Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները Արցախի հարցից հրաժարվելով՝ խախտել են սահմանադրական կարգը և պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ. ՍԻՄ

Հուլիս 05,2023 14:57

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության XXVI-րդ համագումարը: Համագումարի 45 պատվիրակներից ներկա էին 41-ը` ՀՀ բոլոր մարզերից:

Օրակարգը հաստատելուց հետո հաշվետու-ծրագրային զեկույցով հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրեց կուսակցության աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում, ինչպես նաեւ անդրադարձավ կուսակցության անելիքներին ու ծրագրային դրույթներին: Այնուհետեւ ծավալվեցին քննարկումներ:

Համագումարում միաձայն ընդունվեց XXVI-րդ համագումարի ԲԱՆԱՁԵՎԸ, որը հանդիսանում է ՍԻՄ կուսակցության ծրագրային փաստաթուղթը: Ընդունվեցին նաեւ կանոնադրական փոփոխություններ:

Համագումարը կատարեց ՍԻՄ ղեկավար մարմինների ընտրությունը: ՍԻՄ նախագահ եւ փոխնախագահ ընտրվեցին Հայկ Բաբուխանյանը եւ Արտակ Գրիգորյանը:

ՍԻՄ նախագահության անդամներ ընտրվեցին Գեղամ Գրիգորյանը, Հովհաննես Գալաջյանը, Քերոբ Սարգսյանը, Թադեւոս Աբգարյանը, Վարդան Աստվածատրյանը, Զարուհի Բաբուխանյանը եւ Ասքանազ Մինասյանը:

Ընտրվեց նաեւ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը:

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ XXVI ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ (01.07.2023Թ.) ԲԱՆԱՁԵՎԸ

ՍԻՄ կուսակցությունը շարունակում է պնդել, որ Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտությունը եւ Սյունիքի սահմաններում նահանջը պայմանավորված են բացառապես Հայաստանի իշխանությունը զավթած սորոսական խմբակի պարտվողական ու հակահայկական գործողություններով: Այն, ինչի մասին մենք զգուշացրել ենք դեռեւս 2018թ. ապրիլ-մայիսյան հեղաշրջման օրերին եւ դրանից հետո յուրաքանչյուր օր: Հետեւապես, հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած եւ Հայաստանը արտաքին կառավարման տակ մտցրած խունտայի հեռացումը իշխանությունից մեր պետականության մնացորդների պահպանման եւ մեր երկրի ու ժողովրդի ապագա ունենալու գրավականն է:

Պետք է արձանագրել, որ բազմաթիվ կուսակցություններ, հասարակական գործիչներ, մշակույթի եւ կրթության ոլորտների ներկայացուցիչներ, որոնք ժամանակին ամենաակտիվ կերպով աջակցեցին Նիկոլի «նարնջագույն» հեղաշրջմանը, ավելին` մտան Նիկոլի հակազգային կառավարության մեջ, այսօր այդպես էլ չբացատրեցին իրենց վարքագիծը եւ ներողություն չխնդրեցին իրենց ճակատագրական հետեւանքներ ունեցած գործողությունների համար, սակայն շարունակում են իրենց գործառույթները Հայաստանի հանրային քաղաքական դաշտում, արդեն որպես ընդդիմադիր:

Ցավոք, ինչպես խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «գլխավոր» ընդդիմություն դարձած «Հայաստան» դաշինքը, այնպես էլ բազմաթիվ այլ ընդդիմադիր ուժեր չցուցաբերեցին համախմբվածություն եւ գնացին իրենց ամբիցիաների հետեւից, ինչը բերեց նիկոլական խունտայի կողմից իշխանությունը պահպանելուն թե՛ ԱԺ, թե՛ ՏԻՄ ընտրություններում: Վերոհիշյալ ուժերի կողմից տարօրինակ պասիվությունը, անբացատրելի անվճռականությունը, համագործակցության մերժումը հնարավորություն են տալիս նիկոլական վարչակազմին շարունակել իրենց հակահայկական գործունեությունը:

Ափսոսանքով փաստում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում, բացառությամբ ՍԻՄ կուսակցության եւ իր դաշնակից կուսակցություններից առաջ քաշած երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրերից, չկան երկրի եւ հայ ժողովրդի ապագային միտված, հայոց պետականությունը պահպանելու, Արցախի փրկության ճանապարհները նախանշելու լուրջ ծրագրեր կամ քննարկումներ: Ներքաղաքական պայքարը հիմնականում նմանվում է պաշտոնակռվի՝ առանց որեւէ ծրագիր ներկայացնելու: «Նիկոլին հեռացնենք, հետո կերեւա» բանաձեւը ոչ պակաս վտանգավոր է, քան ներկայումս ստեղծված իրավիճակը:

Մենք խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչակազմի կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ընդդիմադիր ղեկավարների, լրագրողների, փաստաբանների հանդեպ ծավալած քաղաքական հետապնդումները: Առավել զազրելի են վարչախմբի կողմից սեփական իշխանությունը ամրապնդելու համար իրականացվող օրենսդրական փոփոխությունները, որոնք կոպտորեն ոտնահարում են ժողովրդավարական սկզբունքները ու ազատությունը երկրում:

Մենք խստորեն դատապարտում ենք վարչակազմի կողմից բանակի դեմ իրականացվող հետեւողական քաղաքականությունը, որը շարունակվում է հեղաշրջումից մինչ օրս: Հայաստանի իշխանությունը զավթած սորոսական խմբակը անպաշտպան է թողել Հայաստանի Հանրապետության սահմանները, հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Պարտվողական եւ ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակվում է Արցախի հարցում: Հայաստանի ապօրինի իշխանությունները հրաժարվել են Արցախի հարցից եւ Արցախից ընդհանրապես՝ դավաճանաբար ճանաչելով այն Ադրբեջանի կազմում: Դրանով կոպտորեն խախտել են ՀՀ սահմանադրական կարգը եւ օրենսդրությունը, որի համար պետք է կրեն պատասխանատվություն օրենքի ողջ խստությամբ:

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը այս փուլում պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարագրի վրա: Մենք գտնում ենք, որ վերոհիշյալ հայտարարագիրը պետք է կատարվի ամբողջությամբ եւ ճշգրտորեն, դրա տակ ստորագրած բոլոր կողմերի կողմից: Այս առումով փաստում ենք, որ Ադրբեջանը մշտապես խախտում է հայտարարագրի այն կետերը, որոնք վերաբերում են Բերձորի (Լաչինի) միջանցքի, գերիների, փախստականների հարցերին, կրակի դադարեցման պայմաններին, Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքներին: Ադրբեջանի մարդատյաց եւ նացիստական գործողությունների արդյունքում ՌԴ խաղաղապահ ուժերին հնարավորություն չի տրվում ամբողջ նախատեսված ծավալով իրականացնել իրենց առաքելությունը: Միաժամանակ փաստում ենք, որ Հայաստանի արեւմտամետ ու թուրքամետ իշխանությունները նույնպես կատարում են քայլեր, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորման գործընթացի ձգձգմանը՝ նպատակ ունենալով սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, ապա ՍԻՄ-ը կողմ լինելով խաղաղությանը ու խաղաղ գործընթացին, ներկա փուլում գտնում է, որ չկան նախադրյալներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Նախ՝ այն չի նախանշված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարագրի մեջ: Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց պատերազմ չեն հայտարարել: Հետեւապես, մինչեւ չկարգավորվեն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարագրում նշված բոլոր հարցերը, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը օրակարգ մտցնելով, այն օգտագործվում է խաղաղության գործընթացը վերոհիշյալ հայտարարագրի հունից շեղելու եւ Արեւմուտքի պատվերը կատարելու նպատակով: Այս կապակցությամբ եւս մեկ անգամ նշում ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը պետք է ընթանա միայն ՌԴ միջնորդությամբ, եւ այս փուլում պետք է դադարեցվեն այլ հարթակներում բանակցային գործընթացները:

ՍԻՄ կուսակցությունը անհրաժեշտ է համարում տարածաշրջանում խաղաղության ձեւավորմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Այդ թվում` սահմանազատման եւ սահմանանշման գործընթացը, ավտոճանապարհների, երկաթգծի եւ օդային փոխադրումների բացումը եւ անվտանգ իրականացումը եւ այլն: Սակայն մենք վստահ ենք, որ այդ գործընթացները պետք է իրականացնեն նոր ազգային ուղղվածություն ունեցող եւ ազգային նպատակներով տոգորված իշխանությունները եւ ոչ թե նրանք, ովքեր պարտվել են թուրքին եւ այսօր էլ հաճոյանում են նրան:

Մենք գտնում ենք, որ խաղաղության համակարգերը ձեւավորելիս ադրբեջանական օկուպացիոն զորքերը պետք է դուրս բերվեն Բերձորի (Լաչինի) միջանցքից, Արցախի Հանրապետության Հադրութի, Շուշիի օկուպացված շրջաններից, ինչպես նաեւ ՀՀ սահմանային օկուպացված շրջաններից: Քանի որ սահմանազատման գործընթացը համաձայնեցված է անց կացնել ԽՍՀՄ վարչական սահմանների հիմքի վրա, հետեւապես նմանատիպ մոտեցում պետք է լինի Արցախի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ԼՂԻՄ սահմանները:

Ինչ վերաբերում է ճանապարհների բացմանը, ապա կողմ լինելով դրանց գործարկմանը, մենք պնդում ենք, որ Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիայի հետ կապող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության հետ տրանսպորտային կապ ապահովող ճանապարհը:

ՍԻՄ կուսակցությունը համոզված է, որ Արցախի պահպանումը ունի երկու բաղադրիչ: Նախեւառաջ, դա Արցախի ժողովրդի ամրությունն է եւ հայկական բանակի մարտունակության շեշտակի բարձրացումը: Երկրորդ բաղադրիչը՝ Արցախի նկատմամբ Ռուսաստանի պրոտեկտորատի սահմանումն է: Ռուսաստանը, որպես Սովետական Միության իրավահաջորդ եւ որպես Գյուլիստանի պայմանագրի կողմ, ունի բոլոր իրավական, քաղաքական ու բարոյական իրավունքները իր պրոտեկտորատի տակ Արցախը վերցնելու համար, ինչպես դա եղել է Սովետական Միության գոյության վերջին տարիներին՝ «Վոլսկու կոմիտեի» նախատիպով: Մենք կոչ ենք անում Արցախի Ազգային ժողովին այսպիսի խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնությանը:

ՍԻՄ կուսակցությունը կողմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ եւ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու քաղաքականությանը, սակայն այն հիմունքներով եւ այն սկզբունքներով, որոնք դրված էին 2008-2009թ. «ֆուտբոլային դիվանագիտության» հիմքում: Հայաստանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ Թուրքիայից պահանջի փոխհատուցում Ցեղասպանության համար, մասնավորապես` Ցեղասպանության ենթարկվածների ժառանգների իրավունքների պաշտպանությունը, հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը, Թուրքիայում հայ փոքրամասնության, այդ թվում` կրոնափոխ եղած հայերի իրավունքների պաշտպանությունը եւ այլն:

Հայ դատը պետք է մնա մեր ազգային արժեհամակարգի եւ ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասը, որը համադրվելով, զարգացման ռացիոնալ ուղղությունների հետ ձեւավորի ազգային գաղափարախոսություն: Նիկոլական խունտայի ազգային արժեհամակարգի` ազգային կրոն, ընտանիք, սերունդների փոխհարաբերություն, ուղղված հարվածները նպատակ են հետապնդում զրկել մեր ժողովրդին ազգային ինքնությունից եւ բարոյականությունից: Պատմական հիշողության ոչնչացմանն է ուղղված նաեւ խունտայի ձգտումը՝ մոռացության տալ Ցեղասպանությունը կամ այն մղել երկրորդ պլան: Մենք եղել ենք եւ շարունակում ենք ազգային արժեհամակարգի պահպանման եւ ավանդական հիմքի վրա զարգացման հետեւողական պահանջատերը:

ՍԻՄ կուսակցությունը խորապես մտահոգված է երկրի տնտեսական ցուցանիշների եւ ժողովրդի սոցիալական վիճակի կատաստրոֆիկ վատթարացման տվյալներով: Իրական տնտեսության ցուցանիշների լղոզումը, արտաքին պարտքի կտրուկ աճը Հայաստանում տանում են դեպի սոցիալ-տնտեսական ճգնաժամի:

Վարչակազմի հակազգային գործունեության արդյունքում տագնապալի մակարդակի է հասել արտագաղթը: Հայաստանի ժողովրդագրական վիճակը աղետալի է: Այս իրավիճակը պահպանվելու դեպքում կարող ենք ստանալ անդառնալի հետեւանքներ:

ՍԻՄ կուսակցությունը երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինչպես նաեւ անվտանգության, տնտեսության, սոցիալական ոլորտի, ժողովրդագրական հարցերի, արժեհամակարգի պահպանման խնդիրների լուծումը տեսնում է ինչպես պարտադիր իշխանափոխության եւ ներքին կազմակերպվածության դաշտում, այնպես էլ` դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ հարաբերությունների սերտացման, փոխադարձ վստահության բարձրացման ուղղության մեջ: Առաջին հերթին դա վերաբերում է մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում համագործակցության եւ վստահության ամենաբարձր մակարդակի ձեւավորմանը: Ավելի քան երկու տարի է, ինչ ՍԻՄ կուսակցությունը մի շարք այլ գործընկեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ հիմնադրեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» հանրային շարժումը, որի նպատակն է Հայաստանի անդամակցությունը Միութենական պետությանը՝ ինքնիշխանության աստիճանի բարձրացման նպատակով ու երաշխիքով:

ՍԻՄ-ը խստորեն դատապարտում է ներկայիս ապօրինի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հետեւողական գործողությունները: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանում էապես կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը եւ խաղաղության պահպանման երաշխիքները: Միաժամանակ մենք հայտարարում ենք, որ Եվրամիության հումանիտար դիտորդական առաքելությունը ոչ միայն որեւէ առնչություն չունի Հայաստանի սահմանների անձեռնմխելիության հետ եւ ոչ մի իրական օգուտ չի բերում գործին, այլ ընդհակառակը` վտանգում է Հայաստանի անվտանգությունը եւ րոպե առաջ պետք է հեռանա: Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավված լինի ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական գործընթացների մեջ, ինչպես նաեւ որպես լիիրավ անդամ, առաջարկի իր օրակարգային հարցերը:

Հայաստանի, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում կոչ ենք անում ՌԴ-ին ավելի վճռական գործողություններ կատարել Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների պաշտպանության համար:

Միաժամանակ, մենք անհրաժեշտ ենք գտնում զարգացնել մեր հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների, հարեւան Վրաստանի, արաբական աշխարհի հետ:

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրների լուծմանը, ապա ՍԻՄ-ը պատրաստ է համագործակցության բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք, ընդհանուր առմամբ, ընդունում են մեր գաղափարախոսական հենքը, իսկ տակտիկական առումով կոչ ենք անում Երեւանի քաղաքային ընտրությունների շուրջ ձեւավորել ընդդիմադիր միասնական դաշինք, վերականգնելով 16 կուսակցությունների համագործակցության ֆորմատը՝ միասնական ճակատով հանդես գալու նպատակով: Մենք կրկին կոչ ենք անում վերականգնել մինչեւ հեղաշրջում եղած իշխանության մարմինները, այդ թվում` 6-րդ գումարման Ազգային ժողովը, որը ապօրինաբար լուծարվել է ուժի կիրառման եւ ԱԺ պատգամավորներին կյանքի սպառնալիքների ազդեցության ներքո:

Մենք վստահ ենք, որ փորձառու, պատասխանատու եւ ազգային նպատակներին նվիրյալ իշխանության պարագայում Հայաստանի Հանրապետությունը, Արցախը կարող են դուրս գալ ճգնաժամային եւ նահանջի ներկա փուլից եւ կրկին կանգնել զարգացման, ռազմական հզորության, տնտեսական աճի ու բարեկեցիկ եւ հայեցի երկրի ստեղծելու ճանապարհին:

ՍԻՄ Լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31