Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կրքոտ բացականչություններ ու չդադարող ծափահարություններ․ Գյումրին երկրպագեց «քաղաքի արտիստին» (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2022 19:44

Երեկ երեկոյան Գյումրու պետական դրամատիկական թատրոնում ՝ լեփ-լեցուն դահլիճում, հանդիսատեսի բուռն մասնակցությամբ, չդադարող ծափահարությունների, կրքոտ բացականչությունների ու խոնարհումների  ներքո  նշվեց ՀՀ  վաստակավոր արտիստ, ռեժիսոր, Գյումրու  «Մտորումների թատրոնի» հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի  ծննդյան 60-ամյակը։

Հոբելյանական երեկոն նշվեց բավական համեստ,  այնպես, ինչպես ցանկացել  էր Գյումրին ու հայրենիքն իր անձի հետ նույնացրած տաղանդը։  Սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ արտիստը հրաժարվել  էր ճոխ միջոցառումից, նա գերադասել էր  հանդիսատեսին իր մասին հիշեցնել  թատրոնի այցեքարտը դարձած «Արշիլ Գորկի» ներկայացմամբ, ուր հայրենիքի կանչն էր։

Բեմադրության ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է։ Իսկ մինչ այդ ցուցադրվեց  «Քաղաքի արտիստը» վերնագրով  ֆիլը՝  նվիրված դերասանին, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի  անունից պատվոգիր հանձնվեց, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անունից  էլ ՝ քաղաքապետարանի ոսկե հուշամեդալ։

Արտիստին նվիրված հոբելյանական երեկոն  Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  աջակցությամբ։  Գյումրեցու ավանդական ընտանիքում ծնված,  Գյումրու ամենավառ անհատականություններից մեկը դարձած, Գյումրին  ապրեցնող արտիստը 40 տարի աճեմյանական բեմում է։

Նա  նշում է, որ աճեմյանական բեմում տաղանդներ են խաղացել ու համեստորեն խոստովանում, որ ամեն անգամ բեմ մտնելուց լարվում է, հուզվում է, արյան շրջանառությունը չի զգում։

Լրագրողների հետ զրույցում  էլ  պարզաբանում է, որ չի սիրում ճոխ հանդիսություններ, մերժել է բեմում նստելու ու մեծարվելու գաղափարը։

«Իմ մասին կարող է ներկայացումը խոսել կամ ես՝ բեմում խաղալով։ Այդ ձևաչափը ընտրեցինք և զգում եմ, որ դա լավն է։  Ու ընտրեցինք «Արշիլ Գորկի» ներկայացումը, որովհետև  այդ մարդուն քիչ գիտենք,  գրեթե չենք ճանաչում։ Ես սիրում եմ այս ներկայացումը, մեծ հուզումով եմ բեմադրել»։

Հունվարին նոր ներկայացում ունի, սակայն  վերնագիր դեռ չի ուզում ասել, իսկ նրա հիմնադրած «Մտորումների թատրոնը» փետրվարին պատրաստվում է «Աբու- Լալա Մահարի» պոեմի բեմականացմանը, որին  «քաղաքի արտիստը» սրտի տրոփյունով է սպասում, քանի որ պոեմը բեմում երբեք չի հայտնվել։

«Փորձում ենք բեմում պատկերել, բարդ և երկարատև աշխատանք է, մի քիչ բծախնդրորեն ենք մոտենում ներկայացմանը, որովհետև տարածքը փոքր է, Աստված առաջ», -ասում է  Հովհաննես Հովհաննիսյանը։

Դերասանը  «Մտորումների թատրոն» հաճախող պատանիների մասին ասում է՝ նրանք համարձակ են, ազատ, նրանցից շատ բան կա սովորելու։

Ի դեպ, այս թատրոնում Հովհաննես Հովհաննիսյանից վարպետության դասեր առնող պատանիների ծնողները խոստովանում են՝ այն վայրն է, որտեղ հաճախելով՝ երբևէ իր ձեռքը գիրք չվերցրած երեխան հանկարծ սկսում է անդադար կարդալ, փոխվում է նրա աշխարհայացքը, դառնում է անճանաչելի՝ բոլորովին այլ մարդ։

Հովհաննես Հովհաննիսյանը նշում է․ «Շատ դերեր եմ ցանկացել խաղալ, բայց վաղուց անցել է այդ ժամանակը։ Հիմա արդեն սպասում եմ շեքսպիրյան դերակատարման, կամ՝ Չեխով»:

Դերասանի կենսագրականը շատ հարուստ է, սակայն գյումրեցիները Հովհաննես Հովհաննիսյանին առավել լավ հիշում են հետերկրաշարժյան դաժան տարիներին իրենց կորցրած ժպիտը հետ բերող արտիստի, որին «Շանթ» հեռուստաընկերության երգիծական մանրապատումների միջոցով հաջողվում էր փոխել մռայլ տրամադրությունը, սպասեցնել տալ իրեն։

Հովհաննես Գրիշայի Հովհաննիսյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Լենինականում։

1980 թվականին ավարտել է տեղի Գեղամ Սարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թվականներին սովորել է Լենինականի թիվ 10 Գեղարվեստի ուսումնարանում և ստացել նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն։

1980-1982 թվականներին զուգահեռ սովորել է նաև Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից Գրիգոր Մկրտչյանի ղեկավարած դերասանական ստուդիայում և ստացել դերասանի մասնագիտություն։

1985-1989 թվականներին եղել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1989 թվականից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, այնուհետև՝ ռեժիսոր։

1990-1995 թվականներին սովորել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտում` ստանալով «դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտություն, 2004-2006 թվականներին՝ ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնում։

1991-1995 թվականներին  եղել է «Մենք» սատիրայի թատրոնի դերասան, 1992-1993 թվականներին՝ «Տեսիլք» նորարական թատրոնի դերասան, 1996-2001 թվականներին՝ Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում նկարահանվելով երգիծական մանրապատումներում։

1996-2003 թվականներին՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է արվեստի պատմություն և դերասանի վարպետություն, 2003-2010 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալի ամբիոնում դասավանդել է դերասանի վարպետություն և ռիթմիկա։

1998 թվականից ղեկավարում և դասավանդում է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնում։

Ի դեպ, նրան «Քաղաքի արտիստ» անվանումը կնքել է  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Հովհաննես Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմում նկարահանված  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը նրան բնութագրելիս՝  մեծ ուշադրություն է դարձնում տարբերվող արտաքինին․ «Գյումրի քաղաքի փողոցներով մի հետաքրքիր անձնավորություն է անցնում, շատ հետաքրքիր տեսքով, միշտ դանդաղ քայլով, եթե չեն էլ ճանաչում՝ ուրեմն անպայման մտածում են, որ ավեստագետ է անցնում այդ փողոցով։ Եւ այդ արվեստագետը Հովհաննես Հովհաննիսյանն է»։

Արտիստն իր հերթին Գյումրու մասին խոսելիս՝ ասում է․ «Գյումրու ամեն մի լուսաբացը օրհնված է, փողոցներով քայլելը բախտավորություն, քարերից խնկի հոտ է գալիս և զանգերի ղողանջ, օդում կախված սեր կա, սեր մարդու, բնության և արվեստի հանդեպ։ Գյումրին իմ սկիզբն է և իմ վերջը»։

Թատրոնի մասին խոսելիս էլ՝ արտիստն ասում է․ «Թատրոնը փոքր աշխարհ է մեծ աշխարհի մեջ։ Բայց այդ փոքր աշխարհում ծնվում են մեծ մարդիկ և զրույցի բռնվում մեծ աշխարհի փոքր մարդկանց հետ։ Թատրոնը զրույց է հոգու հետ:

Արվեստագետներն ապրում են անսահմանության զգացումով, 60 տարին տիեզերքում ընդամենը մի ակնթարթ է, ամեն ինչ դեռ առջևում է, հարկավոր է ստեղծագործել և գեղեցկացնել մեր աշխարհը»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031