«Մի քանի օր առաջ 1991թ դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցած Անկախության հանրաքվեի տարեդարձն էր: Ուզում եմ հիշեցնել, որ այդ հանրաքվեին դիտորդի կարգավիճակով մասնակցում էին միջազգային բազմաթիվ կառույցներ, որոնք հանրաքվեն համարել են օրինական, որից հետո 30 տարի, մինչեւ այս ազգակործան պատուհասը՝ գնացել են բանակցություններ Արցախի ինքնորոշման, միջազգային ճանաչման համար: Ուստի, տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի վերջին հարահոս, անընդհատ փոփոխվող մտքի արգասիքը.. Մեր հասարակությունը քնած է, մեր հասարակության ինքնապահմանման բնազդը մեռած է, հասկանո՞ւմ եք մարդը հայտարարում է, որ Արցախը հանձնված էր դեռեւս 2016թ օգոստոսին, եւ ես դա հասկացել եմ 2018թ.-ին»,- «Հայելի» ակումբում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով. «Եթե նման հայտարարություն արվեր նախկին որեւէ ղեկավարի պաշտոնավարման ժամանակ, հիմա փողոցներում 100 հազարավոր մարդիկ կլինեին, հիմա այն ժամանակվա ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ կպատառոտեր իշխանությանը… Հիմա հասկանանք՝ ինչ է ասում Փաշինյանը, այն Նիկոլ Փաշինյանը, որը 2019թ գնում էր Արցախ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ եւ բղավում էր «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Էն Նիկոլ Փաշինյանը, որը 2021թ գնում է նախընտրական քարոզարշավի ՝ նախընտրական ծրագրում գրելով Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, այն Նիկոլ Փաշինյանը, որը 2021թ այլեւս հետընտրական կառավարության իր ծրագրում ներկայացնում է «Արցախի անջատում՝ հանուն փրկության կոնցեպտը», այդ մարդը մի քանի օր առաջ հայտարարում է, որ 2018թ արդեն հասկացել էի, թե 2016թ օգոստոսին էր բովանդակային առումով տեղի ունեցել Արցախի լուծարումը:
Խորհրդարանում քնած ընդդիմություն, որևէ մեկդ ոչինչ չունի՞ ասելու, բացի անիմաստ ինչ-որ հայտարարություններից … Եթե այդ մարդը հայտարարում է, թե 2018-ին հասկացել էր, որ Արցախի լուծարմանը այլընտրանք չկար, 2019-ին ինչո՞ւ էիր բղավում «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նաեւ որոշ մեջբերումներ արեց օրերս Իլհամ Ալիեւի՝ Եվրոնյուզին տված հարցազրույցից. «Ուզում եմ հիշեցնել Ալիեւի հարցազրույցից որոշ հայտարարություններ: Եվրոնյուզին տված հարցազրույցում Ալիեւը հայտարարեց, որ պատերազմը բերել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Ալիեւի երկրորդ հայտարարությունը Եվրոնյուզին տված հարցազրույցից, հետևյալն է՝ պատերազմը սանձազերծել է Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը…Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ասում են՝ բերեցին պատերազմը, հանձնված Արցախը եւ գցեցին Նիկոլ Փաշինյանի ջեբը, թող չալարեն, բացեն 3-4 օր առաջ Ալիեւի տված հարցազրույցը Եվրոնյուզին: Ես կրկին ընդամենը մեկ նախադասություն եմ մեջբերում Ալիեւից՝ Արցախյան երկրորդ պատերազմի մեղավորը այս կառավարությունն է, Փաշինյանի հայտարարությունը «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ դե յուրե փակեց ցանկացած բանակցություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































