Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը կոնկրետ այս խնդրում իրեն պահեց ավելի շատ Ալիևի փաստաբանի նման»․ Արմեն Բաղդասարյան

Հունվար 16,2024 14:01

«Ալեն Սիմոնյանը կոնկրետ այս խնդրում իրեն պահեց ավելի շատ Ալիևի փաստաբանի նման, որովհետև արդարացնում է Ալիևի՝ ակնհայտ ռազմատենչ հայտարարությունները, ընդ որում, արդարացնում է առանց որևէ հիմքի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք տեղի՞ն են ՀՀ իշխանության ներկայացուցիչների՝ մասնավորապես ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ Իլհամ Ալիևի ասածների առիթով, թե «մենք ասում էինք՝ Ղարաբաղը, Նախիջևանը Հայաստան է, հիմա էլ Ալիևն է ասում, թե Երևանն իրենց «Էրիվանն» է», այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Արմեն Բաղդասարյանի փաստմամբ՝ ՀՀ անկախությունից ի վեր որևէ հայ բարձրաստիճան պաշտոնյա՝ առավել ևս պետության ղեկավար, երբևէ այդ հռետորաբանությունը չի վարել և երբևէ չի ասել՝ մենք թեյ ենք խմելու Բաքվում և այլն։ Ըստ քաղաքագետի՝ Ալեն Սիմոնյանը ոչ միայն խեղաթյուրում է իրականությունը, այլ պաշտպանում է Ադրբեջանի իշխանություններին․ «Եվ ընդհանրապես հավասարության նշան դնել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև այս դեպքում ընդհանրապես չի կարելի, որովհետև այն, ինչ ՀՀ-ում գուցե և ինչ-որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ասում էին ընդամենը ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, Ադրբեջանն ակնհայտորեն դնում է իր պետական քաղաքական ագրեսիայի հիմքում։ Նրանք ակնհայտորեն հիմքեր են նախապատրաստում ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար, և ՀՀ-ի կողմից նման արձագանքը, իհարկե, կօգտագործեն հետագայում իրենց ագրեսիան արդարացնելու համար»։

Հիշեցրինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին» և փաստեցինք՝ մինչդեռ դրանից առաջ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հավաստիացնում էին, որ մենք դեռ այսքան մոտ չէինք եղել խաղաղությանը, Արմեն Բաղդասարյանն արձագանքեց․ «Կարծում եմ՝ ոչ միայն մոտ չէինք, այլև Ադրբեջանին ընդհանրապես խաղաղություն պետք չէ։ Նիկոլ Փաշինյանի՝ այդ հայտարարությունները ինչ-որ տրամաբանություն կունենային միայն մի պարագայում, եթե Ադրբեջանն իսկապես ձգտեր խաղաղության։ Ադրբեջանի նպատակն է խաղաղության բանակցությունների իմիտացիա և այնպիսի արդյունք, որ խաղաղության բանակցությունները ձախողող կողմը լինի Հայաստանը, որպեսզի իրենք պատրաստվեն հաջորդ ագրեսիային։ Ադրբեջանի հիմնական նպատակը Հայաստանից նման փաստաթուղթ պոկելն է, և ցավոք, ՀՀ իշխանությունները քայլ առ քայլ տալիս են այդ հնարավորությունը»։

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի այն առաջարկության վերաբերյալ, որ առաջարկում է «սպառազինությունների փոխադարձ վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա», Արմեն Բաղդասարյանը պատասխանեց․ «Դա անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը կօգտվի դրանից և կփորձի վերահսկել հայկական բանակի սպառազինությունը, մինչդեռ հայկական կողմը դա անել չի կարող։ Այդ գաղափարն անհեթեթություն է, քանի որ անկախ ամեն ինչից՝ ստացվում է, որ ՀՀ-ի իշխանությունները պատրաստ են ՆԱՏՕ-ի անդամ երկրի դաշնակցին թույլ տալ վերահսկել ՀԱՊԿ անդամ երկրի սպառազինությունը։ Սա նոնսենս է։ Միջազգային պրակտիկայում նման բան չի էլ եղել։ Այլ հարց է, որ կապիտուլյացիոն փաստաթղթերի դեպքում, երբ կողմերից մեկը կապիտուլյացիայի է ենթարկվում, հաղթող կողմը՝ որպես կանոն ինչպես դա եղավ 1920-ին, երբ Թուրքիան պահանջում էր և քվոտաներ էր սահմանում, թե ինչքան զենք, զինատեսակ, զինվոր պիտի ունենա Հայաստանը, հիմա Ադրբեջանը ակնհայտորեն նման պահանջներ է առաջ քաշում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կարծես գնալ նման զիջումների, բայց փորձում է դա փաթեթավորել, թե իբր դրա դիմաց մենք էլ իրենց սպառազինությունը կարող ենք վերահսկել։ Ադրբեջանը մեծ հաճույքով կօգտվի ՀՀ իշխանությունների այդ հերթական կոպիտ սխալից այն դեպքում, երբ ակնհայտ է, որ խաղաղություն չի լինելու, որովհետև այդ խաղաղությունը Ադրբեջանին, ՌԴ-ի պետք չէ և ընդհանրապես խաղաղությունը ուժերի այս հարաբերակցությամբ, այս հռետորաբանությամբ ընդհանրապես հնարավոր չէ»։

Հետաքրքրվեցինք՝ գործող տարբերակ կարո՞ղ է լինել Նիկոլ Փաշինյանի միջանցքային խոսույթին վերաբերող այն առաջարկը, որ «ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանին` Նախիջևան հասնելու համար, նույն պայմանով մենք էլ ենք պատրաստ տրամադրել այդ կապը եւ երկաթուղային եւ ավտոճանապարհային»։ Արմեն Բաղդասարյանն ասաց․ «Դա կարող էր գործող տարբերակ լինել, եթե Ադրբեջանին պետք լիներ խաղաղություն։ Իրականում Ադրբեջանին այդ միջանցքը պետք չէ, և պետք չէ կապ Նախիջևանի հետ, քանի որ Նախիջևանը այդպիսի խնդիր չունի։ Իրենց պետք է միջանցքի անվան տակ վերահսկողություն սահմանել Սյունիքի ինչ-որ հատվածի վրա, իսկ հետագայում իրենց փախստականներին վերաբնակեցնելու միջոցով նաև ամբողջ Սյունիքի վրա։ Սա է իրենց նպատակը և ոչ թե հայկական կողմից չվերահսկվող ճանապարհ ունենալը»։

Մեր հարցին՝ ՀՀ-ից հնչող այս արձագանքներն ավելի չե՞ն վատթարացնում իրավիճակը, քանի որ հասկանալի է, որ Ալիևը նախագահական ընտրությունների քարոզչության շրջանակում նաև իր ներքին լսարանի համար կշարունակի անել նման հայտարարություններ, քաղաքագետը պատասխանեց․ «Իրավիճակը արդեն վատ էր։ Երբեք էլ մենք մոտ չենք եղել խաղաղության համաձայնագրին, և քաղաքական խնդիրներ Ալիևը չունի ընտրությունների հետ կապված։ Նա խնդիր չունի դուր գալ իր ընտրողներին, որովհետև այդտեղ ընտրությունները ձևական բնույթ են կրելու։ Այլ հարց է, որ Ադրբեջանը, նախապես այդպիսի հռետորաբանություն կիրառելով, հող է նախապատրաստում ագրեսիայի համար՝ իհարկե, աչքի առաջ ունենալով նաև միջազգային զարգացումները։ Պարզ ասած՝ նա հարմար պահի է սպասում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում։ Հարմար պահի դեպքում անպայման փորձելու է ռազմական ճանապարհով հասնել իր առաջ դրված խնդիրներին։ Այսինքն՝ պետք չէ դա կապել Ադրբեջանում նախընտրական իրավիճակի հետ, որովհետև այնտեղ դասական իմաստով ոչ մի նախընտրական իրավիճակ չկա, այնտեղ Ալիևի հերթական վերընտրման ուղղակի քաղաքական միջոցառումն է լինելու, որը ներքաղաքական պայքարի որևէ բանավեճ չի պարունակում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031