Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ որպես Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացման «առաջամարտիկ»

Դեկտեմբեր 27,2023 16:45

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մայրաքաղաք Երևանում անցկացվում էր արդեն յոթերորդ անգամ, այս տարի տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը։ Այն  ներառում էր 7 համերգային երեկո, ինչպես նաև մի շարք վարպետության դասեր։ Համերգների ծրագրում հետաքրքիր համադրություններ էին՝ արևմտաեվրոպական և ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին հնչում էին նաև մեր ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի կոնցերտները, որոնց որոշել եմ անդրադառնալ այս հոդվածում՝ առանց ընկղմվելու խորը տեսական-երաժշտագիտական վերլուծության մեջ։

Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորն ունկնդրին հայտնի է վաղուց՝ դեռևս փառատոնի առաջին տարիներից։ Ինչպես նշված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում, կոմպոզիտորը նվագախմբի 18-րդ համերգաշրջանի ռեզիդենտ կոմպոզիտորն է‚ և այստեղ պարզ են դառնում նվագախմբի և կոմպոզիտորի համագործակցության հիմքերը։ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները հնչում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կոմպոզիտորը երաժշտությամբ է սկսել զբաղվել բավականին մեծ տարիքում։ Նա հիմնականում ստեղծագործում է նեոկլասիցիզմի ոճում և գերազանցապես կոնցերտային ժանրում։ Նրա ստեղծագործությունները հնչեցնում են արդի անվանի արտիստներ, որոնց կատարումները տեղադրված են կոմպոզիտորի յութուբի էջում։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին հնչեց կոմպոզիտորի նորահայտ “Carpe Diem” ջութակի կոնցերտը երիտասարդ վիրտուոզ հայտնի ջութակահար Սթիվեն Վորթսի կատարմամբ։ Կոնցերտն ունի եռամաս կառուցվածք՝ գրված նեոկլասիցիզմի ավանդույթներով, բայց ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկաների կիրառմամբ։ Կոմպոզիտորը նվագախմբի կազմում օգտագործել է հարվածայինների մի ամբողջ խումբ՝ ունկնդրին ներկայացնելով այս գործիքների ողջ գունապնակը։ Կոնցերտում հարվածայինները մերթընդմերթ երկխոսության մեջ էին մտնում մենանվագ ջութակի հետ՝ ստեղծելով հետաքրքիր ելևէջային համադրություններ։ Կոնցերտի երկրորդ մասն աչքի ընկավ դինամիկ «անհանգստությամբ», կոմպոզիտորը մեղեդին վարպետորեն ներկայացնում էր մերթ մենակատարի նվագաբաժնում, մերթ մեղեդին «թռչկոտում էր» փայտափողայինների արագընթաց պասաժներում՝ ունկնդրին պահելով թեթևության, բայց  միաժամանակ դժվար պարպվող լարվածության մեջ։

Սթիվեն Վորթսը փայլեց նաև համերգի երկրորդ հատվածում՝ ներկայացնելով Խաչատրյանի հանրահայտ Ջութակի կոնցերտը։ Ակներև էր, որ երկու ստեղծագործություններում էլ ջութակահարն ամենայն մանրամասնությամբ հետևել էր նոտային տեքստի դինամիկ նշաններին, ինչն առավել վառ արտահայտվեց հենց Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարման մեջ։ Վորթսը մինչև վերջ և նույնիսկ ֆինալում պահպանեց «եվրոպական քաղաքավարությունը» Խաչատրյանի վառ և պոռթկուն կոնցերտում։ Սա, իհարկե, հետաքրքիր մոտեցում է և այս գունագեղ կոնցերտի մեկնաբանության նոր տարբերակ։

Սեպտեմբերի 16-ի՝ փառատոնի երկրորդ համերգին հանդես եկավ չինացի դաշնակահար Զի Զին՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Մանկության հիշողություններ» ցիկլը։ Այս ստեղծագործությունը ծրագրային է և ներկայացնում է կոմպոզիտորի մանկության վառ հիշողությունները։ Յուրաքանչյուր մասի անվանումը կարծես որևէ երևույթի կամ խաղալիքի ծանոթացման տպավորություն է ստեղծում։ Ստեղծագործությունը թեթև է՝ առանց ավելորդ «ծանրամարս» ակորդների և սինթետիկ կառուցվածք ունի։ Ունկնդիրը ստեղծագործության կատարման ընթացքում ժամանակ առ ժամանակ պարուրվում էր բարի, որոշ դրվագներում նաև մելամաղձոտ հիշողություններում, որը‚ սակայն‚ երկար չէր տևում․ լուսավոր մաժորի հիմքով ակորդներն արագ ցրում էին մթնոլորտը՝ վերադարձնելով ունկնդրին մանկական հաճելի զգացողությունները։ Կոնցերտում բացառություն է միայն վերջին մասը, որը Շորն անվանել է «Առաջին սեր»։ Այստեղ  վարպետորեն «փոթորկվում են» և՛ դաշնամուրը, և՛ նվագախումբը․ մի քանի թեմաներ անընդհատ միախառնվում են, առանձնանում, ապա կրկին միանում։ Պիեսի ֆինալում նվագախմբի նվագակցությունը թեժանում է և ավարտում մաժոր տրամադրությամբ՝ ունկնդրի հիշողության մեջ թողնելով բարի զգացողություններ։

Հաճելի էր համերգասրահի ամֆիթատրոնում տեսնել բազմաթիվ ծնողների, ովքեր երեխաների հետ էին եկել վայելելու այս համերգը։

Փառատոնի հաջորդ համերգում հանդես եկավ հարավկորեացի անվանի դաշնակահար Եկվոն Սունվուն։ Նա ներկայացրեց Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթատետրը»։ Այս ստեղծագործությունը նույնպես կոմպոզիտորի տպավորությունների մասին է, բայց արդեն ճամփորդությունների տարբեր քաղաքներում՝ Բարսելոնա, Հռոմ, Փարիզ, Վենետիկ և այլն։ Ստեղծագործությունը բազմիցս հնչել է Երևանում և դարձել ունկնդրի սիրելի ստեղծագործություններից մեկը։ Լեցուն դահլիճը մեծ ոգևորությամբ ընդունեց կատարումը՝ մի քանի անգամ մենակատարին հետ կանչելով բեմ։ Կոնցերտային ոճում գրված այս յոթամաս ցիկլում կոմպոզիտորը մենակատարի առջև բավականին լուրջ տեխնիկական խնդիրներ է դրել, որը վարպետորեն համադրել է նվագախմբի թափանցիկ նվագակցության հետ։ Կարելի է ասել, որ մասերի հաջորդականությունը նույնպես հիանալի է ընտրված․ առաջին մասն աղոթք է, իսկ վերջինը՝ ձիավորների երթը։ Կոմպոզիտորը նվագախմբի ելևէջների և երաժշտական գործիքների համադրումների միջոցով հիանալի պատկերում է շատերին հայտնի եվրոպական տեսարանները։ Հետաքրքիր էր համերգասրահում տեսնել բազմաթիվ կորեացի զբոսաշրջիկների, որոնք, ինչպես պարզվեց կարճ զրույցի արդյունքում, մեծ խմբերով Հայաստան էին եկել հենց Եկվոնի մեկնաբանմամբ Շորի կոնցերտն ունկնդրելու, ինչը նոր երևույթ է Հայաստանի մշակութային տուրիզմի  ասպարեզում։

Փառատոնի սեպտեմբերի 26-ի համերգում հնչեց Շորի Թավջութակի երրորդ կոնցերտը՝ հայտնի երիտասարդ գերմանացի թավջութակահար Գաբրիել Շվաբի կատարմամբ։ Նա եռամաս կոնցերտը ներկայացրեց բավականին դրամատիկ շեշտադրումներով։ Նվագախմբի և մենակատարի համագործակցությունը բեմում հիանալի ստացվեց, ինչը զգացվում էր նվագախմբի երաժիշտների տրամադրությունից, որը փոխանցվելով ունկնդրին՝ վկայում էր այն մասին, որ բեմում երաժիշտները վայելում են կատարման ընթացքը։

Հոկտեմբերի 4-ի փառատոնային համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ ջութակահար Մարկ Բուշկովը, որն առաջին անգամ չէ Հայաստանում։ Բուշկովը ներկայացրեց Ալեքսեյ Շորի միանգամից երկու ստեղծագործություն՝ «Փյունիկ» ֆանտազիան, որը կարծես թե Հայաստանում ներկայացվում էր առաջին անգամ‚ և «Վերդիանան», որը քաջ հայտնի  մենանվագ կլարնետի և նվագախմբի համար գրված համանուն ստեղծագործության փոխադրումն է  ջութակի և նվագախմբի համար։

Կոմպոզիտորի մոտեցումը ծրագրայնությանը բավական ակներև է և հստակ ընկալելի։
«Փյունիկ»-ը խրթին ստեղծագործություն է՝ համեմված ջութակահարի բազմաթիվ դժվար պասաժային դրվագներով։ Կոմպոզիտորը նվագախմբի նվագակցությունը նույնպես բավականին խիտ է շարադրել՝ որոշ դեպքերում հասնելով կլասիցիզմի շրջանի սիմֆոնիաների ֆինալ հիշեցնող ինտենսիվության։ Հիրավի ջութակահարից պահանջվում էր մեծ ձայնարտաբերում և ամբողջական երկարաշունչ ֆրազների ներկայացման կարողություն, ինչպես նաև հնչեղ գործիք, որպեսզի կարողանա դիմակայել նվագախմբի հետ ծավալվող  «հակամարտությանը»։ Ստեղծագործության կատարման ժամանակ ակներև էր, որ համերգասրահի բավականին չոր ակուստիկան զգալի դժվարություններ էր ստեղծում դիրիժորի համար, այդ իսկ պատճառով վերջինս մեծ ուշադրությամբ էր վերաբերվում նվագախմբի և մենակատարի դինամիկ հավասարակշռությանը՝ կատարման ընթացքում ձեռքով անընդհատ կառավարելով նվագախմբի ուժգնությունը, որպեսզի մենակատարը չձուլվի նվագախմբի խիտ ֆակտուրային հնչողությանը։ Մարկ Բուշկովը գերազանց ներկայացրեց այս երկու՝ իրարից դրամատուրգիական առումով տարբեր, բայց ջութակի համար նույնական բարդությամբ ստեղծագործությունները։

Հիրավի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը դարձել է Երևանում անցկացվող կարևոր ամենամյա երաժշտական իրադարձություններից մեկը՝ ներկայացնելով հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ աշխարհում մեծ համբավ ունեցող մենակատարների կատարմամբ։ Լեցուն դահլիճներում անցկացվող համերգները փաստում են փառատոնի մեծ հաջողության և Հայաստանի՝ որպես մշակութային երկիր դիրքավորման աճի մասին։

Հասմիկ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031