Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն չի կարող իր ձեռքերը լվանալ Արցախից, որովհետեւ Արցախին հաջորդելու են ՀՀ մի շարք տարածքներ»․ Աննա Կոստանյան

Նոյեմբեր 24,2023 14:44

«Այս նախաձեռնությունը տորպեդահարող ցանկացած ոք պետք է առաջին հերթին ինքն իրեն հարց տա՝ ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում՝ Ալիեւի՞, վարչապետի աթոռը դե ֆակտո զբաղեցնողի՞»,- այսօր ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

Ըստ նրա՝ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո շեշտում են, թե «Հայաքվեն» ժամանակավրեպ է, չհաջողեց։ «Սակայն պիտի ասեմ, որ այսօր, վաղը, հիմա «Հայաքվեն» առավել քան արդիական է։ Չնայած այն փաստին, որ Արցախի Հանրապետությունը փաստացի այս պահին օկուպացված է, սակայն իրավաբանորեն, այսինքն՝ դե յուրե այն շարունակում է պահպանել իր գոյությունը 1991 թվականին կայացած համաժողովրդական հանրաքվեի եւ ժողովրդի կամարտահայտության հիմքով։ Հետեւաբար, սրանից հրաժարվելը նշանակում է դավաճանություն ազգային, պետական, համաժողովրդական նպատակների հանդեպ։ «Հայաքվեն» հիմա ավելի քան ակտուալ է, քան երեկ, նույնիսկ եթե ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը տարբեր հակապետական, հակազգային, անիրավ ու անպատասխանատու հայտարարություններ է արել։ Ամեն դեպքում պետք է պատժի մեխանիզմներ սահմանվեն բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր նույնիսկ մտքի ծայրով կանցկացնեն հայրենիքի մի մաս հայտարարել կամ ընդունել, որ կարող է օկուպացված մնալ թշնամու կողմից։ Եվ այդ պաշտոնյաներն էլ, եւ իրենց վարքագիծը պետք է հայտարարվեն հակապետական, նրանց պետք է խարազանել սերնդեսերունդ։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այսպիսի վարքագիծը դառնա օրինաչափ, նորմալ, սովորական, որի հետեւանքով մենք ապագայում պարզապես կշրջափակվենք Երեւանում եւ կունենանք միայն Երեւանը՝ որպես Հայաստանի Հանրապետություն։ Եթե ճանաչում ես, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի տակ, հիմնականում այս խոսքս ուղղվում է իշխանությանը, մասնավորապես իշխանական այն պատգամավորներին, ովքեր այս դահլիճում «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ պետք է մտածեն՝ քվեարկեն կողմ կամ դեմ, նրանք պետք է նաեւ իրենց հարց տան՝ արդյոք պատրաստ են իրենք իրենց ճանաչել օկուպանտ, որովհետեւ երբ նման հայտարարություններ են անում, ապա լռելյայն համաձայնվում են Ադրբեջանի կողմից քաշված այդ նարատիվի հետ, որ ապագայում նաեւ կարող են փոխհատուցումներ պահանջել ՀՀ-ից»,- ասաց նա։

Աննա Կոստանյանն իր խոսքն ուղղեց ՀՀ քաղաքացիներին․ «Եթե համակերպվում ենք ոչինչ չանելու հետ, օրինաչափ եւ սովորական ենք դարձնում պարտվողականությունն ու հողատվությունը։ Հետեւաբար, նաեւ ինքներս մեզ համար գոնե պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն իր «ձեռքերը չի կարող լվանալ» Արցախից, որովհետեւ Արցախին հաջորդելու են ՀՀ մի շարք տարածքներ։ Եվ դրա պրակտիկան այսօր արդեն իսկ կա՝ գրավված է Գորիս-Կապան ճանապարհահատվածը, հարձակում եղավ Վարդենիսի ու Ջերմուկի վրա, չունենք Շուռնուխը, Սեւ լճի մի մասը գրավված է, ամեն օր ոտնձգություններ են լինում ՀՀ տարբեր հատվածների հանդեպ»։ Նա նաեւ պահանջեց․ «Պատերազմի սպառնալիքները «Հայաքվե» նախաձեռնության գրպանը չգցեք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930