«Ամոթ չէ խոսել ընտանեկան բռնության մասին, դիմել օգնության և աջակցության համար, ամոթ չէ զանգել ոստիկանություն և հայտնել բռնության դեպքի մասին, արձագանքել բռնության դեպքերին և օգնել զոհին։ Ամոթ չէ պատմել քո պատմությունը և կիսվել քո սեփական փորձով։ Ամոթ է արդարացնել բռնարարին և մեղադրել զոհին»,- ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, Ընտանեկան ու կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի հեղինակներից Զարուհի Բաթոյանը (լուսանկարում)։
Նա տեղեկացրեց՝ հոկտեմբերի 1-ը ՀՀ-ում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր․ «Այս օրը հիշում են բոլոր զոհերին և հիշեցնում, որ բռնության մասին խոսելն ամոթ չէ»։
Զարուհի Բաթոյանն առաջարկեց հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված «Ընտանեկան ու կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության օրենքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթի քննարկումը՝ պատճառաբանելով, որ փաթեթը մեծ է, և լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Հանձնաժողովի անդամները կողմ էին։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ այսպիսով` օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվում է երկու ամսով։
Նշենք, որ այս փոփոխությունների նախագիծը նախաձեռնվել է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից։
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































