Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կարտինգի առաջին թիմը Դուբայում առաջին մրցանակն է շահել

Դեկտեմբեր 25,2023 16:00

Ջավախքում ծնված, Ռուսաստանում բնակվող եւ ավտոմոբիլային սպորտում միջազգային մեծ ճանաչում ունեցող ավտոարշավորդ Արթուր Գորոյանը ոչ միայն կապը չի թուլացնում Հայաստանի հետ, այլեւ մեծ ջանքեր է ներդնում ավտոսպորտը իր հայրենիքում էլ զարգացնելու եւ այդ կերպ իր Հայաստանը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար։

Արթուր Գորոյանը Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի, Բելառուսի ավոմոբիլային ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Սիմոնյանի եւ տարբեր երկրներում ապրող  հայրենասեր ընկերների հետ Հայաստանում ստեղծել է ավտոմոբիլային սպորտի առաջին ազգային թիմը, որը դեկտեմբերի կեսերին Դուբայում մասնակցելով կարտինգի 24-ժամյա մրցաշարին, 42 երկրների մրցակցությունում գրավել է մրցանակային 3-րդ տեղը։

 

«Մոտ մեկ տարի առաջ, երբ տղաներով Երեւանում էինք հավաքվել, ցանկություն առաջացավ կարտինգի մի թիմ ստեղծել, մասնակցել որեւէ մրցման  եւ ցույց տալ, որ կարող ենք, փաստացի, սկսել զրոյից ու   հաջողություն արձանագրել։ Սկսեցինք թիմի կազմավորումից, որի պահանջները հաղթահարած տղաները անցան ծանր փորձությունների միջով։

Կես տարում մենք նրանց սովորեցրինք կարտինգի այբուբենը՝ տիրապետել կարտին, այնուհետեւ, աստիճանաբար նաեւ սկսեցին յուրացնել արագ վարելու կանոնները եւ նրբությունները։ Ու գնացինք Դուբայ՝ մասնակցելու համաշխարհային սերիային, որտեղ հանդես է գալիս կարտինգի էլիտան։ Մասնակցում էր 42 թիմ։ Ու հենց առաջին փորձով 3-րդ մրցանակային տեղն գրավեցինք։

Այդպես մենք ապացուցեցինք նախ եւ առաջ ինքներս մեզ, որ Հայաստանում չունենալով անհրաժեշտ քանակությամբ կարտոդրոմներ, կարտինգի չեմպիոններ, չունենալով տեղացի պրոֆեսիոնալ մարզիչներ, մենք կարող ենք սկսել եւ հասցնել մինչեւ վերջ։

Դրա համար գտանք այլ երկրներում ապրող պրոֆեսիոնալ արշավորդ, մարզիչ մեր հայրենակիցների եւ նրանց աջակցությամբ հասանք մեր առջեւ դրած նպատակներին։

Սա շատ կարեւոր է նաեւ մյուս ոլորտների ներկայացուցիչների համար՝ հասկանալու, որ նման բան հնարավոր է։ Առավել եւս, որ մենք այս ամենն արել ենք կես տարում ու կարող ենք նաեւ անել ավելին»,-ասում է «Գորոյան ռեսինգ» թիմի հիմնադիր Արթուր Գորոյանը։

«Այս նախագծի կարեւոր առանձնահատկություններից մեկը նախապատրաստության, մարզումների միջոցով երկրում  առկա ուժեղ եւ թույլ կողմերի ուսումնասիրումն ու բացահայտումն էր, իմանալը, թե ինչ ունենք, ինչն է պակասում։ Մեր ուժեղ կողմերից  կառանձնացնեմ մարդկային ներուժը, այն մարդկանց, որոնք ցանկանում,  կարողանում ու հասնում են իրենց նպատակին։ Մեր թիմի անդամները ծանրագույն մարզումային շրջափուլեր են հաղթահարել ու հասել են իրենց նպատակին։ Իսկ նպատակը ոչ այնքան արագությունն էր, կամ ինչ-որ առումով հաղթելը,  այլ մինչեւ վերջ գնալը։ Հայաստանում շատ են այդպիսիք տարբեր ոլորտներում։ Ես դա այստեղ տեսել եմ ոչ միայն անմիջապես  կարտինգիստների մեջ։ Այդպիսի մարդիկ կային մեր շրջապատողների մեջ։ Կարտոդրոմի աշխատողներ կային, որ գալիս, աշխատում էին անվճար։ Մի մասը դրոշներն էր կառավարում, մյուս մասն օգնում էր այլ տեղերում, որտեղ դրա կարիքը կար։ Ու մենք բոլորով միասին այս գործն արեցինք։ Ահա, այս մարդկային ներուժն եմ ուզում առանձնացնել, որն ի վիճակի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, անել ավելին, ավելին ու ավելին»,-ասում է Արթուր Գորոյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031