5 օրվա ընթացքում Մոսկվան պետական բարձր մակարդակով երեք անգամ անդրադարձավ Հայաստանում, Արցախում եւ նրանց շուրջ ստեղծված իրավիճակին: ՌԴ ԱԳ նախարարության՝ հունվարի 26-ին հրապարակած հայտարարությանը եւ հունվարի 30-ին տարածած պարզաբանմանը հետեւեց Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցը:
Ընդ որում՝ վերոնշյալ երեք իրադարձությունների բովանդակություններում էլ ուրվագծված է տրամաբանական ամբողջական շղթա: ՌԴ ԱԳՆ առաջին հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում, որ ԵՄ դիտորդական առաքելություն է գալիս Հայաստան, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն է պատրաստ նման դիտորդական խումբ ուղարկել: Նույն հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում, որ եվրոպական առաքելության ներկայությունը կարող է ապակայունացնող գործոն դառնալ, առավել եւս, որ հարցը չի քննարկվել Ադրբեջանի հետ: Այդ հայտարարությունից 4 օր անց ՌԴ ԱԳՆ-ն ԶԼՄ-ներին տված պարզաբանման մեջ, շարունակելով առաջին հայտարարության տրամաբանական շղթան, արձանագրում է, որ ՌԴ-ն սահմանակից է Անդրկովկասին, այնտեղի ժողովուրդների հետ ունի պատմական մշակութային կապեր եւ շահագրգռված է նրա կայունությամբ, բարգավաճմամբ, հաղորդակցության ուղիների բացմամբ եւ դրա համատեքստում իր առաջնահերթությունն է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
Միանշանակ է՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով է, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին եւ ակնկալվող պատասխանը չստանալով՝ միջազգային դիտորդներ հրավիրել Հայաստան: Եթե ՌԴ-ն Ադրբեջանի նման ոչ գործընկերային քայլին չի կարողանում համարժեք պատասխանել՝ ուսերին ունենալով ուկրաինական ճգնաժամը, ապա Հայաստանը նման խոչընդոտող հանգամանք չունի, պարտադրված ու պարտավոր է իր պետական անվտանգության մարտահրավերների դիմակայման նպատակով օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ դիվերսիֆիկացնելով այդ խնդրի լուծման գործիքակազմը:
Մյուս կողմից էլ Հայաստանը մշտապես հայտարարել եւ հետեւողականորեն կատարում է եռակողմ բոլոր փաստաթղթերով սահմանված պայմանները, դրանք արհամարհում է Ադրբեջանը եւ, չստանալով համապատասխան հակազդող արձագանք, իր ապակառուցողական գործողություններին ավելի մեծ ծավալ ու վտանգավորություն է հաղորդում՝ մեծ ռիսկեր առաջացնելով տարածաշրջանային կայունության համար: Հետեւաբար, միանշանակ չէ, թե իր գործողություններով տարածաշրջանն ապակայունացման է տանում Ադրբեջա՞նը, թե՞ մոնիթորինգի համար Հայաստան ժամանող ԵՄ դիտորդները:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































