Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտի, գազի ու աթարի փոխարեն՝ քարածուխ․ Շիրակի մարզում այլընտրանքային ծրագիր է փորձարկվում

Նոյեմբեր 10,2023 21:00

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն ամեն տարի ձմռան ամիսներին թեթևացնում է պետության հոգսը՝ սոցիալապես խիստ կարիքավորներին վառելափայտ բաժանելով, այս տարի սկսելու է իրագործել քարածուխի տրամադրման պիլոտային ծրագիրը։ Այն, ըստ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի, կլինի այլընտրանքային վառելիք Շիրակի մարզի բնակիչների, հատկապես հեռավոր գյուղական վայրերում՝ Ամասիայում, Աշոցքում ապրողների համար, որտեղ ձմեռը խստաշունչ է ու երկարատև։

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Թումասյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ Շիրակի մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է, ինչը նշանակում է, որ գյուղական համայնքներում բնակվողները չեն կարող ավանդական եղանակով աթար վառել, կան գյուղեր, որոնք գազաֆիկացված չեն, վառելափայտն էլ թանկ հաճույք է։

Ըստ մեր զրուցակցի, իրենք փորձարկում են այլընտրանքային միջոցը՝ քարածուխը, որը համեմատաբար էժան է նստում, հիմա արդեն կա հնարավորություն այն Ռուսաստանի Դաշնությունից ներկրելու։ Մեկ տոննան՝ 130-140 հազար դրամ է Շիրակի մարզի շուկայում։

«Քարածուխի ծրագիրը փորձնական է, մենք ուզում ենք այն տեղայնացնել, միաժամանակ դարձնել արդիական։ Քարածուխ  ոչ մեծ ծավալներով ներկայումս ներկրում են Ռուսաստանից, ուղղակի խնդիրն այն է, որ քարածուխ վառելու համար անհրաժեշտ են հաստ մետաղից և չուգունե վառարաններ, իսկ նման վառարաններ Հայաստանում գրեթե 30 տարի է գոյություն չունեն։ Երկրաշարժից հետո ենք օգտագործել նման վառարաններ, հետո համատարած որպես մետաղ վաճառել են, հիմա ճարելը շատ դժվար է, բայց և անհնար չէ։ Վառարանները ևս կարելի է ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, բնականաբար ամենաէժանն այնտեղ է։

Մի քանի ընտանիքների համար հին չուգունե վառարաններ ճարել ենք, գնել ենք անհատ վաճառողներից, բայց դրանց՝ հին վառարանների թիվը շատ սահմանափակ է, ցանկալի է, որ պետությունը խրախուսի, որպեսզի ներկրողները զբաղվեն այդ խնդրով, և բնակչությունը կարողանա մատչելի գներով նման վառարաններ ձեռք բերել։

Մենք այս տարի վառելիքով ապահովելու ենք նաև Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակություն հաստատած արցախցիներին, նրանք մեր կլիմայական պայմաններին դեռ սովոր չեն։ Ճիշտ է՝ նոյեմբեր ամիսն է, բայց շիրակյան ցրտերը դեռ չեն սկսվել, երբ սկսվեն, ինչպե՞ս է լուծվելու այս ընտանիքների հարցը։

Եթե գազով ջեռուցեն տները, սա խնդիր է․ մի ամիս կկարողանան վճարել, հաջորդ ամսվանից ի՞նչ անեն։ Կան գյուղեր, որոնք գազաֆիկացված չեն։ Նախորդ տարիներին նաև տնակներն էինք ձեռք բերում և քանդում, փայտանյութն էլ որպես վառելափայտ կուտակում ու ձմռան ամիսներին կարիքավորներին էինք բաժանում, հիմա կուտակած չունենք։

Աթարը, ինչպես ասացի, պակասել է, անտառների քանակը՝ ևս, ուրեմն ուզենք, չուզենք պակասը լրացնելու լավագույն տարբերակը քարածուխով լրացնելն է, միայն թե այս հարցում պետական օժանդակություն է պետք», -ասաց Վահան Թումասյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով «Ձմռան վառելափայտ սոցիալապես անապահով և Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին» 2023-2024 թթ․, Գյումրու և գյուղական համայնքների հարյուրավոր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների կացարաններում, Հայաստանի հյուսիսին առանձնահատուկ ցուրտ ձմռան ամիսներին, փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» տարիներ շարունակ իրականացնում է վառելափայտի բաժանման բարեգործական ձեռնարկ: Այն մի իսկական փրկօղակ է դարձել կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ համար։ Այս ձմռանը ձմռան վառելիքի աջակցության սպասող ընտանիքների շրջանակը ավելացել է, Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցներ ևս ունեն վառելիքի կարիք։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են և միանում են կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու մեր ամենամյա բարեգործական այս ձեռնարկին»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930