանակներում ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրա բավարարման դեպքում ոչ թե ձեռնարկվում են որոշակի միջոցներ հնարավոր բացասական հետեւանքներից հայցվորի իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար, այլ նմանատիպ դատական ակտի կայացմամբ պատասխանողին պարտավորեցվելու է հայցվորին տրամադրելու սույն գործով խնդրո առարկա հանդիսացող համապատասխան տեղեկությունը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն գործով ներկայացված պահանջը կդառնա առարկայազուրկ, իսկ վեճն ըստ էության կսպառվի։ Մինչդեռ, հարկ է նշել, որ հայցվորին նման տեղեկատվություն տրամադրելու գործողության կատարման իրավաչափությունը դեռեւս սույն գործի քննության շրջանակներում ենթակա է պարզման, ինչին էլ հնարավոր է գնահատական տալ միայն գործն ըստ էության լուծող դատական ակտի շրջանակներում։ Վերաքննիչ դատարանի համոզմամբ, վերաքննիչ բողոքում հայցվորի ներկայացուցչի կողմից վկայակոչված փաստարկները որեւէ կերպ չեն կարող վկայել այն մասին, որ հայցվող հայցի ապահովման միջոցն ուղղված է վճռի կատարման անհնարինությանը կամ դրա կատարման դժվարացմանը, որպիսի պարագայում էլ որեւէ կերպ չի հիմնավորվում, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելը կարող է հանդիսանալ հայցը բավարարելու վերաբերյալ վճռի կատարումն ապահովելու անմիջական եւ ուղղակի երաշխիք, ուստիեւ՝ ծառայել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված նպատակին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031