Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում Հունաստանի դեսպանատան շնորհիվ կրթամշակութային հարաբերություններին պետական շունչ ու կշիռ է հաղորդվում»

Սեպտեմբեր 07,2023 13:00

Հարցազրույց Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ

Քաղաքակրթության հիմքը համարվում է հին հունական մշակույթը, ինչին զուգահեռ գործում էր հայկականը, որն ավելի հին ծագում ուներ։ Բայց անտիկ դարերում հունական մշակույթը գերիշխող դեր ուներ աշխարհում։ Հնագետ,  հունական մշակույթի գիտակ, գերմանացի փիլիսոփա Հենրիխ Շլիմանը հայկական եւ հունական մշակույթների հարաբերությունների մասին իր կարծիքը հայտնել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Եվրոպայի ողբերգությունը կայանում է նրանում, որ քաղաքակրթության հիմքը ընդունում են հունականը եւ ոչ հայկականը»։

– Պարոն Ղազարյան, միակ հայ-հունական կրթօջախի տնօրենն եք, որի մասին մշտապես դրվատանքի խոսքեր ենք լսում։ Ձեր դիտարկմամբ՝ հայ-հունական մշակութային փոխհարաբերությունը ժամանակակից բավականաչափ խառնաշփոթ աշխարհում ի՞նչ աստիճանի վրա է գտնվում եւ կոնկրետ ձեր քոլեջը Հունաստանի ի՞նչ գործընկերների հետ է համագործակցում։

– Մեր համագործակցությունն առաջին հերթին իրականացվում է Հայաստանում Հունաստանի դեսպանատան շնորհիվ, որը թույլ է տալիս կրթամշակութային հարաբերություններին պետական շունչ ու կշիռ հաղորդել։ Այս տարի արդեն երկրորդ անգամ այցելել ենք Հունաստան, ընդ որում՝ ամբողջովին հունական կողմի միջոցներով։ 29 ուսանողներից կազմված պատվիրակությունը իսկապես գերհագեցած ծրագրով այցելեց պատմամշակութային հուշարձաններ։ Ի դեպ, մեր էքսկուրսավարը հայազգի էր։ Ու թեեւ կրթական օջախներում ամառային արձակուրդի շրջան էր եւ հասկանալի պատճառով չկարողացանք այցելել ուսումնական հաստատություններ, բայց կազմակերպվեցին հանդիպումներ տարբեր ոլորտների, այդ թվում՝ մշակութային գործիչների հետ։ Մենք էլ մեր հերթին հունարենով հնչեցրինք Պլատոնի, Արիստոտելի եւ մյուս փիլիսոփաների մտքերից, ներկայացրինք իրենց երգն ու պարը… Կարճ ասած՝ վերադարձանք վառ տպավորություններով, պայմանավորվածություն ձեռք բերելով պարբերական ռիթմով շարունակել համագործակցությունը ինչպես Հունաստանում, այնպես էլ Հայաստանում։ Տեսեք՝ վերջին մեկ տարում ավելի սերտ են դարձել հայ-հունական պետական հարաբերությունները, մեր երկիր են այցելել Հունաստանի տուրիզմի փոխնախարարն ու փոխարտգործնախարարը։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ ունենալով չափազանց ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, նրանք ժամանակ գտան այցելել մեր քոլեջ։ Դա մեծ պատիվ էր մեզ համար եւ, թույլ տվեք ասել՝ քոլեջի կարեւորության եւ գործունեության համար բարձր գնահատականի արձանագրում։

– Քոլեջի կրթական բաղադրիչներից ելնելով՝ խոհարարական արվեստ, զբոսաշրջություն եւ այլն, մեծ հաշվով այն մշակութային հիմնարար կառույց է, որտեղ ներառված է հունական գիր ու գրականությունը, արվեստը։ Գիտենք, որ հայոց պատմության բազմաթիվ հնագույն փաստեր կառուցված են հենց հույն պատմագիրների աշխատությունների հիման վրա։ Թեկուզ այս առումով քոլեջը կարծես հայ-հունական հարաբերությունների շատ ավելի մեծ բեռ է վերցրել։ Հետաքրքիր է՝ դասախոսները միայն իրենց նեղ մասնագիտական գիտելիքնե՞րն են փոխանցում, թե՞ փոխանցում են նաեւ մեր երկու ժողովուրդների՝ հազարամյակների խորություն ունեցող մշակութային կապերը։

– Բնական է, որ քոլեջում որոշ հանրակրթական առարկաներ դասավանդվում են խորացված ծրագրով, օրինակ՝ հայոց պատմություն, հույն ժողովրդի պատմություն, օտար լեզուներ… Բայց առանց հելլենիզմի մասին գաղափար ունենալու՝ անհնար կլիներ կամրջել ինչպես հայ-հունական մշակութային կապերը, այնպես էլ հին ու նոր ժամանակների փոխհարաբերությունները։  Օրինակ, տուրիզմի ոլորտում մասնագիտացողները դիպլոմի պաշտպանության ժամանակ ներկայացնում են տուրիզմը Հունաստանում։ Ուսանողների մի մասը կարող է ընտրել Ակրոպոլի կամ Սալոնիկի, մյուսները՝ 5 կամ 4 աստղանի հյուրանոցների եւ այլ թեմաներ։ Ինչ խոսք, դասախոսների փոխանցած բարձր գիտելիքներից բացի, ուզում եմ շեշտել Հայաստանում Հունաստանի դեսպանատան դերի մասին, քանի որ այն հնարավորություն է ստեղծում հենց Հունաստանում մեր դասախոսների վերապատրաստման համար։

– Հին Հայաստանի պատմությանն առնչվող շատ փաստեր աշխարհին ներկայացված են հին հույն պատմագիրների վկայությամբ, մասնավորապես՝ պատմագիր Քսենոֆոնի հավաստմամբ՝ ինքը Հայաստանում է առաջին անգամ տեսել «ջրի մեջ լողացող գարու հատիկներով հաճելի խմիչքը»՝ գարեջուրը…

– Տեղեկացնեմ, որ քոլեջում սննդի ապագա տեխնոլոգները գիտելիքներ են ձեռք բերում, ուսումնասիրում եւ հայկական, եւ հունական խոհանոցները։ Վերջերս մեր ուսանող Լիանա Մելքոնյանը Երիտասարդ խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված ու անցկացված միջազգային մրցույթում, որի ժյուրիի անդամները հրավիրված էին արտասահմանից, ճանաչվեց լավագույնը՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Ի դեպ, նա ստացել է Եվրոպայի առաջատար ուսումնական հաստատություններից մեկում վարպետության դասերի մասնակցելու իրավունք։ Հաջորդ տարի Լիանան՝ միակ ներկայացուցիչը Հայաստանից, կմեկնի Հնդկաստան, այնուհետեւ Ֆրանսիա՝ նման միջոցառումների մասնակցելու նպատակով։

– Հույների հետ մենք ունենք նաեւ մշակութային ընդհանրություն, օրինակ՝ Գառնիի հեթանոսական տաճարը, որը թեեւ նույնությամբ չի կրկնում, բայց նման է Ակրոպոլիսին։ Հնարավոր չէ՞, կոնկրետ՝ Գառնի-Ակրոպոլիս մշակութային համագործակցություն հիմնել եւ քոլեջն էլ հանդես գա որպես նախաձեռնող։

– Լավ գաղափար է, որն իրականացնելու համար, իհարկե, աշխատանք ու ժամանակ է հարկավոր ներդնել։ Բայց դա միայն քոլեջի ռեսուրսներով հնարավոր չէ իրականացնել…

– Գուցե պետությո՞ւնն աջակցի։

– Ինչու ոչ, մանավանդ որ վերջին տարիներին մեր կառավարությունն իր առաջնահերթություններից է համարում տուրիզմի ոլորտը եւս։

– Հայերն ու հույները նաեւ ցավալի ընդհանրություն ունեն՝ ցեղասպանությունը…

– Հունաստանն էլ Թուրքիան դիտում է որպես ագրեսոր պետություն։ Այո, դա խոսուն փաստ է երկու ազգերի ճակատագրերի նմանության մասին։ Հենց ցեղասպանության արդյունում ինչպես հայերը, այնպես էլ հույները ունեցան մեծ սփյուռք։ 2022թ. Հայաստան այցելած մի քանի երկրների պաշտոնյաների թվում էր նաեւ Հունաստանի փոխարտգործնախարարը, իսկ նրանց օրակարգային հարցերի թվում էր ինչպես միասնաբար պայքարել ագրեսիայի դեմ…

– Վերադառնանք կրթական համակարգին։ Հունական academus-ի կրթության հիմնական ձեւը ուսուցիչ-աշակերտ զրույցն է, որն իրականացվում է ճեմելով։  Ցանկություն չունե՞ք դասավանդման այդ ձեւը կիրառել ձեր քոլեջում։

– Այդ գաղափարն էլ լավն է, այն գեներացնել, փորձել կարելի է։ Տուրիզմի ոլորտի մեր ապագա մասնագետներն այսօր էլ կազմակերպում են հայաստանյան տուրեր, նաեւ փոքրիկ արշավներ։ Կարելի է դրանց մասնակից դարձնել դասախոսներին նույնպես։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930