Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՊՆ-ում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան կմեկնի Կիպրոս՝ հանգստանալու

Հուլիս 24,2023 15:15

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ բարձրաստիճան եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեցին երկու վկաներ: Ոստիկանության օպերատիվ բաժնի նախկին ղեկավար Մարտինյանը պատմեց, որ մեղադրյալների հետ ունեցել է աշխատանքային, ծառայողական հարաբերություններ:

Նա ասաց, որ 2012 թվականից է տեղափոխվել ոստիկանության զորքեր, 2013-ին օպերատիվ բաժնի պետ է նշանակվել, աշխատել մինչեւ 2017 թվականն ու դրանից հետո անցել թոշակի:

Մեղադրող դատախազի ու նիստը նախագահող դատավորի հարցերը վերաբերում էին Վլադիմիր Գասպարյանի դստեր Յուլյա Գասպարյանի՝ ոստիկանությունում աշխատելու, բայց աշխատանքի չգնալու տարիներին:

Վկան ասաց՝ չի հիշում՝ երբ է կոնկրետ Գասպարյանի դստեր նշանակումը եղել, բայց հիշում է՝ իրեն տեղեկացրել էին, որ նախարարի աղջիկն է, նշանակվել է ավագ սպայի հաստիքով: Վկան ասաց՝ նրան դեմքով չի տեսել, չի ճանաչում, առնչություն չի ունեցել:

«Մնացած գործառույթները չգիտեմ՝ ոնց, ինչ է, երբ է նշանակվել, ոնց: Ասել են՝ նախարարի աղջիկն է, վերջ, էդքանը»,- հավելեց վկան:

Հարցին՝ պաշտոնի բարձրացում ունեցե՞լ է, վկան պատասխանեց՝ տեղյակ չէ: Կայի՞ն այլ աշխատողներ, որոնք հրամանագրված էին ու էլի աշխատանքի չէին գալիս հարցին՝ վկան կրկին պատասխանեց՝ տեղյակ չէ:

Արդյոք Յուլյա Գասպարյանը աշխատանքի ընթացքում ծննդաբերության կամ այլ տիպի արձակուրդներից օգտվել է՝ մյուս հարցին, վկան պատասխանեց՝ ինքը նման հարցերով զեկուցագիր չի ստորագրել, տեղյակ չէ: Իսկ Գասպարյանի աշխատավարձը, ըստ վկայի, մոտ 220.000 դրամ է եղել:

Մյուս վկան՝ Արա Մխիթարյանն էլ հայտնեց, որ 2016-ի հուլիսից թոշակի է անցել: Դասակի հրամանատար է եղել, համակարգում ծառայել է 1998-2016 թվականը:

Նրան հարց ուղղվեց՝ արդյոք հաստիքներ զբաղեցնող ծառայողներ կային, որոնք գործուղված լինեին գործադիր իշխանություն աշխատանքի: Ինչին ի պատասխան՝ նա ասաց՝ չէ, ոնց կլինի:

Մեկ այլ հարցին՝ կարո՞ղ էր լինել զինծառայող, որը հաստիք զբաղեցներ, բայց ծառայության չներկայանար, վկան պատասխանեց՝ չի հիշում նման բան, նման տեղեկատվության չի տիրապետում, չի կարող ասել:

Նիստը նախագահող դատավորը նկատեց, որ նախաքննության մարմինը հաստատված է համարել, որ Նելսոն Սարոյանն ու մեկ այլ ծառայող ծառայության հրամանագրված լինելով՝ ծառայության չեն ներկայացել երբեւէ: Ի պատասխան՝ վկան ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետեւ իր զբաղեցրած լիազորությունների շրջանակը շատ նեղ է եղել:

Վկայի խոսքով, բացակայող ծառայողներ եղել են, բացակաները մատյաններում նշանակվել են, վերադասին էլ բանավոր զեկուցել է բացակաների մասին: Նիստն այս երկու վկաների ցուցմունքով ավարտվեց:

Դատական նիստի վերջում մեղադրյալներից Վարդան Թունյանի պաշտպանը միջնորդեց դատարանին թույլ տալ, որ օգոստոսի 5-15-ը իր պաշտպանյալն ընտանիքով մեկնի Կիպրոս հանգստանալու, ինչը դատարանը բավարարեց:

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը եւ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31