Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը հակակշիռ է ստեղծում, մենք 30 տարի ասել ենք՝ Նախիջեւանը, Ղարաբաղը Հայաստան է, գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ ասել են՝ գալու են Սեւան»․ Ալեն Սիմոնյան

Հունվար 15,2024 16:47

«Ամբողջ պայմանագիրը եւ տրամաբանությունը, որ կան, վերաբերում են երկու կողմերին։ Չկա մի բան պայմանագրի մեջ, որ վերաբերում է մեկ կողմին, որ միայն Հայաստանը պետք է այսպիսի բան անի, կամ միայն Ադրբեջանը պետք է այսպիսի բան անի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությանը։ Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, ասել էր․ «Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք»։

«Պարոն Օհանյանի ասածը տրամաբանությունից դուրս է։ Կրկնում եմ՝ չկա որեւէ կետ, որտեղ գրված է, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պարտավորվում է եւ այլն։ Երբ որ զորքերի հետքաշման մասին է խոսք գնում, խոսվում է երկկողմ հետքաշման մասին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «ՀՀ տարածքային ամբողջականության մասին անձամբ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություններ է արել։ Հրապարակային է արել նաեւ ՌԴ նախագահի ներկայությամբ, նաեւ իր հարցազրույցների ժամանակ։ Եթե խոսքը գնում է 29 800 քկմ մասին, այո, բառացի այդ թիվը չի ասվել։ Եվ մենք սպասում ենք եւ ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա։ Բայց դրա բացատրությունը ադրբեջանական կողմից այն է, որ հստակ սահմանագծման ու սահմանազատման առումով դա է պատճառը, որ իրենք զերծ են մնում որեւէ թիվ հայտարարելուց։ Միգուցե դա պահում են ինչ-որ ձեւով սակարկման կամ հետագա բանակցությունների համար։ Կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»։

Դիտարկմանը, որ միգուցե չեն հայտարարում 29 800 քկմ տարածքը ճանաչելու մասին, որովհետեւ տարածքային մեծ նկրտումներ ունեն Հայաստանից, ինչի մասին Ալիեւը խոսեց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դուք չեք տեսել, որ այն ամենը, ինչ անում է հարեւան երկրի ղեկավարը, ինքն անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հարեւան կողմն արել է այս տարիների ընթացքում։ Չէ՞ որ մենք միշտ ասել ենք, որ դրանք մեր պատմական տարածքներ են եւ այլն։ Տրամաբանությունը մտել է հայելային խոսակցության մեջ։ Այսինքն՝ Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Մենք ասել ենք, որ Նախիջեւանը Հայաստան է, ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք ասել են՝ գալու են Սեւանում։ Այդ բառապաշարի մեջ ենք մտել, բայց, կրկնում եմ, կա պայմանագրային գործընթաց, որտեղ ամեն ինչ վերաբերում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին հավասարաչափ»։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի կարող լինել պայմանագրում։ «Մենք ասել ենք, որ Ադրբեջանն իր երկրի մի մասից մյուս մասը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում, ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհներն իրենց համար, ասել ենք, որ միգուցե թեթեւացված գործընթաց լինի, որպեսզի իրենք կարողանան տեղափոխվել։ Բայց կոնկրետ արտատարածքային եւ այլն, նման բան չկա»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով պատերազմի հնարավորությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մենք ունենք բանակ, մենք բանակը զարգացնում ենք եւ հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչեւ վերջ, բայց որեւիցե դեպքում չենք պատրաստվում ինչ-որ երկրի վրա հարձակվել։ Եվ արդեն ասել ենք, որ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք»։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Ես չեմ բացառում, որ Բաքվի հետ ուղիղ բանակցություններ էլ կարող են տեղ գտնել, որովհետեւ մենք ուղիղ բանակցությունների դրական օրինակ ենք ունեցել։ Բայց, իհարկե, միջազգային հանրության ֆիքսումը նույնպես կարեւոր է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031