Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցյալը կարող ենք հետապնդել իրավաբանական եւ այլ մեթոդաբանություններով». Նուբար Աֆեյան

Հուլիս 07,2022 16:02

Հայազգի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանը ԵՊՀ-ում կայացած հանդիպումից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Նա ասաց, որ ուրախ է լինել Հայաստանի ամենամեծ համալսարանում, որը նկատել է իր գործունեությունը եւ ձեռքբերումները: Հավելեց, որ ողջ կյանքի ընթացքում առնչվում է տարբեր համալսարանների հետ, ու թեեւ ԵՊՀ-ում առաջին անգամ է, հույս ունի համագործակցություն սկսել ու զարգացնել:

Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այն հարցին, որ կարող է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն` ցեղասպանության հաշվին, Նուբար Աֆեյանը պատասխանեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրականություն է, որը որեւէ կառավարություն չի կարող ժխտել: Նրա ձեւակերպմամբ, մյուս կողմից չպետք է անվերջ փնտրել նոր փաստեր Ցեղասպանության մասին, որովհետեւ, եթե այն եղած չլիներ, հայության մեծ մասը աշխարհով մեկ սփռված չէր լինի: Նա հիշեց, թե ինչպես է 2 տարի առաջ թուրքական մամուլն իրեն` արդեն կայացած գործարարին ու գիտնականին, իբրեւ թուրք ներկայացրել:

Նուբար Աֆեյանի կարծիքով, ներկա խոսակցությունները պետք է այլ ուղղությամբ գնան, եւ ներկայի եւ ապագայի վրա խարսխվեն ու ոչ թե` անցյալի. «Անցյալը կարող ենք հետապնդել իրավաբանական եւ այլ մեթոդաբանություններով ու տեսնել, թե Թուրքիայի մոտեցումն ինչ է լինելու: Բայց նաեւ չենք կարող տնտեսական եւ այլ կապեր չստեղծել, ուստի կամաց-կամաց, զգուշորեն հնարավոր է դա անել, որովհետեւ վերջիվերջո ուզում ենք, որ Հայաստանը զարգանա, դրա համար պետք է ձեւը գտնել եւ ամեն ինչ իրար հետ չխառնել»:

Հետաքրքրվեցինք`Արցախի ուսանողների հետ կապված որեւէ ծրագիր ունե՞ն: Անդրադառնալով «Ապագա Հայկականը» նախաձեռնությանը եւ տարբեր ոլորտներում արված իրենց ուսումնասիրություններին, Աֆեյանը խոսեց Արցախյան ֆորումի ու այնտեղ մեկտեղված մասնագիտական ջանքերի ու ծրագրերի մասին. «Պատերազմից հետո միջնորդավորված ձեւով ակտիվորեն մասնակցում ենք Ղարաբաղի վերականգնմանը եւ վերակառուցմանը։ Վերջին ժամանակներս այնտեղ անցկացվել են քննարկումներ ընթացիկ դժվարությունների հետ կապված հարցերի մասին»: Ապա հավելեց. «Անշուշտ ուսանողները շատ կարեւոր մասն են կազմում, բայց այսօր մասնավոր ծրագրեր դեռ չունենք»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Շատ հարգարժան,

    Բայց սփիւռքահայ բոլոր գործարարները եւ գիտնականները եւ այլն, պէտք է հասկանան որ իրենց համար ապագայ չկայ այս իշխանութեան առաջ տարած ՀՀում.

    Որքան շուտ հասկնան, այդքան աւելի բան կարելի է փրկել։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031