Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես կրկին նկարահանեի ֆիլմը, նորից նույն դերասաններին կընտրեի». Գոռ Կիրակոսյան

Սեպտեմբեր 16,2023 22:18

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կինոկատակերգությունը վերջապես մեկ տարվա դադարից հետո մեծ էկրան բարձրացավ: «Մոսկվա» թատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գոռ Կիրակոսյանը, ֆիլմում առկա է սև հումոր։ Ֆիլմի անձնակազմի գլխավոր նպատակը կինոդիտողին հաճելի ժամանց և ուրախ տրամադրություն պարգևելն է և որ, ամենակարևորն է, փոխել մարդկանց ընկալումը սևազգեստ կանանց վերաբերյալ։

«Շատ մանրակրկիտ ենք աշխատել սցենարի վրա, բոլոր նրանք, ովքեր կդիտեն ֆիլմը, վերջում կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, ապա ես ցանկանում էի, որ դրանով վերջապես կոտրվի սևազգեստ կանանց հանդեպ բացասական վերաբերմունքը»,- պատմեց Գոռը։

Նրա խոսքով՝ նման թեմայով ֆիլմ նկարահանելու միտքն առաջարկել է իր ընկեր Դավիթ Բաբախանյանը։ Հետագայում նրանց է միացել Աշոտ Աբրահամյանը, ինչից հետո սկսել են աշխատել սցենարի շուրջ, որն ավարտել են 2020 թ․-ի մարտին:

«Սևազգեստ կանայք» ֆիլմի գլխավոր հերոսներն են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արտյոմ Մարկոսյանը և այլք։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հոգեհանգստի ժամանակ, որին, բացի հանգուցյալի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև նրա սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։

«Սևազգեստ կանայք» ֆիլմում հանգուցյալին մարմնավորում է դերասան Արտյոմ Մարկոսյանը, որը, խոսելով իր կերպարի և դագաղում պառկելու մասին, ասաց․

«Ես կխոստովանեմ և կասեմ, որ մինչ նկարահանումը փորձ չենք արել, ես առաջին անգամ հենց նկարահանման հրապարակում եմ պառկել դագաղի մեջ, և ամեն ինչ միանգամից ստացվել է։ Ինձ համար ամենադաժանը շոգը հաղթահարելն էր։ Չափազանց շոգ էր, իսկ ես ստիպված էի նաև շունչս պահել»,- անկեղծացավ դերասանը։

Անդրադառնալով դերասաններին՝ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը պատմեց, որ նրանց ընտրել է սցենար գրելու ժամանակ․«Եթե ես կրկին նկարահանեի ֆիլմը, ապա նորից հենց նրանց կընտրեի։ Բոլորն իրենց կերպարները շատ լավ են մարմնավորել, չկա մեկը, ում փոխարեն ես կցանկանայի, որպեսզի այլ դերասան կամ դերասանուհի լիներ։ Բոլորի հետ նախնական քասթինգ ենք արել, բոլորը միանգամից սիրել են իրենց կերպարներին»,- նկատեց Գոռը։

Գոռ Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ «Սևազգեստ կանայք» կինոկատակերգությունը շատ շուտով ցուցադրվելու է Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։

Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930