Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքավոր տնտեսվարողները պահանջում են, որ «Wildberries» ընկերությունը փակվի, որ մի քանի հայկական ներկրողներ կարողանան ապրանքներ ներկրել ու թանկ գնով վաճառելու արդյունքում գերշահույթներ ստանա․ «Փաստ»

Սեպտեմբեր 09,2023 10:53 Share

Մի քանի առևտրականներ ու գործարարների անվան տակ հանդես եկող մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ կառավարության մոտ՝ բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ ու նույնիսկ պահանջում են Հայաստանում դադարեցնել այդ ընկերության գործունեությունը։ Նրանք դժգոհում են, որ տնտեսապես անհավասար պայմաններ են ստեղծվել, որի արդյունքում այդ ընկերությունից գնումների պատճառով հայ տնտեսվարողները կարող են կանգնել սնանկացման եզրին ու ի վիճակի չեն լինի ապահովել իրենց հետագա գոյատևումը։ Բայց… Ուշադրություն դարձնենք, որ այդ տնտեսվարողները հիմնականում ապրանքների ներկրմամբ են զբաղվում, ու այստեղ է, որ մի շարք հարցեր են առաջ գալիս՝ հատկապես կապված սպառողների շահերի հետ։

Այստեղ խնդիրը «Wildberries» ընկերությունը չէ. այդ ընկերությունը չլինի, մեկ ուրիշը կլինի. ի վերջո, այսօր էլ կան այդ տիպի այլ կազմակերպություններ, օրինակ՝ «Ozon»-ը, «Globbing»-ը, «Amazon»-ը և այլն։ Բնական է՝ տնտեսական մրցակցությունը ենթադրում է, որ մարդիկ օգտվելու են այն կազմակերպությունից, որն ավելի մատչելի ու որակով առաջարկ է ներկայացնելու։ Սա տնտեսագիտական աքսիոմա է: Նույն կանոններն են ամբողջ աշխարհում, ու Հայաստանն էլ բացառություն չէ: Օրինակ՝ առցանց առևտրի հարթակների զարգացման արդյունքում ԱՄՆ-ում նույնիսկ խոշոր ընկերություններ են դուրս մնացել շուկայից՝ ժամանակի ընթացքում դառնալով անմրցունակ։ Հիմա ստացվում է՝ բողոքավոր տնտեսվարողները պահանջում են, որ «Wildberries» ընկերությունը փակվի, որ մի քանի հայկական ներկրողներ կարողանան ապրանքներ ներկրել ու թանկ գնով վաճառելու արդյունքում գերշահույթներ ստանա։

Այդպես չի կարող լինել, քան որ այն հակասում է ազատ տնտեսական հարաբերությունների սկզբունքին։ Մյուս կողմից էլ՝ հայ սպառողն է տուժելու, քանի որ ավելի թանկ է վճարելու։ Եթե, օրինակ՝ «Wildberries»-ը կամ մյուս առցանց առևտրով զբաղվող կազմակերպությունները հարկեր չվճարեին, խնդիրն այլ կլիներ, բայց 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «Wildberries» ընկերությունը Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։

Եթե բողոքավոր ներկրողները կարծում են, որ առցանց ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունը ցանկանում է դեմպինգ իրականացնել, ցածր գներով իրենով անել շուկան, դաշտից դուրս թողնել մրցակիցներին, ապա դրանից հետո գները բարձրացնել, ապա միգուցե այլ ձևերով իրավիճակի կարգավորում կամ մաքսային արտոնություններ պահանջեին։ Գոնե այդ դեպքում նրանց պահանջները ինչ-որ ձևով հասկանալի կլինեին։ Հաջորդ խնդիրը, իսկ գուցե հայաստանյան ներկրողները և ապրանքներ վաճառողները շուկայից դուրս չմնալու համար փորձեն լուծումներ գտնե՞լ, նորարար մոտեցումնե՞ր կիրառեն կամ հայկական առցանց հարթակներ ստեղծե՞ն, որոնք հնարավորություն կտան էժան ապրանքներ վաճառել, նոր շուկանե՞ր գտնեն, ավելին՝ գուցե մի փոքր զսպե՞ն իրենց ախորժակը մեր՝ սպառողներիս հաշվին գերշահույթ ստանալու առումով: Եվ այլն, և այլն:

Ի վերջո, կառավարության մոտ բողոքի դուրս գալու արդյունքում իրենց ծառայություններն ավելի մրցակցային չեն դառնում։ Մյուս կողմից էլ՝ տեղի ունեցողը մի շարք իրողությունների մասին է վկայում։ Արցախում ստեղծված ծայրահեղ իրավիճակի կամ անվտանգության խնդիրների հետ կապված, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն, փողոց դուրս եկողների թիվը բավական սահմանափակ է: Բայց բավական է փոքր-ինչ ֆինանսական դժվարությունների հարց առաջանա, ինչ-որ հարցով մարդկանց գրպանին մի փոքր հարվածելու «վտանգ» առաջանա, միանգամից փողոց են դուրս գալիս ու բարձրացնում են իրենց բողոքի ձայնը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930