Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի հետ «երկխոսությունը» ինչի՞ շուրջ է

Մարտ 07,2023 11:00

Պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցում են, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորություննե՞րը

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորեց եւ կրակ բացեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվեցին ոստիկանության երեք ծառայողներ:

«Խաղաղության» օրակարգն ընթանում է Բաքվի` ուժով հայկական կողմին պայմաններ թելադրելու անշեղ պլանով: Ադրբեջանական ստորաբաժանումների գործողություններից ընդամենը օրեր առաջ իրադարձությունների ուշագրավ շղթա ձեւավորվեց:

Մարտի 3-ին Փաշինյանը Բունդեսթագում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը ուշագրավ խոստովանություն արեց. «Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն»: Ապա նա հավելեց. «…Մենք Պրահայում նաեւ համաձայնության հասանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված կլինի Ալմա Աթայի նույն համաձայնության վրա։ Անակնկալը նրանում էր, որ դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետեւ վերջերս մենք ականատես եղանք, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, եւ այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, եւ Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է, եւ այլն։ Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է»։

Նույն օրը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ավարտին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանն էլ Փաշինյանն անկեղծացավ. «Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել եւս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր եւ լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում։ Բայց մյուս կողմից էլ մենք ունենք նաեւ պատկերացում, թե ինչ է պետք անել անվտանգային այս միջավայրը կառավարելու առումով։ Խաղաղության օրակարգը շատ կարեւոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա հեշտ պատմություն չէ։ Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ ռիսկեր, մենք հասկանում ենք, որ խաղաղություն ասվածը միայն մեզնից չէ կախված, մեր ցանկությունից չէ։ Պետք է մյուսներն էլ ցանկանան, մյուսներն էլ ցանկանում են, բայց մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում եւ դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա։ Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք շատ դժվար եւ վտանգավոր մի ժամանակաշրջանում ենք գտնվում։ Մեզնից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն, որպեսզի առկա մարտահրավերները հաղթահարենք»։ Այնուհետեւ նա խոստովանեց. «Մենք տնտեսական խորը խնդիրներ չունենք եւ չենք ունենում, մենք ներքին անվտանգության եւ ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք եւ չենք ունենում։ Ժողովուրդը, ինչպես ունի, այնպես էլ շարունակելու է ունենալ իր ընտրությամբ եւ քվեարկությամբ որոշումներ կայացնելու իրավունք եւ հնարավորություն։ Մեր խնդիրներն արտաքին են, մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի եւ անվտանգության հետ եւ մենք այս մտահոգություններն են, որ առաջին հերթին միջազգային հարթակներում կիսում ենք»։

Այս ամենն արձանագրելով հանդերձ՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն կարողանում մատչելի, ընկալելի կերպով հասարակությանն ու միջազգային հանրությանը բացատրել` ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը բանակցում մի պետության հետ, որն, ըստ Փաշինյանի` Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի է նախապատրաստվում:

Պաշտոնական Երեւանի, ինչպես նաեւ Ստեփանակերտի դիրքորոշումը պարզ է` գնալ, խոսել ադրբեջանական կողմի հետ: Բայց որեւէ մեկը կբացատրի՞, ինչի՞ շուրջ են նրանք խոսում… Բանակցում են, որպեսզի պաշտոնական Բաքուն կատարի իր իսկ ստորագրությամբ ընդունված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթնե՞րը, որոնք պարտավոր է կատարել: Չի՛ կատարում:

Թե՞ բանակցում են, որպեսզի Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը կատարի, որով պարտավորեցրեցին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դա նույնպես Բաքուն չի կատարում:

Հետեւաբար, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խոսակցությունը ինչի՞ շուրջ է, Երեւանից եւ Ստեփանակերտից որեւէ մեկը այս պարզունակ հարցի պատասխանն, ի վերջո, կարո՞ղ է տալ:

Քանի՞ անգամ է հայկական կողմը ինքն իրեն հիշեցնելու այսօրինակ անտեղի տեքստեր. «Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի, բայց այնտեղ ծնվածների հետ… Ուրեմն այսպե՞ս է Ալիեւը ցանկանում խոսել ԼՂ հայերի հետ…»:

Այո՛, Ալիեւն այդպես է «խոսում», դա նորությո՞ւն է: Քանի՞ անգամ նա պետք է այդպես «խոսի», որպեսզի ամեն ինչ վերջնականապես պարզ լինի մեր իշխանություններին:

Ժամանակը չէ՞, որպեսզի Հայաստանի իշխանությունները հասկանան, որ միակողմանի խաղաղության հաստատման ձգտմամբ խաղաղություն չի հաստատվում: Ավելին, բացառապես մի կողմի մոտ գոյություն ունեցող խաղաղության օրակարգն էլ ավելի ագրեսիվ է դարձնում հակառակորդին ու ավելի խոցելի` տվյալ կողմին:

Դարձյալ մարտի 3-ին Նյու-Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ էլեկտրաէներգիայի խափանման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խստորեն հետեւելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման եւ սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերի: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Լավրովի` Բաքու կատարած այցից օրեր անց, փաստորեն, Ադրբեջանը դիվերսիոն գործողություն իրականացրեց: Մինչ այժմ Արցախում խաղաղ բնակիչների նկատմամբ նման գործողություններ եւս իրականացվել են, պարզապես այդ մասին չի կարելի խոսել, քանի որ բարձրաձայնելու դեպքում առաջ է գալիս ռուս խաղաղապահների վերահսկողության գոտիներում նրանց պատշաճ գործելու-չգործելու հարցն ու առհասարակ, պաշտոնական Մոսկվայի վաղուց ոչ համարժեք արձագանքելու ու գործելու խնդիրը:

Յուրաքանչյուր նման դեպքին անմիջապես հաջորդում էին բացատրական «վերլուծություններ», մամլո ասուլիսներ այս թեմայի շրջանակներում` «ինչու չի կարելի մեղադրել ռուս խաղաղապահներին»: Բացատրությունը մշտապես նույնն է` «թուրքը ուզում է մեզ ու ռուսներին կռվացնել, ուրեմն, չպե՛տք է տրվել ադրբեջանական սադրանքներին»: Հետեւաբար, սրանց օգնությամբ մոռացվում են զոհերը, տուժածները, առավել կարեւոր է դառնում Ռուսաստանի վրա «փեշեր փռելու» անշեղ հրամայականը, ու այսպես այնքան ժամանակ, մինչեւ Լավրովի մյուս այցը Բաքու, մինչեւ Ադրբեջանի հաջորդ ավելի դաժան ու արյունալի հատուկ օպերացիան…  Կարեւորը` Երեւանն ու Ստեփանակերտը չշեղվե՞ն «խաղաղության» օրակարգից, Բաքվի հետ «բովանդակային» եւ «հումանիտար» թեմաներով երկխոսելուց:

Տրամաբանական հարց կծագի` իսկ ի՞նչ անել: Հայաստանի ու Արցախի նկատմամբ Բաքվի սադրիչ, ագրեսիվ պլանի պայմաններում ժամանակավորապես հրաժարվել բոլոր միջնորդների կողմից կազմակերպվող բանակցություններից` թե՛ Մոսկվայի, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի` քանի դեռ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, չի բացվել Լաչինի միջանցքը, եւ պահանջել միջազգային հեղինակավոր կառույցներից անհապաղ պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, մասնավորաբար` ալիեւյան կլանի նկատմամբ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031