Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր տեղափոխել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը․ կան խելամիտ առաջարկներ

Ապրիլ 10,2023 21:01

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը լքված գործարաններից մեկի շենքից Գյումրու դրամատիկական թատրոն էր տեղափոխվել 7 տարի առաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գրասենյակի ֆինանսավորմամբ՝ այլևս չի կարող մնալ թատրոնում․ մշակութային այս մեծ արժեքի համար համապատասխան վայր են որոնում։

Բանն այն է, որ թատրոնի ճեմասրահն ապահով տեղ չէ որմնանկարի համար, համապատասխան ջեռուցում չլինելու պատճառով այն վնասվել է։ Բացի այդ, որմնանկարն իր հերթին փակել է թատրոնի լուսավորությունը, և այժմ, երբ կառավարությունը հաստատել է թատրոնի շենքի դիմապակիները փոխելու ծրագիրը, հրատապ է դարձել «Սարերում» որմնանկարը թատրոնի շենքից հանելը։

Այն թատրոնի ճեմասրահ էր բերվել պատուհաններից, և եթե սկսեն փոխել պատուհանները, անհնար կդառնա այդ պայմաններում որմնանկարը ուրիշ վայր տեղափոխելը;

Այս պահին մարզային ու քաղաքային իշխանությունները դիտարկում են այն Գյումրու մարզամշակութային կենտրոն կամ որ նույնն է՝ Տեքստիլագործների ակումբ տեղափոխելու հարցը։

«Քանդակագործության ազգային պարկ- թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանն Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ այն հարմար վայր չէ որմնանկարի համար և միակ հարմար տարբերակը Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելն է։

Ըստ նրա, մարզամշակութային կենտրոնի ճեմասրահի լայնքը 5 մետր է, մեծ հարց ՝ որմնանկարը կտեղավորվի՞ այնտեղ, բացի այդ՝ առաջին հարկից անհնար է բարձրացնել երկրորդ հարկ։ Իսկ կայարանի հիմնական մուտքի դիտման կետերը, ըստ մեր զրուցակցի, հնարավորություն են տալիս հանրահռչակելու որմնանկարը, մատաղ սերնդին կրթելու, զբոսաշրջիկներին ցուցադրելու։ Ըստ քանդակագործի, հարցն ունի տեխնիկական կողմ, կա դիտման կետերի ապահովման խնդիր, որմնանկարը տեղափոխելիս՝ երկրորդ անգամ այն ռեստավրացիայի կարիք կունենա։

«Երբ Գյումրիից դիմում էր գնացել որմնանկարի տեղափոխման համար, վարչապետին հասնելուց հետո դիմումը հետ էին ուղարկել քաղաքապետարան, որը պիտի ներկայացներ մասնագիտական առաջարկ՝ տեղի հետ կապված։

Մասնագիտական առաջարկ ներկայացնելու կատարողականը հանձնարարվել էր ինձ, ես Գյումրիում մի քանի մեծ շենքեր պտտվեցի՝ հասկանալու, թե որտեղ 4/30 չափի պատուհան կամ դուռ կա, որպեսզի այդ աշխատանքը կարողանանք տեղափոխել։ Այնպիսի պայմաններ են պետք, որ որմնանկարը նորից չառանձնացնենք, եթե կտորների վերածենք, դա կնշանակի մեկ անգամ ևս վնասել աշխատանքը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը 88 հազար դոլար փող է տվել, որ որմնանկարը վերականգնվի ու ժամանակավոր դրվի թատրոնի շենքում։

Մի քանի տարբերակներ կային, առաջինը ՝ 4-րդ երաժշտական դպրոցի ետնապատն էր, բայց այդ հարցը դուրս եկավ։ Երկրորդ տարբերակը որևիցե մի նմանատիպ տեղ՝ ետնապատ, որպեսզի մարդիկ գային, տեսնեին որմնանկարը տարբեր միջոցառումների ժամանակ։

Թերևս միակ խելամիտ ու ամենալավ տարբերակը Գյումրու երկաթգծի կայարանի ճեմասրահն է։

Ճեմասրահի դռան վերևի հատվածում մետալ կոնստրուկցիայով ամրացնելն է։ Որմնանկարը եթե ունի 4 մետր բարձրություն, 12 մետր երկարություն, առնվազն 10-15 մետր հեռվից պիտի կարողանան ամբողջությամբ նայել, դա մասնագիտական չափանիշ է։

Չես կարող որմնանկարը դնել 5 մետրանոց ճեմասրահում, ուղղակի պատ է, կդնես, կամրացնես վրան։
Երկրորդը ՝ տեղափոխման և որևէ շենքի մեջ շինարարական փոփոխություններ անելու ծախսերը պիտի ամեն դեպքում նպատակային ու խելամիտ լինեն։

Կոնկրետ մարզամշակութային պալատի առաջին հարկի պատուհանները և դռները թույլ չեն տա տեղափոխման, երկրորդ հարկինն էլ անկյունագծով պիտի թույլ տան, որ ներս մտնի, որին խիստ կասկածում եմ, այնուամենայնիվ լրացուցիչ բարձրություն պիտի ունենաս։ Այնտեղ պիտի տեխնիկական կողմ ապահովես, վերամբարձ կռունկ կամ մարդկային ներուժ։ Վերջն այդ աշխատանքը չես կարող ուղղակի դնել, տեղափոխել։

Քննարկվում էին նաև այլ տարբերակներ՝ բացօթյայի հետ կապված, ի պահ տալու, բայց չցուցադրելու տարբերակներ, բայց ելնելով այն հանգամանքից, որ նախորդ տեղադրումը Գյումրու դրամատիկականում ոչ միայն ցրտի, այլ տեղադրման հետ կապված․ բավարար ամրացվածություն չի ունեցել, պաշտպանվածություն չի ունեցել, այսինքն՝ կոնստրուկցիան, որով ինքը թատրոնում է տեղադրված եղել, բավարար չի եղել, ահագին վնասվել է աշխատանքը, հիմա տանե, ի պահ դնել, նշանակում է վերջնական երկար ժամանակ հրաժարվել այդ աշխատանքն ինչ-որ տեղ տեղադրելուց։

Բնականաբար, այն Հայաստանի Հանրապետության գույքն է, և եթե ինքը գտնվում կամ չի պահվում համապատասխան վայրում , միանգամից քննարկվում է՝ գուցե տանե՞նք Երևան։ Մենք նման պրակտիկա ունեցել ենք,երբ Միանաս Ավետիսյանի որմնանկարները հայտնվել են Երևանում։

Ես դեմ եղել դրան»։

Արթուր Գևորգյանն ասաց, որ Երկաթգծի կայարանի՝ դեպի քաղաք մուտք ունեցող հատվածում տեղադրելու հետ կապված հարցումներ է արել երկաթգծի տնօրինությանը։

«Երկաթգծի տնօրինությունն ասում է հետևյալը՝ հարգելիներս, սա Հայաստանի Հանրապետության գույքն է, ՀՀ գույքի հետ կապված ցանկացած որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետությունը, այսինք՝ մենք առաջարկություն ունենալ կամ ցանկություն հայտնել մեզ մոտ բերելու, չենք կարող՝ առանց ՀՀ կառավարության որոշման։ Խոսվեց, քննարկվեց իրենց պատասխանատուների հետ այն հարցը, թե որ բերենք վաղը մյուս օր պահպանման խնդիրներ առաջ կգան։ Ես իրենց ասացի, որ հուշարձանների հետ կապված օրենքներով և կարգավորումերով, Հայաստանի Հանրապետության պետական հուշարձան, մշակութային ժառանգություն համարվող նմուշների վերականգման խնդիրը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այսինքն՝ գույք տնօրինողն ընդամենը պատվիրակված պարտականություն ունի ՝չվնասելու»,-ասում է Արթուր Գևորգյանը։

Որմնանկարի տեղափոխման խնդրին անդրադարձել է նաև «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը առաջարկում է այն տեղադրել իր մոտ։

«Գյումրին մշակութային արժեքներով հարուստ քաղաք է, կամ քաղաք էր․․․

Հայ մեծանուն նկարիչների կողմից ստեղծած որմնանկարներով էլ Լենինական-Գյումրուն համեմատվող մեկ այլ քաղաք դժվար է գտնել․․․

Ցավոք մենք՝ գյումրեցիներս, չկարողացանք գնահատել և պահպանել բոլոր, մեզ ժառանգություն հասած մշակութային արժեքները, այդ թվում որմնանկարները։

Հիշում եք 12 տարի առաջ Մինասի երկու հայտնի որմնանկարներ կառավարության անդամների ջանքերով, կարելի ասել՝ պարզապես գողացվեցին և տարվան քաղաքից։ Հետագայում «Թել են մանում» որմնանկարը (13,50х4մ) տեղադրվեց Զվարթնոցի ուղևորային տերմինալի տարածքում, իսկ «Երկանքը» (5,7х3մ)` նախագահական տերմինալում։

Հիմա կարծես մութ ամպեր են կուտակվել Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարի գլխին, որը 2016 թվականն վերականգնվել և մինչև օրս տեղադրված է թատրոնի ճեմասրահում։

Երկար ժամանակ է Գյումրու թատրոնի ղեկավարությունը ահազանգում է, թե որմնանկարը խանգարում է, խնդրում են այն տանել մեկ այլ վայր, սակայն կարծես թե ամբողջ քաղաքը լիքն է ազգային արժեքներով և այս որմնանկար համար մեկ այլ վայր չեն կարողանում գտնել․․․

Նաև ավելացնեմ, որ այդ հոյակապ աշխատանքը ՀՀ կառավարության որոշմամբ և փոխադարձ կնքված պայմանագրի համաձայն է 2016 թ.-ին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին։ Ինչևիցե․․․

Ես չեմ ուզում կասկած հայտնել, թե այս որմնանկարի շուրջ դիտավորյալ են կրքեր հասունացվում, որպեսզի առիթ ստեղծեն և պատճառաբանելով, թե Գյումրիում պատշաճ վայր չկա, Մինասի նախորդ երկու որմնանկարների նման քաղաքից պարզապես տանեն․․․

Հ․Գ․ Հիմա ստիպված եմ կրկնել օրեր առաջ արածս հայտարարությունը․․․

«Մշակութային քաղաքը՝ Գյումրին, Շիրակի մարզը իր պատմական և մշակութային անցյալի ու արժեքների ձեռքը, փաստորեն կրակն է ընկել․․․ Հակոբ Հակոբյանի հոյակապ որմնանկարներից մեկի՝ «Սարերում» -ի համար տեղ չեն գտնում։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, տրամադրեք ինձ, բնականաբար, ոչ սեփականության իրավունքով, ես բոլոր ծախսերը կգտնեմ տեղափոխման, լավագույն պայմաններում կտեղավորեմ այն և հատուկ այդ որմնանկարի համար կհատկացնեմ լուսավոր, չոր և նորակառույց հսկա տարածք, որը դռները բոլորի համար բաց կլինի օրը 24 ժամ․․․ », -գրել է Վահան Թումասյանը։

Նշենք, որ որմնանկարը թատրոնի շենքից այլ վայր տեղափոխելու մասին կա վարչապետի հանձնարարականը; Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Շիրակի նախնին մարզպետ, ներկայումս վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930