Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծքագեղձն այն «շնորհակալ» օրգաններից է, որի հանդեպ երբ ուշադիր ես լինում, քեզ անլուծելի խնդրի առաջ չի կանգնեցնում․ Արթուր Ավետիսյան

Մարտ 21,2023 09:30

«Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք բժիշկ-ուռուցքաբան, ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանի հետ։

Ցավ կրծքագեղձի շրջանում ինչ խնդիրների մասին կարող է հուշել այն։

-Կրծքագեղձը կանացիության, մայրության, սեքսուալության խորհրդանիշներից մեկն է, որը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի․ այն նաև շատ զգայուն օրգան է, և մեծամասամբ այն, ինչ զգում է կինն իր կրծքագեղձում, կարող է բոլորովին այլ խնդիրների արտացոլանքը լինել՝ ներառելով անգամ հոգեբանական վիճակները։

Ինչպես նշվեց, լինելով շատ զգայուն օրգան՝ կրծքագեղձը կարող է հաճախակի ցավալ․ ցավը կարող է լինել ֆիզիոլոգիական՝ ներառելով նախադաշտանային ցավերը, լցվածության զգացումը, կամ կարող է պայմանավորված լինել այսպիսի խնդիրներով՝ հորմոնալ լուրջ շեղումներ, բորբոքված կիստաներ, մաստիտ՝ գեղձի բորբոքում, մաշկային խնդիրներ և այլն։ Մի խոսքով, ցավի առաջացման պատճառները բազմաթիվ են, ընդ որում, նշեմ, որ կրծքագեղձի ցավը մոտավորապես 70-80 տոկոսով պայմանավորված է սխալ ընտրված կրծկալով։

Պատկերավոր ասած՝ դա նման է «փոքր կոշիկ կրելուն», երբ գիտակցաբար փոքր կոշիկ ես հագնում, և ոտքերդ, բնականաբար, սկսում են ցավալ։ Իհարկե, սխալ ընտրված կրծկալը փոքր կոշիկի հետ համեմատելն իրականում այնքան էլ ճիշտ չէ, քանի որ բոլորի ոտքերը սովորաբար նույն չափսի են, իսկ կանանց 80 տոկոսի մոտ կա կրծքագեղձերի չափսերի, ձևի և համաչափության տարբերություն, ինչը, բնականաբար, բարդացնում է ընտրության հարցը։ Այդպիսի տարբերությունների պարագայում մենք խորհուրդ ենք տալիս սպորտային էլաստիկ տոպեր կրել, որոնք հարմար են բոլորի համար։

Նշեմ, որ անգամ կրծկալի տեսակը փոխելուց հետո առնվազն երկու ամիս է պետք, որպեսզի գեղձը վերադառնա իր նախորդ՝ մեկնարկային վիճակին, և արդեն խրոնիկ դարձած ցավն անցնի։

Կարող է արդյո՞ք այդ «փոքր կոշիկը» դառնալ հիվանդության զարգացման պատճառ։

-Այդ թեմայով հետազոտություններ եղել են, բայց դրանք չեն գտել հստակ ապացույցներ, որ սխալ ընտրված կրծկալը կարող է հիվանդության պատճառ դառնալ։

Ինչպես նշեցիք, կրծքագեղձի ցավի պատճառերը կարող են շատ տարբեր լինել՝ երբեմն ամենևին էլ կապ չունենալով բուն կրծքագեղձում կատարվող երևույթների հետ։ Ո՞ր դեպքերում է պետք ավելի ուշադիր լինել ու դիմել բժշկին։

-Ես համարում եմ, որ պետք չէ ինչ-որ բանի սպասել բժշկին դիմելու համար։ Եթե առավոտյան կինն արթնացել է և նկատում է, որ իր կուրծքը նույնը չէ, ինչ նախորդ օրը, այսինքն կրել է գույնի, ձևի փոփոխություններ, ինչ-որ բան է շոշափվում կրծքագեղձում, դա արդեն բժշկին դիմելու առիթ է։ Իսկ եթե նման փոփոխություններ չեն նկատվում, ապա կինը պետք է բժշկին դիմի կանոնավոր կերպով՝ ժամանակ առ ժամանակ՝ անկախ նրանից՝ ունի, թե՞ չունի որևէ գանգատ։ Այս օրինակը հաճախ սխալ է ընկալվում մարդկանց կողմից, որոնք մտահոգվում են, որ ամեն մի օրգանին հետևելով՝ կմնան հիվանդանոցի ճանապարհին, սակայն հավատացնում եմ ձեզ, որ ոչ բոլոր օրգաններն են նման հսկողություն պահանջում։

Ոչ մեկն, օրինակ, չի ասում վեց ամիսը մեկ ենթաստամոքսային գեղձը հետազոտեք կամ նկարեք գլուխը, սակայն դեպքեր կան, որոնք կանոնավոր այցելություն են պահանջում, օրինակ՝ ատամնաբույժին՝ 6 ամիսը մեկ, կամ գինեկոլոգին՝ 6-12 ամիսը մեկ։ Կրծքագեղձի դեպքում ամեն մեկն իր անհատական օրացույցը կարող է ունենալ՝ սկսած 3 ամիսը մեկ այցելությունից մինչև 2-3 տարին մեկ։ Կրծքագեղձն այն «շնորհակալ» օրգաններից մեկն է, որի հանդեպ երբ ուշադիր ես լինում, քեզ անլուծելի խնդրի առաջ չի կանգնեցնում։

Կրծքագեղձի կանոնավոր հետազոտումը նախևառաջ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն է միտված, այդպե՞ս չէ։ 

-Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մեծ արագությամբ է աճում ամբողջ աշխարհում, և հետազոտությունների համաձայն, օրինակ, եվրոպական որոշ երկրներում 2050 թ․-ից սկսած այնպիսի վիճակ է կանխատեսվում, որ երկար ապրելու դեպքում կանանց ուղիղ կեսն իր կյանքում կարող է հիվանդանալ կրծքագեղձի քաղցկեղով։ Բայց միևնույն ժամանակ ճիշտ կազմակերպված կանխարգելման շնորհիվ հնարավոր է դառնում այդ հիվանդությունն այնքան վաղ փուլում հայտնաբերելն ու բուժելը, որ Եվրոպայում և անգամ մեզ մոտ միգուցե այն այլևս այդքան ծայրահեղ չընկալվի՝ դասվելով շարքային հիվանդությունների թվին։

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Հայաստանում ինչ-որ սքրինինգային ծրագրեր իրականացվո՞ւմ են։

-Ունենք պիլոտային, փորձնական ծրագիր, որն ընթանում է Սյունիքում, ավարտել ենք Տավուշի և Լոռու մարզերում, Սյունիքից հետո տեղափոխվելու ենք Շիրակի մարզ։ Խոսքը շարժական թվային մամոգրաֆի մասին է, որը տեղում նկարում է հետազոտվել ցանկացողների կրծքագեղձը, նկարներն առցանց ուղարկվում են Ուռուցքաբանության կենտրոն, մենք վերծանում ենք դրանք, և տվյալները մուտքագրում ենք էլեկտրոնային համակարգ, որի միջոցով տեղամասային բժիշկը հնարավորություն է ունենում տեսնելու մեր խորհուրդներն ու եզրակացություններ անելու։

Նշեցիք, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգն ամբողջ աշխարհում մեծանում է, արդյո՞ք կյանքի որակի բարելավումը հակառակ ազդեցությունը չպիտի ունենար։ 

-Եթե մենք կյանքի որակի բարելավումը չափում ենք նորագույն տեխնոլոգիաներով, գադջեթներով կամ էլեկտրոմոբիլներով, այդ տեսանկյունից այո՛, լավանում է, բայց ոչ մեկը չի կարող ասել, որ սննդի որակն է լավանում կամ օդի աղտոտվածությունն է նվազում, այս ամենին գումարվում են իմունիտետի վրա բացասաբար ազդող քրոնիկ սթրեսն ու մրցավազքը։ Մյուս կողմից բժշկության զարգացման, կենսապայմանների շնորհիվ երկարել է մարդու կյանքի տևողությունը, և որքան երկար է ապրում մարդը, այնքան «հնանում է» նրա օրգանիզմը (չեմ մոռացել ծերանալ բառը՝ բժ Ա Ավետիսյան) և ավելի հեշտ է ենթարկվում հիվանդությունների ազդեցությանը։ Կա անգամ այսպիսի արտահայտություն բժշկության մեջ, որ ոչ բոլոր են ապրում այնքան, որ հանդիպեն իրենց չարորակ ուռուցքին։

Ինչպիսի՞ ազդեցություն ունեն կրծքով կերակրումը, ծննդաբերությունն ու հորմոնալ թերապիան կրծքագեղձի առողջության վրա։ 

-Կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ մինչև երեխայի մեկ տարեկանը կրծքով կերակրումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը, մեկ տարուց ավելի կերակրումը որևէ առավելություն չի տալիս։ Այդ տեսանկյունից մեկ տարին կերակրման ամենաօպտիմալ ժամանակն է։ Ինչ վերաբերում է ծննդաբերությանը, վաղ տարիքում մեկ կամ մի քանի ծննդաբերություն ունեցած կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն ավելի ցածր է, քանի այն կանանց մոտ, որոնք իրենց երեխաներին ունենում են 35-ն անց տարիքում։

Հորմոն փոխարինող թերապիան, երբ կինը փորձում է արհեստականորեն երկարացնել դաշտանային ցիկլը, նախադաշտանային տարիքը, որոշակի ռիսկայնություն առաջացնում է, սակայն այն պետք է բավականին երկար կիրառվի, որպեսզի կինը հայտնվի ռիսկի խմբում։ Նույնն էլ հակաբեղմնավորիչների դեպքում է․ եթե կինը օգտագործում է առնվազն 5 տարի, ապա որոշակիորեն բարձրանում է քաղցկեղի զարգացման վտանգը, սակայն նշեմ, որ հորմոնալ թերապիան դադարեցնելուց հետո տարիներ անց կինը կրկին վերադառնում է սովորական ռիսկի խմբին։

Տղամարդի՞կ էլ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով։ 

-Տղամարդիկ էլ, ցավոք սրտի, ունենում են կրծքագեղձի քաղցկեղ, և նրանց դեպքում ավելի հաճախ է հիվանդությունը պայմանավորված լինում ժառանգական նախատրամադրվածությամբ, բայց և 100-150 անգամ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց մոտ։ Տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի բուժման տակտիկան գրեթե նույնն է, և իրենց դեպքում սքրինինգային հետազոտություններն արդարացված չեն, քանի որ ունենալով գեղձային ավելի փոքր հյուսվածք՝ տղամարդիկ անգամ չնչին փոփոխությունն անմիջապես նկատում են և սովորաբար դիմում են բժշկին՝ հնարավոր դարձնելով հիվանդության վաղ փուլում հայտնաբերումը։

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժումը զիջո՞ւմ է արտասահմանում իրականացվող բուժման մեթոդներին։   

-Այն բուժումը, որը պացիենտը ստանում է Հայաստանում, գործնականում չի զիջում արտասահմանում իրականացվող բուժմանը, և մեկնելով Հայաստանից դուրս՝ պացիենտները նույն ճանապարհն են անցնելու, որը պետք է անցնեին այստեղ։ Եթե կա սուբյեկտիվ թերահավատություն Հայաստանում վաճառվող դեղորայքի որակի հետ կապված, ապա որևէ օրենք չի արգելում պացիենտին օգտագործել արտասահմանից պատվիրված և իր կողմից բերված դեղորայքը։

Ի դեպ, նկատել եմ, որ երբ Հայաստանում պացիենտներին առաջարկվում է բիոպսիա իրականացնել, շատերը դրան թերահավատորեն են մոտենում՝ ելնելով այն թյուր համոզմունքից, որ դա կարող է վատթարացնել քաղցկեղի վիճակը, իսկ երբ մեկնում են այլ երկիր, որտեղ իրենց այլ լեզվով են ասում, որ հարկավոր է բիոպսիա անել, անմիջապես համաձայնվում են։ Միգուցե ստիպված, քանի որ այնտեղ իրենց որևէ մեկն առանց բիոպսիայի անգամ խորհուրդ չի տա։

Այստեղ կարևոր է իմանալ, որ բիոպսիայի նպատակը ոչ միայն ուռուցքի որակը հաստատելն է, ուռուցքը՝ չարորակ է, թե՞ չէ, քանի որ երբեմն դա ակնհայտ է, այլ ուռուցքի ենթատեսակը հասկանալն ու ճիշտ բուժում նշանակելը․․․

Բնականաբար, գիտնականները հետազոտել են այդ խնդիրը, և ամենախոշոր հետազոտություններից մեկը, որին մասնակցել են մոտ 15000 կանայք, փաստել է, որ այն կանայք, որոնք բիոպսիա են անցել, կյանքի տևողության ավելի բարձր ցուցանիշներ են գրանցել։

Կրծքագեղձի քաղցկեղի հաղթահարման հավանականությունը որքա՞ն է․․․

-Հիվանդության բուժման հավանականությունը կախված է հիվանդության հայտնաբերման փուլից, և եթե շատ կոպիտ բաժանում անենք՝ բոլոր փուլերն իրար խառնելով, ապա կարող ենք վստահ ասել, որ կեսից ավելին բուժվում են․ մնացածը կախված է հիվանդության փուլից․ եթե կինը մեզ դիմում է քաղցկեղի չորրորդ փուլում, ապա նրա կյանքը հինգ տարուց ավելի երկարացնելու հավանականությունը 20 տոկոսից ցածր է, առաջին փուլում դիմելու դեպքում մոտավորապես 90 տոկոս հավանականությամբ առաջին 10 տարիներին ուռուցքը բուժումից հետո իր մասին չի հիշեցնի։ Բնականաբար, դա չի նշանակում, որ 10 տարին լրանալուց անմիջապես հետո խնդիրներ կհայտնվեն․ դրանք հաշվարկային վերացական թվեր են, որոնք մեզ թույլ են տալիս որոշակի կանխատեսումներ անել։

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Արթուր Ավետիսյանի լուսանկարները՝ իր ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031