Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Փաշինյանի հաջորդ քայլը

Օգոստոս 23,2023 12:00

ՄԱԿ-ի ԱԽ-ում «իրազեկման» լսումներից հետո Լաչինի միջանցքում եւ Արցախի շուրջ իրավիճակն ինչպե՞ս կփոփոխվի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալ շաբաթ շուրջ երկու ժամ տեւած քննարկումների արդյունքում բանաձեւ կամ հայտարարություն չընդունեց Արցախի հարցով: Մինչդեռ պաշտոնական Երեւանը հստակ նշել էր, թե ինչ ակնկալիքներով է հայկական կողմը նման հրատապ նիստ հրավիրել: «Մենք այս Խորհրդից ակնկալում ենք դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն եւ տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն», – մասնավորապես իր ելույթում նշել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների գերակշռող մեծամասնությունը համակարծիք էր` մարդասիրական խնդիրները չեն կարող օգտագործվել որպես մահակ 120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար: Երկրների ներկայացուցիչների գերակշիռ մասը հստակ ընդգծեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հնարավոր համարեցին նաեւ այլ երթուղիների գործարկումը` Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Առեւտրային, մարդասիրական եւ անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք նաեւ ի գիտություն ենք ընդունում այն, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար», – նշեց նիստը նախագահող ԱՄՆ-ի դեսպանը:

Ռուսաստանի ներկայացուցիչը պնդեց` Մոսկվան կողմերին դեռ շաբաթներ առաջ է նման առաջարկ ներկայացրել. «Հուլիսի 25-ին Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը ռուսական կողմն առաջարկել է իրատեսական, փոխզիջումային լուծումներ` լարվածությունը թոթափելու համար: Խոսքը Աղդամով եւ Լաչինով միջանցքները միաժամանակ բացելու մասին է` քաղաքացիական անձանց եւ ոչ ռազմական բեռների տեղափոխման համար: Դա կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ Բաքվի եւ Ղարաբաղի հայ բնակչության միջեւ շուտափույթ կերպով ուղիղ երկխոսություն սկսելու համար»:

Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական իրավիճակը վնաս է հասցնում խաղաղության գործընթացին, իր հերթին պնդեց Եվրամիության դեսպանը՝ փաստելով, որ Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած ամիսներին հրադադարի խախտման մի շարք դեպքեր է արձանագրել հայ-ադրբեջանական սահմանին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի ներկայությունն ու ակտիվությունն էլ իր հերթին փաստեցին, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի թիկունքում է նրա դաշնակիցը, ինչպես` 44-օրյա պատերազմում: Թուրքիայի դեսպանն էլ, կրկնելով իր ադրբեջանցի գործընկերոջ թեզերը, Լաչինի մասին խոսելիս «միջանցք» տերմինը որեւէ անգամ չօգտագործեց, պնդեց, թե դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, եւ Բաքուն իրավասու է քայլեր ձեռնարկել սեփական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Արցախում մարդասիրական խնդիրներն արհամարհելով` թուրք դիվանագետը միաժամանակ հարկ համարեց ՄԱԿ-ի ամբիոնից ընդգծել` Անկարան հաշտեցման գործընթաց է սկսել Հայաստանի հետ եւ հույս ունի, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական շանսը չի կորսվի:

Այսինքն, պաշտոնական Անկարան, որպես Արցախի խնդրում անուղղակիորեն ներգրավված կողմ, մեկ անգամ եւս վերահաստատեց իր դիրքորոշումը` Երեւանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե «տարածաշրջանում խաղաղություն հաստատվի», բնականաբար, Բաքվի պահանջներին համահունչ:

Այսպես, ՄԱԿ-ում լսեցին կողմերի փաստարկները, նաեւ Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները, նշվում էր, թե շրջանառության մեջ կարող է դրվել բանաձեւի, կամ` հայտարարության տեքստ, սակայն դեռեւս որեւէ տեղեկություն չկա, թե ՄԱԿ-ը դիրքորոշում կարտահայտի՞ ի վերջո:

Պաշտոնական Երեւանը կարեւոր ձեռքբերում է համարում այն, որ այդ հեղինակավոր ատյանում արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը: «Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ եւ շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ», – կառավարության նիստում նկատեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` հաջորդ դրական զարգացումն այն է, որ Անվտանգության խորհրդում հաստատվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը. «Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել: Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է»:

Այսինքն, պաշտոնական Երեւանի դիրքորոշմամբ` միջազգային բարձրագույն ատյանում հնչել է ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ, եւ հիմա Արցախը Հայաստանին կապող միջանցքի բացումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանությունը կանխելուն ուղղված քայլ: Իսկ այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունները որեւէ աշխատանք տարե՞լ, կամ տանո՞ւմ են գործընկեր պետությունների հետ:

Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ մինչ ՄԱԿ ԱԽ նիստը տարբեր պետություններ ամիսներ շարունակ` «անհանգստացած», «մտահոգված», «խիստ մտահոգված» կոչեր հնչեցրել են ու շարունակում են հնչեցնել: Պաշտոնական Երեւանի նպատակը ո՞րն էր` Արցախում հումանիտար աղետի առկայությունն արձանագրե՞լ: Դա արձանագրվեց, իսկ ո՞րն է հաջորդ քայլը:

Օրինակ, Հայաստանի իշխանությունը դիտարկո՞ւմ է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու հարցը ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնել, թե՞ դա հակասում է պաշտոնական Երեւանի «խաղաղության օրակարգին»:

ՄԱԿ ԱԽ-ում հրատապ նիստից հետո ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ ՄԱԿ ԱԽ-ում եւ այլ հարթակներում կշարունակի աշխատանքը Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ: «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային անվտանգությանը եւ խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների սկզբունքային եւ արդար դիրքորոշումները, շարունակելու է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետեւողական քայլերի գործադրմամբ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ», – ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Իսկ օրինակ՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցն ինչո՞ւ է անտեսվում: Թե՞ Հայաստանի իշխանությունների կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» բանավոր ճանաչելու դիրքորոշմամբ նրանք վերջնականապես իրենց իսկ ձեռքով փակել են այդ ճանապարհը:

Այսինքն, պետք է բավարարվել նրանով, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում եւս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի քարոզչությանը, գիտակցո՞ւմ են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարեւորությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելիս, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում էին, թե Երեւանն ամիսներ շարունակ պատրաստվել է այդ քայլին եւ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի բանաձեւը։ Այդ դեպքում, Բաքվի ագրեսիվ, զավթողական, ռազմատենչ պահվածքը պաշտոնական Երեւանն ինչո՞ւ ակնառու չդարձրեց, ադրբեջանական իշխանությունների կողմից նաեւ ընդդեմ ՀՀ ինքնիշխան պետության ձեռնարկվող քայլերը ինչո՞ւ անտեսվեցին:

Արցախի արտգործնախարարությունը, նկատենք, որ ողջունեց նիստի անցկացումը, բայց հույս հայտնեցին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կցուցաբերեն հետեւողականություն եւ իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձեւի ընդունմամբ, «որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որեւէ նախապայմանի եւ այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներում»։

Հասկանալի է, որ ՄԱԿ ԱԽ-ի անդամներն առաջնորդվում են իրենց շահերով, եւ կոշտ պահանջներ կարելի է նրանցից ակնկալել միայն այն դեպքում, եթե պաշտոնական Բաքուն նրանց շահերին հակասող քայլերի դիմի։ Իսկ Բաքուն ճարպկորեն խաղում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ:

Հայաստանն ու Արցախը կանգնած են ամենաբարդ մարտահրավերի առջեւ, եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում «իրազեկման» յուրօրինակ այդ լսումներին, պաշտոնական Երեւանն ակնհայտորեն թույլ ներկայացավ: Իսկ թե այդ «իրազեկման» միջոցառումից հետո Լաչինի միջանցքում եւ Արցախի շուրջ իրավիճակն ինչպես կփոփոխվի` ցույց կտա ժամանակը։

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031