Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ալիեւի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում, նա խոսում էր նոր սահմաններ գծելու մասին»․ Արարատ Միրզոյան

Հունվար 23,2024 15:56

«Նախ եւ առաջ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որեւէ երկիմաստությունների եւ առանց տարընթերցման տեղ թողնող ձեւակերպումների»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա՝ երկու երկրների միջեւ սահմանը պետք է սահմանազատվի խորհրդային միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված քարտեզների, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա։ «Գիտեք, որ մենք մշտապես խոսել ենք 1974-1978 թվականների քարտեզների մասին՝ որպես այս իրողություններ արտացոլող ամենաթարմ քարտեզներ։ Առաջարկ է եղել օգտագործել 1974-1990 թվականի քարտեզներ։ Այս առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը։ Որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձեւակերպումը։ Բայց առաջ անցնելով՝ նշեմ, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում։ Բայց, վերադառնալով սկզբունքներին, ուզում եմ կրկին արձանագրել, որ Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, ընդ որում, իրավական առումով անխոցելի հստակությունն առանցքային է։ Եվ այս կոնտեքստում ուզում եմ նորից հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը»,- ասաց Միրզոյանը։

Նա հավելեց․ «Վերադառնալով սկզբունքներին, որոնցով մենք պատկերացնում ենք խաղաղության գործընթացը, երրորդ էական սկզբունքը կրկին հայտնի է բոլորին՝ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո՝ համաձայն փոխադարձության եւ հավասարության սկզբունքների։ Սրա շուրջ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ադրբեջանական կողմի հետ եւ ունենք, ըստ էության, փոխըմբռնում եւ փոխհամաձայնություն։ Բայց նորից անդրադառնալով վերջին հայտնի հարցազրույցին՝ այստեղ եւս տեսնում ենք հետընթաց Ադրբեջանի կողմից»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ այս տարվա առաջին օրերին ադրբեջանական կողմին է փոխանցվել հայկական առաջարկների 7-րդ խմբագրված տարբերակը։ Նրա խոսքով՝ ցավոք Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցումը չի շարունակվում։ «Դա դրսեւորվեց եւ պայմանագրի ադրբեջանական 7-րդ խմբագրական համատեքստում, եւ նորից Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը պետք է հիշատակեմ։ Այստեղ էական հետընթաց կար եւ կարելի է ասել՝ հարված կար խաղաղության գործընթացին՝ մի շարք առանցքային հարցերում։ Նա հղում էր անում 1918-20 թվականի ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որեւէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանագծման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող, իրավական հիմքերով գծված սահմանները, այն կերպ, ինչպես դրանք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին, ինչի մասին խոսում է Ալմա-Աթայի հռչակագիրը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031