Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենայն հավանականությամբ, Իտալիայում մենք արդեն մեքենաներից մեկի ղեկի առջեւ կունենանք երեք հայ արշավորդ»․ Արթուր Գորոյան

Փետրվար 02,2023 23:23

Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթած «Sharky Racing» թիմի առաջատար արշավորդ Արթուր Գորոյանի եւ Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի հանդիպումը Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների հետ կազմակերպել էր «Media Group»-ը։

Արաբական Միացյալ Էմիրություններում հայ առաջին ավտոարշավորդը հայկական թիմի երկրորդ անդամ Ռոման Մավլանովի հետ միասին հանդես է եկել Audi RS3 դասի ավտոմեքենայով։

Արթուր Գորոյանը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հայկական ազգանունով բազմաթիվ մարզիկներ  բավականին հաջող հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո։ Եվ ցանկալի է՝ լինի  հակառակը, որպեսզի մեր մարզիկներին հետ վերադարձնենք։ Եվ նրանք այստեղ պատրաստեն նոր մարզիկներ։

Aravot.am-ը նշեց, որ Արթուր Գորոյանը սկսել է կարտինգից, սկզբում հանդես եկել Ռուսաստանի դրոշի ներքո եւ երբ բարձրացվել է այդ երկրի դրոշը, մտածել է, որ ավելի լավ կլինի, որ ներկայացնի Հայաստանը եւ իր պատմական հայրենիքի դրոշը ծածանվի։ Եվ հետաքրքրվեց, թե ինքը որեւէ նախաձեռնություն հանդես բերե՞լ է՝ միավորել բոլորին, բացառապես հայկական թիմեր կազմել ու հանդես գալ զուտ հայկական անձնակազմերով։ Հետաքրքիր էր նաեւ, թե անձամբ Հայաստանում ավտոսպորտը զարգացնելու կոնկրետ ծրագրեր ունի՞։

«Շնորհակալություն հարցի համար։ Այո, կան անվանի հայ ավտոարշավորդներ։ Օրինակ, Նիկոլյա Մինասյանը, որը նախկինում եղել է Ֆորմուլա-1-ի թեստավորող արշավորդ, Լեմանի մրցարշավի բազմակի հաղթող։ Նա մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում եւ «այրվում է» այդ գաղափարով։ Ավելին ասեմ, իմ մեքենայի վրա Հայոց Եռագույնն է։ Դա ի սկզբանե նրա գաղափարն է եղել, որպեսզի որեւէ ձեւով մրցումների ժամանակ ցուցադրենք հայկականը։

Սակայն միայն Նիկոլյա Մինասյանը չէ։ Այլ հայ արշավորդներ էլ կան, որոնց անունը չեմ տալիս զուտ այն պատճառով, որ նրանց հետ հստակ պայմանավորվածություն առայժմ չկա։ Բայց հստակ է, որ այդպիսի գաղափար կա, որ ոգեւորված են այդ թեմայով, որ շատ ցանկանում են մասնակից դառնալ դրան։ Ավելին․ ամենայն հավանականությամբ Իտալիայում մենք արդեն մեքենաներից մեկի ղեկի առջեւ կունենանք երեք հայ արշավորդ։

Ինչ վերաբերում է անձամբ իմ կողմից ավտոսպորտը Հայաստանում զարգացնելուն, հստակ գրաֆիկի մասին դեռ խոսել չեմ կարող։ Բայց որպես պիլոտ կարող եմ ասել իմ կարիերայի զարգացման առումով։ Ամենաիրատեսական քայլը որպես կարտինգի զարգացում, նկատի չունեմ բուն կարտոդրոմը, պետք է որպեսզի տարբեր երկրներից պիլոտները հավաքվեն, ստեղծվի հայ թիմ ու իրենք կարողանան մասնակցել տարատեսակ մրցումների Դուբայում եւ այլ երկրներում եւս»,-պատասխանեց նա։

Ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանն էլ ներկայացրեց ավտոսպորտի զարգացման ֆեդերացիայի մոտեցումները պետական համակարգի հետ։ «Ներկայացնելու ենք այս եւ ընթացիկ տարիների մեր ծրագրերը մրցաշարերի մասնակցելու մասով։ Վրաստանում, օրինակ, ավտոսպորտը պետական մակարդակի վրա է, բյուջեից ֆինանսավորվում է։ Մենք ուզում ենք պատրաստվել  եւ հայկական թիմով ու դրոշով մասնակցել 2024 թվականի աշխարհի խաղերին»։ Իսկ դրա համար բյուջե է պետք, որը չունենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728