Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ներդրումների համար բյուրոկրատական քաշքշուկը շատ է»․ Ռոդիոն Կռիլով

Դեկտեմբեր 25,2023 16:30

Ավտոմոբիլային սպորտը, մասնավորապես, կարտինգը, Հայաստանում սկսել է արագ տեմպերով աշխուժանալ։ Ու այդ ամենը կատարվում է շնորհիվ նվիրյալների գործադրած ջանքերի, սեփական սուղ միջոցները ներդնելու շնորհիվ։

Սովորաբար, հենց այս կամ այն մարզաձեւին աջակցելու կարիք է զգացվում, պետությունը եւ բիզնեսը ասում են՝ արդյունքներ ցույց տվեք, որ տեսնենք ձեր աշխատանքը եւ հետո միայն աջակցենք։

Հենց այդպես էլ վարվել են Արթուր Գորոյանը, նրա գործընկերները եւ թիմի անդամները։ Սակայն, ինչպես երեւում է, բավարար ուշադրություն չկա։ Եվ դա այն դեպքում, որ ավտոմոբիլային սպորտն ընդհանրապես եւ կարտինգը մասնավորապես, ամբողջ աշխարհում տարածված եւ ամենահեղինակավոր ու շահութաբեր մարզաձեւերից է։

«Գորոյան ռասինգ» ազգային առաջին թիմը վստահեցնում է, որ ինքը ոչ թե գումար է ակնկալում հնարավոր հովանավորներից, այլ առաջարկում է փոխշահավետ համագործակցություն, ինչը, թերեւս, կարող է ավելի անհրաժեշտ լինել հենց բիզնեսի ներկայացուցիչներին։

Թիմի անդամ Ռոդիոն Կռիլովը, որը կիսով չափ հայ է, կիսով չափ ռուս, տիրող իրավիճակի մասին ասում է․ «Այս նախագծի հենց սկզբից ես Արթուրի կողքին եմ եղել, օգնել եմ որոշ հարցերում եւ մնացել եմ թիմում։ Այո, մենք զրոյից սկսեցինք ու հասանք հաջողության։ Մենք հիմա էլ անում ենք ամեն բան մեր ուժերով  այս ամենը շարունակելու համար։Եվ հիմա այս ամենը Հայաստանում զարգացնելու համար, բայց հանդիպում ենք որոշ խնդիրների, որոնք հետագայում մեզ խանգարելու են։ Դրանցից մեկը հովանավորների հետ շփումն է, թե որքան ադեկվատ է բիզնեսը վերաբերվում մեր առաջարկներին։ Տպավորություն է, որ Հայաստանում բիզնեսի մարդիկ մտածում են, թե  բոլորն իրենցից գումար են ուզում։

Ես ուզում եմ, որ բոլոր ընկերությունները, որոնք հետագայում հնարավոր է, կցանկանան մեզ աջակցել, իմանան․ մենք չենք առաջարկում՝ մեզ գումար տան ու գնանք ինչ-որ մի տեղ մրցման մասնակցելու։ Մենք հնարավոր բոլոր հովանավորներին առաջարկում ենք՝ եկեք իրար հետ աշխատենք։ Մենք ձեր պրոդուկցիան, ապրանքանիշը առաջ տանենք արտասահմանում, տվյալ պարագայում՝ Դուբայում եւ դրա դիմաց հետագայում մենք ինչ-որ աջակցություն ստանանք։

Նույնիսկ այն կոնտեքստում, երբ մենք պատրաստ էինք առանց որեւէ գումարի մեզ հետ հովանավոր տանել Դուբայ, մարդիկ հրաժարվել են։ Սա մեծ խնդիր է ու մեզ հասկանալի չէ։

Հաջորդ խնդիրը, որը խանգարում է հետագայում զարգանալ, դրսից ինվեստիցիոն գումարներ բերելն է։ Մարդիկ կան, որ ունեն գումարներ եւ ուզում են ներդրումներ անել, բայց պատրաստ չեն Հայաստան գալ բյուրոկրատական քաշքշուքների պատճառով։ Նրանց ասում են․ գնա առաջին կաբինետ, հետո՝ մի հատ էլ գնա երկրորդ կաբինետ, ապա երրորդ կաբինետ, չէ, չորրորդն էլ պետք է գնաս, հետո՝ լավ, այսքանը գնացել ես, մի հատ էլ գնա հինգերորդ կաբինետը։ Ու մարդիկ արդեն չեն ուզում Հայաստանի հետ աշխատել։ Այստեղ չկա միջավայր, որ մարդը գա գումարով, ասի՝ ուզում եմ սա առաջ տանել, պատրաստ եմ վճարել ու մնացածը կազմակերպելը ձեր վրա է։ Ահա այսպիսի բյուրոկրատական խնդիրների ենք հանդիպում»։

Արթուր Գորոյանը  իր հերթին նշեց․ «Մենք դժվարություններով ենք այս հաջողությունը կերտել եւ հիմա այլ բաների վրա կենտրոնանալու անհրաժեշտություն ունենք։ Հայաստանի բիզնեսի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն բանի վրա, որ ներկայումս մենք ունենք ընդամենը մեկ կարտոդրոմ, որն էլ գտնվում է բնակելի շենքերի մեջ։ Մարզիկները, որոնք պետք է մարզվեն դիմացկունությունը բարձրացնելու համար շուրջօրյա մարաթոնին մասնակցելու նպատակով, այդ շենքերի միջակայքում երեկոյան եւ գիշերը մարզվել չեն կարող։ Դա մեծ  խնդիր է։ Մեծ խնդիր է մեկ կարտոդրոմ ունենալը։ Եվ եթե բիզնեսը լսում է ինձ կամ կարդում, կխնդրեի եւս մեկ-երկու կարտոդրոմ կառուցել։

Հիմա բազմաթիվ ցանկացողներ կան կարտինգով մարզվելու։ Եվ եթե մի քանի կարտոդրոմ էլ ունենանք, մենք կկարողանանք դրանք լեփ-լեցուն պահել։ Կարտինգը ոչ միայն սպորտ է, այլ նաեւ կարգապահություն է, առողջ ապրելակերպ, որովհետեւ ծխող եւ խմող մարդը 15-20 րոպե հետո այլևս չի կարող վարել այնպես, ինչպես պահանջվում է։

Կարտինգը նաեւ անվտանգ երթեւեկություն է, որովհետեւ  պարտադիր պետք է բարձր մակարդակով տիրապետել ճանապարհային երթեւեկության նշաններին, ավտոմեքենա վարելու պարտադիր կանոններին ու նրբություններին,  ինչն էլ իր հետ անպայման բերելու է վթարների ու պատահարների, հետեւաբար, նաեւ մահացությունների ու վարորդների կտրուկ նվազում»։

Հայաստանը ավտոճանապարհային պատահարների եւ զոհերի քանակով աշխարհում  երրորդ երկիրն է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031