«Ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, ինչպիսին ակնկալում էինք, բայց սպասում ենք ակտիվ մասնակցության»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը՝ անդրադառնալով Լոռու մարզում այսօր անցկացվող ՏԻՄ ընտրություններին:
Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ այս ընտրություններում ընտրողներն ավելի ակտի՞վ են։ Ի պատասխան՝ նա ասաց.
«Մենք մասնակցություն ունենում ենք։ Ակտիվ մասնակցություն ունեցել ենք նաև հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին։ Հիմա էլ ակնկալում ենք, որ մեր հայրենակիցներն անտարբեր չեն լինի։ Չնայած իրենք մի հակաօրինական նախաձեռնությամբ էին հանդես եկել, օրենք ունեին, որով կրճատվել է ընտրելու կարողություն ունեցողների ցանկը, մոտ 4000 հոգի դուրս է եկել ցանկից։ Միգրացիոն օրենքով պարտադիր է, որ երկու տարվա ընթացքում ընտրողները առնվազն 365 օր լինեն ՀՀ-ում, ինչը աբսուրդ օրենք է։ Դրանով պայմանավորված՝ նաև ընտրողների թվաքանակն է կրճատվել»։
Գևորգյանը նշեց, որ այս ընտրություններում ևս արձանագրել է իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներ։
Կարդացեք նաև
«Ճնշումներ կան մեր հայրենակիցների նկատմամբ, բայց նորից կոչ եմ անում, որ մեր հայրենակիցները ոչնչից չվախենան, դուրս գան տնից, գնան ընտրատեղամաս և կատարեն իրենց ընտրությունը։ Դա շատ կարևոր է մեր համայնքի ապագայի համար»,- ասաց նա։
Պատգամավորը նկատեց, որ չնայած ճնշումներին՝ «Ուժեղ Հայաստանի» համակիրները ցույց են տվել, որ ոչնչից չեն վախենում։
Անդրադառնալով Ստեփանավանի համայնքապետի իրենց թեկնածուի ձերբակալությանը՝ պատգամավորը շարունակեց.
«Ոչ մի ձերբակալություն ու ապօրինություն չի կարող կանգնեցնել ուժեղ հայաստանցիների ընթացքը։ Ստեփանավանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչներն իրենց վերաբերմունքով ցույց են տվել շոու կազմակերպած դերակատարներին, որ չեն հավատում, որովհետև սա նրանց ձեռագիրն է։ Երբ մարդու վարկանիշը հասնում է մի կետի, և երբ իրենք հասկանում են, որ այդ մարդը կարող է ավելին անել, քան իրենք, սկսում են ճնշումներ գործադրել, այսպիսի ներկայացումներ բեմադրել ու փորձել մարդկանց չեզոքացնել։ Թասիբով լոռեցիներն իրենց ցուցաբերած վերաբերմունքով՝ չհավատալով այս ամենին, ապացուցել են, որ սովոր են այդ ձեռագրին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































