Գերմանիայի ամենաբազմազգ քաղաքներից մեկի՝ Օֆենբախի Wilhelmsplatz հրապարակում, որտեղ սովորաբար գործում է քաղաքային շուկան՝ Wochenmarkt-ը, սեպտեմբերի 13-ին կայացավ «Ազգերի մշակույթի փառատոնը»։ Սա 37-րդ ազգային-մշակութային փառատոնն է, որը կազմակերպել է Օֆենբախի Օտարերկրացիների խորհրդատվական մարմինը:
Բացի տարբեր ժողովուրդների ուտեստներից՝ հրապարակում ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների (Բոսնիա և Հերցեգովինա, Իտալիա, Հունաստան, Լատինական Ամերիկա, Կորեա և այլն) ավանդական պարեր, երաժշտություն, ֆոլկլորային ելույթներ, ինչպես նաև ազգային ուտեստների հարուստ տեսականի: Wilhelmsplatz-ը վերածվել էր մշակույթների յուրատեսակ խառնարանի. հավաքվել էին ոչ միայն տարբեր ազգերի, այլև տարբեր տարիքի մարդիկ, ոմանք եկել էին կրծքի երեխաների հետ:
Միջոցառման ավարտին փառատոնի մասնակիցները բոլորին հրավիրեցին մասնակցելու ընդհանուր պարին։ Չնայած օրն անձրևոտ էր, դա բնավ չէր անդրադարձել հրապարակի մարդաշատության վրա: Օֆենբախում ավանդաբար անցկացվող փառատոնը խորհրդանշում է բազմազգ ու բազմամշակույթ այդ քաղաքում մարդկանց խաղաղ համակեցությունը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































