Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են պատանիները տեսնում Երեւանը. լուսանկարչական ցուցահանդես «Նարեկացի»-ում

Նոյեմբեր 28,2023 15:13

«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ լուսանկարչական ցուցահանդես՝ «Երևանն իմ աչքերով» խորագրով, որտեղ ներկայացվեցին ՀՀ ԿԳՄՍՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի լուսանկարչական խմբի սաների եւ ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների աշխատանքները՝ լուսանկարչության ուսուցիչ Վահե Իսրայելյանի ղեկավարությամբ։

Միջոցառման նպատակն է ապագա փոքրիկ լուսանկարիչների աչքերով ներկայացնել հնամյա Երևանը:

«Ցուցահանդեսն ապացուցում է, որ փոքր տարիքից երեխայի մեջ կարևոր է զարգացնել ճշգրիտ կոմպոզիցիայի իմաստը տեսնելու և համադրելու ունակությունը։ Փորձառու ուսուցչի շնորհիվ երեխայի անձնային որակների վրա է անդրադառնում արվեստի ճիշտ ուսուցումն ու ընկալումը։ Երեխաները համարձակ են, դրա համար էլ նրանց նկարներում տեսնում ենք իրենց երևակայության արձագանքը, այն ինչը ցանկացել են նկարել ու դրանով արտահայտել իրենց սերը Երևանի տարբեր անկյունների ու քանդակների հանդեպ»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը։

«Արվեստն ինքնին իրականության լրացումն է, քանի որ առանց արվեստի ապրելն անհնար և անհետաքրքիր կլինի։ Արվեստն ու գեղարվեստական կրթությունը մարդու հոգևոր և բարոյական զարգացման դինամիկան են ապահովում: Կարծում եմ, որ կրթական ոլորտում ճշգրիտ լուսանկարչությունն ունի խնդիրներ, և դրա լուծումը կլինի՝ լուսանկարչության մուտքը դեպի գեղարվեստական կրթություն, դեպի՝ իրական արվեստ»,-ընդգծեց լուսանկարչության ուսուցիչ Վահե Իսրայելյանը։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեմս Ներսիսյանի ձեւակերպմամբ, լուսանկարչության պարագայում միայն համապատասխան սարքը բավարար չէ՝ լավ նկարներ ստանալու համար, կարեւոր է, որ լուսանկարիչը եւս համապատասխան «աչք» ունենա:

Լեմս Ներսիսյան

Նրա խոսքով, զգացմունքայնություն, լույսի ու ստվերի, գունային համադրությունների ըմբռնումներ կան այս բոլոր աշխատանքներում, որոնք բավականին արհեստավարժ կերպով են ներկայացված։

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

Լուսանկարները ՝ «Նարեկացի» արվեստի միության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930