Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցցանցերից կախվածության պատճառով ֆորմալ կրթությունն էապես տուժում է»․ Սերոբ Խաչատրյան

Նոյեմբեր 30,2023 19:00

Երեխաներն ու նրանց ծնողները թեև ունեն մեդիագրագիտության կարողունակությունների բարելավման խնդիր, սակայն նրանց մեծամասնությունը չի ցանկանում մասնակցել մեդիագրագիտության դասընթացների։ «Առավոտի» լրագրող Տաթև Հարությունյանի և սոցիոլոգ Գայանե Հովակիմյանի կողմից իրականացված «Ծնողական համայնքի և երեխաների մեդիագրագիտության կարողությունների մակարդակը և ազդեցությունը նրանց վարքագծի վրա» ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կա գիտելիքի և կարիքի անհամապատասխանություն։

Հանրային լրագրության ակումբի կողմից՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտություն աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհով Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի շրջանակում կատարված ուսումնասիրությունն իրականացվել է 132 ծնողի և 138 երեխայի շրջանում։ Այն անցկացվել է Երևանի երկու դպրոցներում՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 և Ալ․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցներում։ Հարցման մասնակից թիրախային խումբ ընտրվել են ծնողական համայնքի ներկայացուցիչներ (25-63 տարիքային խումբ և երեխաներ (10-15 տարիքային խումբ):

Հարցումն իրականացվել է տպագիր հարցաթերթերի միջոցով, այնուհետև անցկացվել են 8-12 հոգանոց ֆոկուս խմբային քննարկումներ նախ ծնողների, հետո երեխաների հետ։ Հարցման մասնակիցների մեծամասնությունը, թեև ունի  մեդիագրագիտության կարողությունների բարելավման անհրաժեշտություն, սակայն հարցին՝ եթե տեղեկանաք, որ կազմակերպվում է մեդիագրագիտության դասընթաց անվճար հիմունքներով, ապա կցանկանա՞ք մասնակցել, երեխաների 37%-ն է դրական պատասխանել, ծնողների՝ 49%-ը, երեխաների 22%-ը չի մասնակցի մեդիագրագիտության անվճար դասընթացի, իսկ ծնողների՝ 14%-ը։ Երեխաների 41 %-ը չգիտի՝ կմասնակցի՞, թե՝ ոչ։ Պատկերը մտահոգիչ է թերևս այն պատճառով, որ հարցմանը մասնակցած երեխաների մեծամասնությունը չի մասնակցել մեդիագրագիտության դասի, բայց նաև չի էլ ցանկանում մասնակցել։

Aravot.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է այս պատկերի պատճառը, մի՞թե չի կարևորվում մեդիագրագիտությունը, նա պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ կարևորվում է, բայց մենք այսօր հասարակությունում ունենք մեկ խնդիր․ մարդիկ առանձնապես չեն ցանկանում սովորել։ Այսօրվա մարդու առանձնահատկություններից մեկն այն է, որ ինքը փորձում է ինքնուրույն ինչ-որ բաներ սովորել, պրպտել և ունի որոշակի անվստահություն կրթական ծրագրերի նկատմամբ։ Սովորելը, կրթությունը համարվում են դժվար գործունեության տեսակներ, և մարդկանց մոտիվացիան շատ թույլ է։ Դրա համար, երբ մարդկանց առաջարկում ես, որ դասընթացների մասնակցեն, մեծ մասը չի ցանկանում, որովհետև համարում են դժվարություն և մտածում են ավելի պրակտիկ, որ եթե ինձ մի բան պետք լինի, ես ինքս կգտնեմ, կամ եթե ես ինքս շատ նեղն ընկնեմ, անպայման կդիմեմ, բայց քանի դեռ դա ինձ համար առաջնահերթ խնդիր չի, ես ուղղակի կարող եմ հարմարվել»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ պե՞տք է արդյոք այս երևույթի դեմ պայքարել, ինչ-որ հատուկ արշավներ անել, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց՝  միանշանակ պետք է․ «Երբ նայում ենք մեր ապրելակերպին, համեմատում զարգացած երկրների հետ, մեզ մոտ մարդիկ ավելի քիչ են սովորում։ Դա, իհարկե, ունի իր պատճառները, քանի որ մեզ մոտ աշխատավարձերը ցածր են, մարդիկ մի քանի տեղ են աշխատում, դժվար առօրյա են ունենում, չեն կարողանում ժամանակ հատկացնել կրթությանը։ Օրինակ՝ երբ նայում ենք զարգացած երկրներին, այնտեղ նույնիսկ պետությունը մեծահասակներին ամեն տարի հինգ հարյուր եվրոյի կարգի գումար է տալիս, որ դրանով իրենք գնան, ինքնակրթվեն։ Մեզ մոտ այդ քաղաքականությունը չկա, դրա համար մեր ժողովուրդն ավելի քիչ է մասնակցում կրթական ծրագրերին, և մոտիվացիան մասնակցության ցածր է»։ Ըստ փորձագետի՝ գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ դասընթացների որակն էլ բավարար չէ։

Հարցին՝ ի՞նչ վտանգների եք առնչվել համացանցում, հարցման մասնակից երեխաների մեծամասնությունը՝  29%-ը պատասխանել է՝ կախվածություն, 24 %-ը՝ ապատեղեկատվություն։ ֆոկուս խմբային քննարկումների արդյունքներն էլ ցույց են տվել, որ երեխաները մտահոգված են հատկապես կախվածության խնդրով, փորձում են ելքեր գտնել այդ կախվածությունից ազատվելու համար։ Սերոբ Խաչատրյանն ասաց՝ իրոք, այդ խնդիրը կա․ «Դժվար է հուսալ , որ մարդիկ իրենք կազատագրվեն այդ կախվածությունից, նույնն էլ երեխաները, որովհետև այն ինդուստրիաները, որոնք աշխատում են երեխաների և այլ քաղաքացիների ուղղությամբ, իրենք այդ ամենը մշակում են խորությամբ, աշխատում են հոգեբաններ, մարքեթոլոգներ, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես անել, որ մարդիկ ունենան այդ կախվածությունը։ Լուծումն այն է, որ այդ ինդուստրիաները փորձեն մի փոքր փոխել իրենց քաղաքականությունը իրենց ազդեցության առումով լինեն ավելի դրական։ Մի քանի այդպիսի ֆիլմեր կան, որոնցից կնշեի օրինակ՝ «Սոցիալական դիլեմա» ֆիլմը, որտեղ խոսում են սոցցանցերի, գուգլի, թվիթերի և այլ սոցիալական ցանցերի նախկին աշխատակիցներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի տեխնոլոգիաներ են օգտագործվում այդ ընկերությունների կողմից մարդկանց՝ իրենցով անելու ուղղությամբ։ Սա է խնդիրը։ Միգուցե մենք պետք է այդ կազմակերպությունների համար որոշակի սահմանափակումներ դնենք, որպեսզի այդ հոգեբանական մանիպուլյացիաները, տարբեր տեխնոլոգիաներն ավելի հումանիստական լինեն հատկապես երեխաների պարագայում։ Այդ կախվածության պատճառով մենք այսօր լրջագույն կորուստներ ունենք դպրոցներում և համալսարաններում։ Ֆորմալ կրթությունն էապես տուժում է․ երեխաները դժվարությամբ են գիրք կարդում, մտածում, չեն ցանկանում խորանալ, ավելի սիրում են սոցիալական ցանցերի պես թերթելու, թռչկոտելու տրամաբանությունը, ոչ թե խորանալու, տևական ժամանակ վերլուծելու այդ ավելի արժեքավոր կարողությունը»։

Իսկ մեդիագրագիտություն առարկայի ներմուծումը կրթական ծրագրեր ավելի արդյունավետ կլինի՞, որովհետև հարցման մասնակիցների մեծամասնությունը, կարծում է, որ կարիք չկա առանձին առարկա ներմուծել և ծանրաբեռնված ծրագրերն էլ ավելի չծանրաբեռնել, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց․ «Հանրակրթության պետական նոր չափորոշիչում ութ կարողունակություններից մեկը կոչվում է թվային և մեդիագրագիտության կարողունակություն, այսինքն՝ մեր նախարարությունն արդեն որպես կրթության վերջնարդյունք տեսնում է մեդիակարողունակությունը որպես համընդհանուր պահանջ բոլոր դպրոցներից։ Այնպես որ այդ ամենը տարալուծված է մի քանի առարկաների մեջ։ Դա լավագույն ձևն է, որովհետև այս պահին առանձին առարկա մտցնելու անհրաժեշտություն չկա»։

Հարցին՝ համացանցում վտանգի առնչվելու դեպքում ու՞մ եք դիմում, հարցված երեխաների մեծամասնությունը պատասխանել է՝ ընտանիքի անդամներին։ Ըստ փորձագետի՝ պատճառը երևի մեր մշակույթն է․ «Հայաստանում ընդունված է, որ բոլոր հարցեր փորձում ենք ընտանիքի անդամների շրջանակում լուծել՝ և′ կրթության հարցը, և′ աշխատանքի տեղավորման, երբեմն նաև ամուսնության։ Մեզ մոտ դեռևս մասնագետին դիմելու պրակտիկան զարգացած չէ, բայց նաև մարդիկ մտածում են, որ այդ ամենը փող արժի, և չեն ցանկանում լրացուցիչ վճարումներ կատարել։ Դրա համար իրար են դիմում։ Ընդ որում ես այստեղ պետք է նշեմ, որ հաճախ երեխաներն ավելի օգտակար են, որովհետև մեծահասակները, լավ չտիրապետելով տեխնոլոգիաներին, երբեմն հայտնվում են անելանելի վիճակներում, ու երեխաները կարողանում են գտնել որոշակի ելքեր, որտեղ իրենց իմացության մակարդակն ավելի լավ է։ Սա ես դրական եմ գնահատում, որովհետև ինչ-որ իմաստով ընտանիքի անդամների միջև համագործակցության ձև է, ու նաև շատ լավ է, որ երեխաներն էլ, եթե խնդիրներ են ունենում, վստահում են մեծերին։ Դա էլ նշանակում է, որ դեռ մեր ընտանիքներում մեծերի հանդեպ որոշակի հարգանք կա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930