Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ դուք հեռացաք այս չափազանց չափավոր և հավասարակշռված զեկույցից»․ Դունյա Միյատովիչը՝ իրեն մեղադրող ադրբեջանցի պատվիրակին

Հունվար 23,2024 12:18

«Ցավում եմ, որ դուք հեռացաք այս, ես կասեի՝ չափազանց չափավոր և հավասարակշռված զեկույցից,  որը փորձում է առաջընթացի ճանապարհ տեսնել խաղաղության գործընթացում»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսպես արձագանքեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Ջաֆարովի մեղադրանքներին։ Ադրբեջանցի պատվիրակը հանձնակատարի հետ հարցուպատասխանի ժամանակ նրան մեղադրեց՝ իբրև թե հանձնակատարի զեկույցում անդրադարձ կար միայն մեկ էթնիկ խմբի, սակայն իրենց հանդիպման մասին տեղեկատվությունը կարծես թե միտումնավոր դուրս է մնացել։

Դունյա Միյատովիչն ասաց, որ չի նշում ՀԿ-ների անուններ․ ՀԿ-ների և ակտիվիստների հետ հանդիպումների մասին նշում է առանց անուններ տալու․ «Կարծում եմ՝ ավելի կարևոր է ոչ թե ձեր կամ որևէ այլ կազմակերպության անունը հիշատակելը, այլ բոլորի իրավունքները պաշտպանելը։ Ինչպես հստակ նշել է Ադրբեջանի կառավարությունը, իմ զեկույցում համաձայն չէ որոշ հարցերի հետ, ինչը նորություն չէ։ Եվ ինչպես ասում է Թինի Քոկսը, անհնար կլիներ, որ բոլորն ամեն ինչում համաձայն լինեին։ Հստակ ասվեց, որ այս զեկույցում արծարծվել են որոշ հարցեր, որոնք երբեք չեն բարձրացվել հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված։ Վստահեցնում եմ՝ որևէ հատուկ ծրագիր կամ պատճառ չկա, որ ես ներառեմ կամ չներառեմ որոշակի խնդիրներ: Պարզապես, որպես հանձնակատար, իմ որոշումն է լուծել տարբեր բնույթի հարցեր, որոնց ես անդրադարձել եմ այս զեկույցում`անհետ կորածների, ականազերծման, ատելության խոսքի և բոլոր կողմերից մարդկային տառապանքների հարցերը։ Շատերն ինձ հարցնում էին՝ ի՞նչ տեսա, երբ գնացի Ղարաբաղ։ Սրան իմ առաջին պատասխանն այն է, որ բացի որոշ մարդկանցից, որոնք վերադառնում էին` ներքին տեղահանվածներ, ես չտեսա ոչ հայերի, ոչ ադրբեջանցիների։ Ես տեսա գեղեցիկ բնություն և խաղաղության ու հաշտության հրատապ անհրաժեշտություն»։

Ադրբեջանական պատվիրակության մեկ այլ պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովն էլ Դունյա Միյատովիչին հարցրեց՝ զեկույցում ինչո՞ւ չի ներառել Խոջալուի՝ իրենց բնութագրմամբ՝ ցեղասպանությունից վերապրածների հետ հանդիպման մասին։ Հանձնակատարն ասաց, որ պատասխանը նույնն է, ինչ իր մյուս գործընկերոջն ասվեց․ «Ես, իհարկե, հանդիպել եմ նրանց հետ, բայց հանդիպել եմ նաև բազմաթիվ մարդկանց, որոնք ևս տառապել են, խոշտանգումների միջով են անցել, կորցրել են իրենց սիրելիներին Հայաստանում և Ադրբեջանում։ Այն, որ ես չեմ նշել մեկ կոնկրետ հարց այս կամ այն երկրում, իրականում պատճառն այն է, որ ես չեմ ուզում քաղաքականացնել: Ես կոչ եմ անում ձեզ կարդալ զեկույցը և տեսնել իմ ուղերձները բոլոր զոհերի վերաբերյալ»։

Դունյա Միյատովիչն ասաց, որ խնդրում է երկու երկրների ազգային պատվիրակությունների անդամներին դադարեցնել այս անվերջ մեղադրանքները, քանի որ դրանք ոչ մեկին ոչինչ չեն տալիս․ «Արդարադատությունը պետք է իրականացվի, երբ խոսքը վերաբերում է երկու կողմերի խախտումներին և հանցագործություններին։ Դուք գիտեք, որ երկու կողմից էլ եղել են հանցագործություններ: Դրանց պատճառով մենք պետք է ևս մեկ քայլ անենք և նայենք դեպի ապագա՝ հարգելով բոլոր զոհերին, ներառյալ այն պատմություններն ու վկայությունները, որոնք ես լսել եմ Խոջալուից, նաև շատ այլ վայրերից, որոնք ես այցելել եմ՝ կապված ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հետ»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը փաստեց՝ հանձնակատարի մանդատի ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել հայերի էթնիկ զտումներ, Ադրբեջանը վերածվել է դինաստիկ միապետության՝ խախտելով իր պարտավորությունը ԵԽ-ի հանդեպ։ Թուրքիան և մի շարք այլ անդամ երկրներ անտեսում են Ստրասբուրգի դատարանի որոշումները։ Այնուհետև հարցրեց՝ տեսնու՞մ եք միջազգային կառույցների, այդ թվում՝ ձեր անգործունակության խնդիրը՝ հաշվի առնելով, որ անդամ երկրներում ժողովրդավարության որակը վերջին տարիներին անկում է ապրում, իսկ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումներն ավելանում են։

Հանձնակատարը պատասխանեց․ «Այստեղ ես շատ անմիջական կլինեմ: Այսինքն՝ դա ձեզնից է կախված: Դա ձեր պատասխանատվությունն է, անդամ պետությունների պատասխանատվությունը, որ կամավոր ստանձնել են պարտավորություններ, երբ դարձել են այս կազմակերպության անդամ: Դուք ստեղծեցիք հանձնակատար, որպեսզի անդրադառնա այս հարցերին, բայց պատճառը, որ անդամ պետություններից իրենց պարտավորությունները չեն անում, քաղաքական կամքի պակասն է»։

Ըստ հանձնակատարի՝ այստեղ խնդիրը նաև անդամ պետությունների դատարանների հետ է կապված․ կան պետություններ, որոնք ցանկանում են աշխատել Հանձնակատարի գրասենյակի և Եվրոպայի խորհրդի, այլ մեծ մոնիտորինգային մարմինների հետ, և տեխնիկական աջակցության արդյունքները տեսանելի են։

Նա ՀՀ-ի օրինակը բերեց ու ասաց՝ կցանկանար տեսնել գործողությունների ծրագիր, որով ԵԽ-ն կարող է աշխատել Ղարաբաղի հարցով և մարդու իրավունքների ճանապարհային քարտեզ կլիներ, որը կուղղորդեր դեպի խաղաղության գործընթաց:

Նշենք, որ Դունյա Միյատովիչի՝ որպես ԵԽ հանձնակատար գործունեության ժամկետը լրանում է 2024-ի մարտին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031