«Պարտադիր է, որ այդ անձը Հայաստանի տարածքում դատվի մեր օրենքի ամբողջ խստությամբ։ Այդ հոդվածների համակցությամբ նա առնվազն 20 տարվա պատիժ պետք է ստանա, եթե ոչ ցմահ դատապարտվի։ Միայն ՀՀ օրենքներով համապատասխան պատիժ ստանալուց հետո կարելի է խոսել հնարավոր որեւէ արտահանձման, փոխանակման եւ այլնի մասին։ Բնականաբար, արտահանձնման դեպքում փոխանակում պետք է լինի, բայց ես կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր է, որ այդ անձը դատվի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու եւ Շաքիի բնակիչներին մարմնական վնասվածք հասցնելու դեպքին։
«Վարչախումբը մի քանի օր իմացել է Հայաստանի տարածք հնարավոր ներթափանցման մասին, եւ դիվերսանտը վնասազերծվել է ոչ թե մեր անվտանգային ծառայությունների, այլ Շաքի գյուղի բնակիչների կողմից այն բանից հետո, երբ կրակել ու վիրավորել է գյուղի բնակչին, երեխաներին է մարմնական վնասվածք հասցրել։ Դա ցույց է տալիս, թե որքան բարձիթողի վիճակում է մեր երկրի ընդհանրապես եւ Սյունիքի մասնավորապես անվտանգային համակարգը»,- հավելեց Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ վարչախումբն անընդհատ շոուներ է կազմակերպում՝ ասելով, որ նոր անվտանգային միջավայր են ստեղծում։ Բայց պարզվում է, որ Ադրբեջանի ժամկետային զինծառայողը կարող է զինված հատել պետական սահմանը, մի քանի օր դեգերել ՀՀ տարածքում, եւ միայն բնակիչների հետ ընդհարումից հետո են նրան վնասազերծել։
Նշենք, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































