Լրահոս
Օրվա լրահոսը

Վայր չդնել դիվանագիտական դաշտում ունեցած «զենքերը»

Հոկտեմբեր 07,2022 11:00

Սկիզբը՝ այստեղ:

Այստեղ ձախողումները «նախկինների» վրա բարդելն արդեն ոչ մի կերպ չի ստացվելու

Ադրբեջանի կողմից պատերազմական հերթական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների գնդակահարությունների եւ խոշտանգված հայ զինվորական կնոջը պատկերող, համացանցում հայտնված վերջին 2 տեսանյութերի առիթով, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնձգությունների վերաբերյալ միանշանակ հայտարարություններով առայժմ հանդես են եկել Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան:

Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկու պետություններ՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումը միանշանակ է, հստակ՝ ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի:

Ֆրանսիայից այս օրերին հնչող հայտարարությունները ոչ միայն հասցեական էին, այլեւ դրանք կոնկրետ գործողությունների անցնելու անհրաժեշտությունն էին շեշտում:

Հայ ժողովրդի բարեկամ, Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Twitter-ի իր էջում գրառում էր արել՝ կոչ անելով գործել հանուն ժողովրդավարական Հայաստանի. «Ֆրանսիական լրատվամիջոցներ եւ ԵՄ, ինչի՞ եք սպասում, ի նպաստ փոքր եւ ժողովրդավարական Հայաստանի գործելու համար: Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտի՞ն հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։ Արդյոք հայկական արյունն ավելի էժա՞ն է, քան ուկրաինացիները»:

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների հավաքական մահապատիժը պատկերող տեսանյութերը խորապես ցնցող են», – հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարարությունը: «Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այդ գործողությունների առնչությամբ քննության մեկնարկը, ինչպես հայտարարել է Ադրբեջանը, եւ պահանջում է դրանց հեղինակներին կանգնեցնել արդարադատության առջեւ», – ասվում էր պաշտոնական Փարիզի հրապարակած հայտարարությունում: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ կոչ էր արել ազատ արձակել Ադրբեջանում դեռեւս պահվող հայ ռազմագերիներին:

Ֆրանսիայի Ազգային ժողովում ունեցած ելույթում պատգամավոր Ան-Լորանս Պետելն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքների դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինծառայողների վայրագություններին, որոնք գնդակահարել էին գերեվարված անզեն հայ զինծառայողներին։ Խոսելով ադրբեջանական վայրագությունների մասին՝ ֆրանսիացի պատգամավորը ընդգծեց, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է պատասխան տա իր արարքների համար, այլեւ հետապնդումների ենթարկվի։

Դիմելով Ֆրանսիայի Եվրոպայի եւ ԱԳ նախարար Կատրին Կոլոնային՝ Ան-Լորանս Պետելը հարց է ուղղել՝ արդյո՞ք Փարիզը պատրաստ է ավելի ուժգին աջակցել Հայաստանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր Կատրին Կոլոննայի պատասխանը: factor.am-ի ներկայացմամբ՝ նա ասել էր. «Տիկի՛ն պատգամավոր, ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը եւ կիսում եմ այն, ինչպես բոլորն այստեղ՝ լինի դա Ազգային ժողովի, թե կառավարության անդամների հարցը։

Այո՛, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է եւ ռազմական հանցագործություն։ Նման դեպքերում անպատժելիություն լինել չի կարող։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ, նորից եմ կրկնում՝ առանց երկիմաստության։ Ուստի, մենք կոչ արեցինք անհապաղ սկսել անաչառ եւ անկախ հետաքննություն՝ բացահայտելու այս գործողությունների մեղավորներին եւ ապահովելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն: Եվ այստեղ էլ, հավելեմ, կոչ արեցինք ազատ արձակել անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին։ Եվ ես այսօր թարմացնում եմ այս կոչը։ Հակամարտության ֆոնին Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան չափազանց լուրջ են։ Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել մարտերը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հետ քաշվել Ադրբեջանի կողմից գրավված դիրքերից։ Ես էլ նույնն արեցի։ Մենք հրավիրեցինք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին»։

Ուշագրավ ու խիստ կարեւոր էր Կատրին Կոլոնայի հետեւյալ գնահատականը. «Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքում տեղի ունեցած այս իրադարձությունները բացահայտեցին նաեւ, ընդգծում եմ, Ռուսաստանի անկարողությունը՝ խաղալու արբիտրի դերը, որը նա հավակնում էր միայնակ ստանձնել 2020 թվականի բախումներից հետո։ Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ եւ բանակցային կարգավորման համար, մասնավորապես, այս պահին մեր ջանքերի առանցքն է՝ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ստեղծումը։ Ընդամենը մի քանի օր առաջ ես խոսեցի ԵԱՀԿ գործող նախագահի՝ իմ լեհ գործընկերոջ հետ»։

Պաշտոնական Վաշինգտոնը նույնպես վերջին օրերին բավական ակտիվ հանդես եկավ իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներով:

Նախ, կարեւոր էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան արձանագրումը, որով միանշանակ սլաքն ուղղվեց Ադրբեջանին. «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Կոչ ենք անում լիարժեք եւ անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

ԱՄՆ-ի պետդեպը մի քանի առիթներով հարցին անդրադարձավ: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մտահոգություն հայտնեց հայ ռազմագերիների դաժան սպանության կապակցությամբ: «ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին գնդակահարելու վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Մենք լիարժեք եւ անկողմնակալ հետաքննության կոչ ենք անում: Ցանկացած վայրագության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա Twitter-ում:

Հայաստանի իշխանությունները շարունակում են Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունները, նրանք հստակ հայտարարում են, որ առաջ են շարժվում խաղաղության օրակարգով եւ դա նրանք անշեղորեն իրագործում են իրենց նպատակը՝ հասնել խաղաղության ցանկացած գնով:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից ոտնձգությունները, նրանց գործած պատերազմական հանցագործությունները Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում որպես նախապայման օգտագործել եւ դադարեցնել բանակցությունները, որպեսզի գոնե այդ կերպ հասնեն Ադրբեջանի զորքերի հետքաշմանը՝ ՀՀ տարածքից:

Հետեւաբար, միջազգային հանրությունից որքան էլ ողջ աշխարհի հայությունն ակնկալի համարժեք գործողություններ՝ կարեւոր է, թե քաղաքակիրթ աշխարհի հայտարարությունները, գնահատականներն ու արձագանքներն ինչպես են օգտագործելու հայկական պետության դիվանագիտության պատասխանատուները:

Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վերջին մեկ տարում որեւէ մեկը լսե՞լ է Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի ժամանակ կիրառված ֆոսֆորային զենքերի մասին հիշեցում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այս թեման մոռացվել, կամ, որ ավելի կարեւոր է՝ հանուն ինչի՞ է մոռացության մատնվել:

Իսկ դիվանագիտական դաշտում աշխատանք պետք է միանշանակ իրագործվի: Ադրբեջանն ու Թուրքիան դեռեւս Հայաստանի հակառակորդներն էլ, անկախ այն բանից, ինչ պարբերականությամբ Էրդողանն ու Ալիեւը կհանդիպեն Փաշինյանին, նույնիսկ քանի անգամ կսեղմեն նրա ձեռքը: Հայաստանի իշխանությունները բանակցում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որոնց իշխանությունները ցանկացած ճշմարտություն աշխարհին ներկայացնում են 180 աստիճանով հակառակ, իսկ սուտն ու կեղծիքը՝ որպես ճշմարտություն:

Եզրակացությունը մեկն է՝ Հայաստանի գործող իշխանությունը չպետք է վայր դնի նաեւ դիվանագիտական դաշտում այս պահին ունեցած «զենքերը»: Այստեղ ձախողումները «նախկինների» վրա բարդելն արդեն ոչ մի կերպ չի ստացվելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31