Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիսներ շարունակ հենց ՔՊ անդամներն էին «պարալիզացրել» Ալավերդու համայնքապետարանի բնականոն աշխատանքը՝ չներկայանալով ավագանու նիստերին․ «Սիվիլնեթ»

Դեկտեմբեր 12,2023 12:30 Share

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելուց հետո հայտարարություններ արեցին, թե պատճառը նրա անգործությունն էր, ավագանու անդամների շրջանում վստահության կորուստը և այլն։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ նշել էր, թե ամիսներ շարունակ «պարալիզացված լինելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը՝ ՔՊ խմբակցության անդամներին այլ բան չէր մնում, քան անվստահություն հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ համայնքապետին»։

«Ի դեպ, համայնքապետի անգործության ու ցածր լեգիտիմության պատճառով փաստացի ամիսներ շարունակ տուժել են համայնքի բնակիչները, որոնց մեծ մասը իրենց դժգոհությունը տարբեր կերպ է արտահայտել»,- գրել էր նա։

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել էր, թե ավագանու անդամների շրջանում Թամազյանը կորցրել էր իր հանդեպ վստահությունը՝ ասելով, թե կառավարությունն ամեն կերպ աջակցել է Արկադի Թամազյանին, չի խոչընդոտել նրա աշխատանքը:

Ինչո՞ւ են այս պնդումները կեղծ

Ալավերդիում հաղթել էր ընդդիմությունը

2022-ի սեպտեմբերի 25-ի Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» և «Ապրելու երկիրը»՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիրը» կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) հետ, և 2022-ի հոկտեմբերի 12-ին նիստին «Ապրելու երկրի» ցուցակը գլխավորող Թամազյանին ընտրել էին համայնքապետ, ՔՊ-ն չէր ներկայացել նիստին։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո։ Թամազյանի դեպքում այս ժամկետը լրանում էր 2023-ի հոկտեմբերին:

Ովքե՞ր էին կաթվածահարել համայնքապետարանի աշխատանքը

Արկադի Թամազյանի համայնքապետ ընտրվելուց հետո մինչև նրան անվստահություն հայտնելու վերջին նիստը նշանակվել է Ալավերդու ավագանու հերթական և արտահերթ քսան նիստ։

Ուսումնասիրելով Ալավերդու ավագանու նիստերի արձանագրությունները՝ պարզ է դառնում, որ մինչև 2023-ի հուլիս ՔՊ խմբակցությունը մեծամասամբ մասնակցել է ավագանու նիստերին։ Իրավիճակը փոխվել է հուլիսից։

Հուլիսին «Ապրելու երկիր» խմբակցությունը լքել էր ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Սիմոն Զախարովը, որի քվեն էլ վճռական եղավ Թամազյանին անվստահություն հայտնելու հարցում։

Հուլիսի 10-ին և 20-ին նշանակված արտահերթ նիստերին ներկայացել էին ավագանու բոլոր անդամները, բացի՝ ՔՊ խմբակցությունից ու արդեն անկախ ավագանու անդամ Սիմոն Զախարովից։

Այս նիստերում ընդգրկված մի շարք որոշումներից մեկը վերաբերում էր անհատույց օգտագործման իրավունքով «Ապրելու» հիմնադրամի կողմից GAZ A65R33-60 մակնիշի վեց հատ տրանսպորտային միջոցներ ընդունելուն: Քվորում չլինելու հետևանքով նիստերը չէին կայացել։

ՔՊ խմբակցությունը վերջին ամիսներին մասնակցել է միայն հուլիսի 28-ի նիստին, որի ժամանակ էլ միաձայն ընդունվել էին համայնքին վերաբերող մի շարք որոշումներ, այդ թվում՝ վերոնշյալ վեց տրանսպորտային միջոցներն ընդունելն «Ապրելու» հիմնադրամի կողմից։

Թեև այդ նիստից հետո համայնքապետը հրավիրել էր ավագանու չորս նիստ, սակայն ՔՊ-ն այլևս չէր ներկայացել, և քվորում չլինելու հետևանքով դրանք չէին կայացել։

Այս շրջանում արդեն, քանի որ մոտենում էր քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին, ՔՊ-ի ներկայացուցիչները հայտնում էին, որ հնարավոր է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։

Այպիսով, ամիսներ շարունակ հենց ՔՊ անդամներն էին «պարալիզացրել» համայնքապետարանի բնականոն աշխատանքը՝ չներկայանալով ավագանու նիստերին, ինչի հետևանքով էլ «տուժել են համայնքի բնակիչները»։

Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031