Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխային սպառնացել են համացանցով, որ կգան, կգտնեն իրեն»․ հոգեբանը՝ համացանցային վտանգների և մեդիագրագիտության կարևորության մասին

Դեկտեմբեր 02,2023 20:11

«Ծնողական համայնքի և երեխաների մեդիագրագիտության կարողությունների մակարդակը և ազդեցությունը նրանց վարքագծի վրա» ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ծնողների 86 %-ը վերահսկում են երեխաների համացանցային գործունեությունը։

Ուսումնասիրությունն իրականացվել է 132 ծնողի և 138 երեխայի շրջանում։ Այն անցկացվել է Երևանի երկու դպրոցներում՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 և Ալ․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցներում։ Հարցմանը մասնակցել են ծնողական համայնքի ներկայացուցիչներ (25-63 տարիքային խումբ) և երեխաներ (10-15 տարիքային խումբ):

Հարցումն իրականացվել է տպագիր հարցաթերթերի միջոցով, այնուհետև անցկացվել են 8-12 հոգանոց ֆոկուս խմբային քննարկումներ նախ ծնողների, հետո երեխաների հետ։

Ուսումնասիրությունն իրականացրել են «Առավոտի» լրագրող Տաթև Հարությունյանը և սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված «Մեդիա և տեղեկատվական գրագիտություն աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհով։

Ուսումնասիրություն

Ծնողական վերահսկողություն տիկտոկյան տեսանյութերով և reels-երով փոխանցվող բովանդակություն

Aravot.am-ը Կանա զարգացման կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանից հետաքրքրվեց՝ երեխայի համացանցային վարքի՝ ծնողական վերահսկողությունը կարևո՞ր է, նա պատասխանեց․ «Այդ հնարավորությունը, որ հեռախոսների վրա դրվում է, սահմանափակում է այն կայքերի դիտելիությունը, որոնք 18+ տարիքի նյութեր կարող են պարունակել կամ ագրեսիա, թշնամանք, բռնություն պարունակող հրապարակումներ։ Բայց դա դեռ չի ազատում մնացյալից՝ ուղեղը լվացող սիստեմատիկ կրկնվող նյութերից, որոնք երեխային գալիս են տիկտոկյան և ռիլս տարբերակներով։ Այդ նյութերը վտանգում են․ ուղղակի այդ րոպեին անջատվում է գլխուղեղի աշխատունակությունը՝ վտանգում տեսողությունը, նպաստում հոգնածությանը, վտանգում է ժամանակի կառավարումը, որն էլ իր հերթին բերում է երեխայի կամքի խնդրի, կոնֆլիկտների։ Այսինքն՝ ծնողը, երբ ասում է՝ ես վերահսկում եմ, դրանք լավագույն դեպքում ծնողական վերահսկողության հավելվածներն են՝ ավտոմատ կերպով արվող, դա անմիջապես այն չէ, որ ծնողը մասնակցություն ունի երեխայի առօրյա կյանքին։

Խորհուրդներ հոգեբանից՝ ինչպես վերահսկել երեխայի համացանցային վարքագիծը

Մարինա Ղազարյանը կարևորեց մասնակցող դիտում հոգեբանական մեթոդը, երբ ծնողը երեխային հետազոտում  կամ դիտում է իր կենսագործունեության բնականոն պայմաններում․ «Այսինքն՝ դու դասարանում ես, կարծես աշակերտներից մեկն ես, կամ եթե խաղասենյակ է, որպես մասնակից ես այդ րոպեին, ոչ թե դիտարկող։ Վերևից ներքև ուղղահայաց դիրքորոշումն ավելի խանգարում է։ Մեծահասակ-երեխա հարաբերությունը պետք է հորիզոնական լինի։ Մենք մի պահ պիտի լինենք իրենց աշխարհում, իրենց դաշտում՝ մինչև այդ պետք է վստահություն շահած լինենք։ Դա միանգամից չի լինում․ օրինակ՝ միասին նայենք ինչ-որ բաներ, միասին հետաքրքրվենք, ցույց տանք, որ այդ ֆիլմը կամ ինչ-որ տեսանյութ հետաքրքրեց մեզ կամ նույնիսկ խաղը՝ ինչպես է այն ստեղծված։ Երբ մենք գնում ենք երեխայի դաշտ, այնտեղից ավելի հեշտ է նրան բերել մեր դաշտ, իսկ վերևից ներքև վերահսկողությունը մերժվում է, բերում է նաև թաքուն բան անելու, այսինքն՝ արդեն նաև ստի։

Համադասարանական չաթերը՝ զրուցարանները կարող են հանգեցնել կոնֆլիկտների, մինչև անգամ բուլինգի բերող գրառումների։

Այսօր շատ խնդրահարույց են համադասարանական չաթերը՝ զրուցարանները։ Ըստ հոգեբանի՝ այնտեղ խնդիր կա ամբողջ օրը ինչ-որ քննարկման վրա ծախսելու, կոնֆլիկտի հետ կապված, կարող են լինել բուլինգի հանգեցնող գրառումներ, քանի որ մերժումը ևս բուլինգ է։ Ինքս ականատես եմ լինում այցելուների հետ աշխատանքների ընթացքում, որ այդ չաթերում կա մերժում ինչ-որ խմբի կամ անհատի կողմից։ Կարող է դա առօրյայում՝ ընտանիքում չնկատվել, նույնիսկ դասղեկի կողմից չիմացվել։ Լավագույն դեպքում մեծահասակները ներգրավվում են, կարողանում ուղղորդել, կառուցել երեխաների փոխհարաբերությունները, ռիսկերից հետ պահել, բայց շատ հաճախ լինում է, որ պատճառը չեն էլ իմանում։ Այսպիսով, որքանով ենք մենք վերահսկում մեր երեխաներին, այս հարցը, որ տոկոսային հարաբերակցությամբ բացենք, կստացվի, որ արգելքը հանելու դեպքում շատ առումով նաև չենք վերահսկում և կարող ենք ուղղակի տեղյակ չլինել, թե երեխան այդ րոպեին ինչով է զբաղված սենյակում։

Պրանկներ՝ կատա՞կ, թե՝ այլ երեխաների բուլինգի պատճառ

Ըստ հոգեբանի՝ այժմ երեխաների շրջանում տարածված են պրանկները, երբ ինչ-որ իրավիճակ են ստեղծում, որը կարող է կատակ անվան տակ վնասել մյուսների անդորրը և այլ երեխաների բուլինգի ենթարկելով՝ լինեն այսպես ասած՝ հանելուկային իրավիճակներ, որտեղ մի կողմն ուրախանում է, բայց մյուս կողմը լինում է ակամայից տուժողի իրավիճակում։ Այսպիսով՝ որքան մենք մասնակցություն ունենանք, իմանանք երեխայի շրջապատը, հետաքրքրությունները՝ արդյոք դա չի՞ եկել նաև այլ ընկերոջ կողմից, ի՞նչ ռիսկեր կան, ինչի՞ են ունակ այն մարդիկ, որոնք իր շրջապատում են, այնքան ավելի լավ կիմանանք՝ ինչ է կատարվում մեր երեխայի հետ։

Հոգեբանի կարծիքով՝ եթե ծնող-երեխա այս հարաբերություններն են, ուրեմն կարող  է հեռախոսը լինել երեխայի մոտ, բայց ծնողը վստահ լինել, որ նա դա օգտագործելու է՝ ըստ նպատակի։

Խզում՝ երեխայի իրական և համացանցային կերպարի միջև

Սա վտանգավոր գործոն է։ Շատ ենք առնչվում այն խնդրի հետ, որ երեխայի մոտ ներանձնային կոնֆլիկտ է սկսվում պայմանական երկու անձերի դերակատարումների պատճառով, որովհետև նա իրական կյանքում լինում է այլ կերպարով՝ քչախոս, ոչ այնքան նախաձեռնող, բայց հանկարծ համացանցում այլ կերպարով է հանդես գալիս։ Երկար այս վիճակը լինելու դեպքում առաջ է գալիս այս երկու դերերի միջև խզում, ինչը վտանգավոր է անձնային տեսակետից, հատկապես, եթե տարիքը նայենք։ Հոգեբանն ասաց, որ տարբեր ժամանակներում բոլոր սերունդներն էլ ունեցել են իդեալներ, նմանակելու, հետաքրքրություններ վերցնելու միտումներ։ Այժմ կորեական կամ այլ մուլտֆիլմերի հերոսներն են երեխաների viber-ի, whatsapp-ի օգտահաշիվների նկարները՝ ինչ-որ մուլտֆիլմային կերպարներ՝ ոչ այնքան հաճելի պերսոնաժներ։ Երեխան, որը դեռ ամբողջական կազմավորված չէ իր անձնային աճի տեսակետից, կարող է այդ կերպարից որոշակի ներքին դիրքորոշում վերցնել՝ հանգեցնելով ինքնամփոփության, ագրեսիայի, որոշակի անձնային դրսևորումներին, որոնք նախկինում չեն եղել։ Եվ հանկարծ գալիս են հոգեբանի մոտ արդեն վերջնական պատկերով, որ գիտեք՝ երեխաս նախկինի նման չէ, աշխատունակության անկում ունի,  պարզվում է՝ խզում կա իր համացանցային և իրական կերպարի միջև։

Ինչո՞ւ երեխաների ու ծնողների մեծամասնությունը չի ցանկանում մասնակցել մեդիագրագիտության դասընթացների

Հարցին՝ եթե տեղեկանաք, որ կազմակերպվում է մեդիագրագիտության դասընթաց անվճար հիմունքներով, ապա կցանկանա՞ք մասնակցել,  հարցմանը մասնակցած երեխաների 37%-ն է դրական պատասխան տվել, ծնողների՝ 49%-ը, երեխաների 22%-ը չի մասնակցի մեդիագրագիտության անվճար դասընթացի, իսկ ծնողների՝ 14%-ը։ Երեխաների 41 %-ը չգիտի՝ կմասնակցի՞, թե՝ ոչ, ինչը գերազանցում է մյուս երկու պատասխանները։

Ըստ Մարինա Ղազարյանի՝ այս պատկերը միայն այս ոլորտում չէ։ Ըստ նրա՝ մի կողմից մարդկանց զբաղվածությունն է պատճառաբանվում․ այս ամենը ժամանակատար է, ծնողները ժամանակ չունեն, մյուս կողմից մտածում են, որ այդ սնունդը ստանալու են համացանցից․ «Մենք խոսում ենք մեդիագրագիտությունից և առհասարակ համացանցը ընկալելու ֆիլտրերից, բայց խնդիրն այն է, որ մասամբ չեն գալիս մեդիագրագիտության դասընթացի, ինչպես որ չէին գնա հիգիենային, սեռական դաստիարակությանը վերաբերող կամ ցանկացած պրոֆիլակտիկ նկատառում ունեցող դասընթացների»։

Ծնողի՝ մեդիագրագետ լինելը՝ խնդիրների կանխման միջոց

Ըստ հոգեբանի՝ ծնողները երեխաներին պետք է սովորեցնեն թե′ վստահել, թե′  զգուշավորություն, թե′ ունենալ կասկածամտություն շրջապատի հանդեպ։ Նա խոսեց այն երևույթի մասին, երբ երեխան մտածում է, որ բոլորն իր դեմ են․ «Համացանցում էլ ենք շատ հաճախ տեսնում, որ մարդկանց թվում է՝ ամեն ինչ իրենց դեմ է, և ուղղակի ասված խոսքը չեն հասկանում՝ միշտ հակառակ, թշնամական միտումներ են տեսնում։ Դա մի ուրիշ ծայրահեղություն է։ Մեկ այլ ծայրահեղություն է ամբողջովին վստահելը՝ ընդհուպ մինչև բանկային տվյալներ տալը կամ երեխաների դեպքում տան հասցնեն, իրենց անձական տվյալները տալը։ Վերջերս ունեցել եմ դեպք, երբ երեխային սպառնացել են համացանցով, որ կգան, կգտնեն իրեն։ Բնականաբար, այլ երկրից դժվար կարողանային գտնել, բայց երեխայի վախը մնացել էր, անհանգիստ էր քնում, գիշերները վեր էր թռնում, վախենում, որ ծնողներին, փոքրիկ քույրիկին կվնասեն։ Առաջին հայացքից երեխան խաղում է, բայց թե ինչ հարաբերություն է այնտեղ, ծնողը տեղյակ չէ, ուստի պետք է հնարավորինս կանխել խմբային այդ խաղերը։ Մենք չգիտենք՝ մյուս կողմում ինչ է կատարվում․ կարող է 14 տարեկան ներկայացող անձը չլինել 14 տարեկան, այլ 23, 40 տարեկան և ինքն իր հագուրդն է բավարարում շփվել փոքր երեխայի հետ, բայց ինքնահաստատվել մեծի փորձով»։

Այսպիսի խնդիրները հաղթահարելու կարևորագույն մեթոդներից է երեխաների և ծնողների մեդիագրագիտության կարողունակությունների բարելավումը։ Ըստ Մարինա Ղազարյանի՝ եթե լինի դպրոցներում պարտադիր հիմունքներով գոնե եռամսյակային ժամանակագրությամբ դասընթաց, լավ կլինի՝ կլինեն հոգեբան, կամ կիբերանվտանգության մասնագետներ։ Դա նաև անհրաժեշտ է մեծահասակների համար, թե, օրինակ, ինչպիսի գաղտնաբառով, ինչպես դնել կոդերը, որ դրանք  հասանելի չլինեն։ Մարինա Ղազարյանը փաստեց՝ հաճախ երեխաների համար կազմակերպված մեդիագրագիտության դասընթացներին, երբ մեծերը մասնակցում են, իսկապես ահռելի ինֆորմացիա են ստանում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031