Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանություններն ամեն ինչ բարդում են ռուս-ադրբեջանական կողմերի վրա, կարծես իրենք որպես կողմ ներկայացված չէին նոյեմբերի 9-ին»․ Մետաքսե Հակոբյան

Մայիս 01,2023 17:38

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Տիկին Հակոբյան, Արցախի երիտասարդները ձեւավորել են «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը՝ անցկացնելով ստորագրահավաք։ Նրանք նաեւ Արցախի բնակչության անունից պահանջագիր են հրապարակել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին եւ ՀՀ վարչապետին: Ի՞նչ արդյունք կարող է տալ այս նախաձեռնությունը, ի՞նչ ակնկալիքներ կան։

-Սա շատ կարեւոր է այն առումով, որ նախ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ունենալ մեկ դիրքորոշում։ Եվ այդ դիրքորոշումն ուղղակի տեսական դիրքորոշում չէ, այլ քայլերի հերթականություն է, եւ Արցախի հանրությունը կգնա այդ քայլերը կատարելու ճանապարհով։ Այդ առումով սա շատ կարեւոր նախաձեռնություն է։ Ես չեմ կարծում, որ սա կարճաժամկետ ինչ-որ գործընթաց է, որից մենք պետք է անմիջապես տեսանելի արդյունք ակնկալենք։ Սա պրոցես է, որի սկիզբն այս ստորագրահավաքով Արցախի ժողովուրդը հայտարարում է։ Սա այն ամենի մեկնարկն է, ինչի պատրաստ է գնալ Արցախի ժողովուրդը։ Այսինքն՝ մենք մեզ համար գրված ու չգրված օրենքներ ենք մշակում, որոնցով այսուհետ շարժվելու ենք։ Եվ կարծում եմ՝ դա հենց կլինի համախմբումը, կազմակերպված ապրելն ու պայքարը։ Այսուհետ, եթե անհատին փողոցում հարցնեն՝ դու ինչպե՞ս ես պատկերացնում պայքարը, ինքն արդեն հստակ պատասխան կունենա։

Արցախի ժողովուրդը պատրա՞ստ է պայքարի։

-Այս նախաձեռնության շրջանակներում օնլայն հարթակում, նաեւ թղթի վրա ստորագրահավաք է անցկացվում։ Ամփոփելով արդյունքը՝ իրավիճակն արդեն ավելի ակնհայտ կդառնա։ Բայց առօրյայում մարդկանց հետ շփվելիս ես չեմ հանդիպում նրանց, ովքեր պատրաստ են հետ կանգնել հայրենիքից կամ զիջել որեւէ բան, որովհետեւ արդեն կարծես զիջելու ոչինչ չի էլ մնացել։ Մնացել է մեր ու մեր երեխաների կյանքերը զիջենք, մենք դրան պատրաստ չենք։ Հետեւաբար, այս պայքարը կյանքի ու մահվան պայքար է, եւ այս հարցի շուրջ Արցախի ժողովուրդը պետք է որ համախմբվի։ Կարծում եմ, որ մոտ օրերս մենք ավելի շոշափելի կտեսնենք դա։ Այս գործընթացն այնքանով է լավ, որ այլեւս որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել, որ սա ինչ-որ մի խմբի ցանկություն կամ խոսք է։ Սա ընդհանուր է, սա Արցախի ժողովրդի դիրքորոշումն է։

-Ապրիլի 28-ին ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» հայտարարեցին, որ Լաչինի միջանցքում դադարեցնում են իրենց ակցիան։ Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին Բաքուն փակել էր Հակարիի կամուրջը՝ անցակետ տեղակայելով Հայաստանն Արցախին կապող մայրուղում։ Արդյոք սա փաստո՞ւմ է, որ «էկոակտիվիստ» կոչվածներն իրականում ուղղորդված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։

-Ըստ էության այդ չակերտավոր «էկոակտիվիստները» հագան իրենց իրական համազգեստները։ Առաջին օրը, երբ նրանք փակել էին միջանցքը, րոպեների ընթացքում բացահայտումներ եղան, թե իրականում ովքեր էին նրանք։ Նրանց թվում կային հատուկ ջոկատայիններ, զինծառայողներ, նախկին սպաներ։ Այնպես որ, հենց առաջին օրվանից էր պարզ, որ դա քաղաքական իշխանության պրոցեսն է, որն իրենք իրականացնում են։ Այսինքն՝ այնպես չէր, որ դա հասարակական կամ հանրային նախաձեռնություն էր։ Եվ շատ տրամաբանական էր իրենց փոխարինումը, արդեն տրամաբանությունից դուրս էր շարունակել «էկոակցիա» խաղը, որովհետեւ շատ հստակ պահանջները դրվել էին։ Եվ այն պահանջները, որոնք դեկտեմբեր ամսին առաջ էին քաշել, ըստ էության դրանք բոլորը կատարված էին։ Այստեղ արդեն մնում էր շարունակությունը, եւ պահանջն ուղղված էր Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ մենք Հայաստանի իշխանությունների պատճառով հայտնված ենք շատ ծանր իրավիճակում։ Պատահական չէ, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, որ, այո, պետք է 120 000 մարդ կոտորվի, որպեսզի 3 մլն-ը փրկվեն։ Բայց հիմա արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի վերջնանպատակն այլ է։ Հայաստանի իշխանությունները դա անվանում են «կոմունիկացիաների բացում», իսկ ադրբեջանական կողմը հստակեցնում է դա, ասելով՝ «Զանգեզուրի միջանցք»։

Արցախին այսպիսի ծանր վիճակի մեջ գցելն ունի մեկ նպատակ՝ Թուրքիայում ընտրություններին ընդառաջ նվեր մատուցել Էրդողանին՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։ Պատահական չէր, որ ՔՊ-ականները հայտարարում էին, որ զիջումների գնալու դեպքում ողջ մեղքը կբարդեն Արցախում բնակվող հայերի վրա՝ ասելով, որ իրենք ստիպված պետք է փրկեին այդքան հայի, այդ պատճառով գնացին Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները կատարելու ճանապարհով։ Այնպես որ, խաղը շատ ավելի լրջացել է, եւ այդ խաղն արդեն Արցախում չէ։ Մենք ենք տառապանքի մեջ գտնվողները, այդ խաղի շահառուները մենք ենք, բայց իրականում պահանջներն ու ակնկալիքներն Արցախից չեն։ Ադրբեջանն առավել քան վստահ է, որ ինքն Արցախի հարցը հօգուտ իրեն լուծել է, պահանջը Հայաստանից է։ Եվ ինչպես Ադրբեջանի իշխանությունների համար է Արցախը մանրադրամ, այնպես էլ Հայաստանի իշխանությունների համար է։ Իրենք այդ մանրադրամը խաղացնելով՝ փորձում են իրենց շահերը սպասարկել։

-Արցախի պետնախարարը պարզաբանում էր ներկայացրել ադրբեջանցիների տարածած տեսանյութի կապակցությամբ՝ նշելով, որ «․․․Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող եւ Լիսագոր գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որեւէ հսկողական միջամտություն չի լինելու։ Բայց վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների․․․»: Արդյոք հնարավոր չէր կանխատեսել ադրբեջանական կողմի գործողությունները։

-Դա բեմականացում էր այն առումով, որ իրենք փորձում են տպավորություն ստեղծել, թե ճանապարհը բաց է, ով կուզի՝ կանցնի։ Մենք գիտենք, որ Շուշիի շրջանի 4 համայնքների բնակիչներն էին անցնում այդտեղով, որոնք երկկողմանի շրջափակման մեջ են։ Իրենք այսօր սննդի հայթայթման լուրջ խնդիր ունեն, տոտալ շրջափակման մեջ են։ Մյուս կողմից, ես ցավով եմ արձանագրում, որ մեր հայրենակիցներն իրենց անձնագրերը մեկնում էին, որպեսզի թշնամի զինվորականներն իրենց կեղտոտ ու արյունոտ ձեռքը վերցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը։ Կար դրա ելքը, ուղղակի չտալ անձնագիրը։ Նման միջադեպ եղել է նաեւ Գորիս-Կապան ճանապարհին իմ կուսակից ընկերների հետ․ երբ անցագրային կետում ադրբեջանցիները նրանցից պահանջել են անձնագրեր, իմ գործընկերները չէին տվել։ Նրանք զենքերը բարձրացրել էին, բայց այդ պահին հասել էին ռուս խաղաղապահները, եւ արյունալի միջադեպ չէր եղել։

Այս դեպքում ռուս խաղաղապահների երաշխավորությամբ էր տեղի ունեցել արցախցիների տեղաշարժը, բայց ադրբեջանցիները նրանց ստուգման ենթարկեցին։ Ինչպե՞ս եք գնահատում ռուսական կողմի գործողությունները, ինչո՞ւ են թույլ տվել, որ ադրբեջանցիները անձնագրային ու բեռների ստուգում իրականացնեն։

-Ադրբեջանի գործողությունները, որոնք ներկայացնում են նաեւ Արեւմուտքի հավաքական ցանկությունները եւ պահանջները, միտված են նսեմացնելու, ստորացնելու ռուս խաղաղապահների արած գործը։ Դա մասամբ իրենց հաջողվում է։ Իրականում այս խնդիրը երբեւիցե չի կարգավորվելու ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որովհետեւ ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար, խաղաղապահ գործառույթներ են իրականացնում։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ իրենք զենք օգտագործելու, զենքով կարգ ու կանեն հաստատելու հնարավորություն չունեն։ Շատ լավ գիտենք նաեւ մեր թշնամուն, որը չի հասկանում խոսքը։ Եվ անհնար է, որ հումանիտար ճանապարհով այս խնդիրը լուծվի, քանի որ սա խորը քաղաքական խնդիր է, որն արդեն ճգնաժամի մեջ է։ Ըստ էության Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 3-ից չեղարկել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ և, ըստ էության, չեղարկել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ադրբեջանը նաեւ հաջողությունների է հասել, որովհետեւ Հայաստանի իշխանությունները հակառակ քայլեր չեն արել։ Մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ադրբեջանական ագրեսիայի դեմ Արցախի ժողովուրդն ու Արցախի իշխանությունները մնացել են միայնակ։ Նաեւ տեսնում ենք Հայաստանի իշխանությունների սինխրոն գործողությունները Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այսինքն՝ այսօր նաեւ Հայաստանը Ադրբեջանի հետ համատեղ իշխանազրկում է Արցախը։ Այն մտավախությունները, որոնք մենք արտահայտում էինք, այսօր դրա կոնկրետ հետեւանքները տեսնում ենք։ Եվ այս գործընթացում ռուս խաղաղապահներից ակնկալել ավելին, քան իրենք կարողանում են իրականացնել, դա միամտություն է կամ հատուկ է արվում, որպեսզի մոլորեցնեն հանրությանը։ ՀՀ իշխանություններն ամեն ինչ բարդում են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների վրա, կարծես իրենք որպես կողմ ներկայացված չեն եղել նոյեմբերի 9-ին։ Սրանք այն կեղտոտ խաղերն են, որոնք այսօր ՀՀ իշխանությունները խաղում են Ադրբեջանի հետ համատեղ՝ նաեւ գլխատելով Արցախը։

Հավատացեք, լինելով Արցախի ամենակոշտ ընդդիմությունը, այս իրավիճակում մենք պատրաստ ենք սատարել Արցախի իշխանություններին, որպեսզի չկատարվի ՀՀ իշխանությունների բաղձալի երազանքը։ Արցախի իշխանություններն ի վերջո պետք է կարողանան դիմել Արցախի Հանրապետության ժողովրդին, որ Հայաստանի իշխանությունները գնում են նմանատիպ քայլերի, եւ այսուհետ Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը հայտնում են եւ Հայաստանի իշխանություններին արգելում Արցախին վերաբերող որեւէ գործընթացում դերակատարում ունենալ։

-Կան տեսակետներ, որ Բաքուն այսպիսով օրինականացնում է անցակետի գործունեությունը, եւ Արցախի իշխանությունները չպետք է թույլ տային, որ արցախցիներն օգտվեին այդ անցակետից ու լեգիտիմացնեին այն։ Ինչ կասե՞ք այս մասին։

-Այո, Արցախի իշխանություններն այստեղ դերակատարություն ունեն։ Եվ ես ակնկալում եմ, որ Արցախի նախագահը կոչով կդիմի հանրությանը եւ կառաջարկի չօգտվել այդ անցակետից։ Արցախի իշխանությունն ի լուր աշխարհի պետք է հայտարարի, որ Արցախը տոտալ շրջափակման մեջ է զինված զինվորականների կողմից, եւ մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ։ Եվ ճանապարհն ամենեւին անվտանգ չէ, այլեւս միջանցքի տրամաբանություն չունի, ընդամենը ճանապարհ է, որտեղ երկու հատվածում կանգնած են ադրբեջանցի զինված զինվորականները։ Հետեւաբար ժողովրդին պետք է կոչ անել, որ ոչ մի դեպքում չօգտվեն այդ ճանապարհից։ Հուսով եմ, որ չի կրկնվի այս դեպքը, արցախցիների մոտ այլեւս ցանկություն չի լինի այդ անցակետից օգտվել։ Իսկ թե ինչպես է Արցախի բնակչությունը վերաբերում այս հարցին, ես կասեմ, որ չեմ հանդիպել մի մարդու, ով պատրաստ է անցնել նման ճանապարհով։ Տարբեր են պատճառները, մի մասը, ճանաչելով թշնամուն, ուղղակի սարսափում է, մյուս մասն ուղղակի չի ընդունում ու չի պատկերացնում, որ պետք է անցնի թուրքի յաթաղանի տակով։ Այսինքն՝ մենք գիտակցում ենք, որ արդեն ավելի քան 100 տարի անցել է Ցեղասպանությունից, բայց այսօր էլ թուրքի նպատակը նույնն է։ Նախ` դրոշի տակով անցկացնելը, իսկ հաջորդ պահին արդեն յաթաղան իջնելու է հայի պարանոցին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031