Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաթափումից անմիջապես հետո աշխարհն արագ մոռացավ Արցախի եւ արցախահայության մասին

Փետրվար 08,2024 13:00

2020թ. 44-օրյա պատերազմից հետո ինձ համար միանշանակ դարձավ, որ վաղուց Ադրբեջանի միակ եւ հեռահար նպատակը շատ արագ Հայաստանի վերջնական գրավումն է: Գաղտնիք չէ եւ պատմությունը միշտ էլ վկայել է, որ բազում հարյուրամյակներ են անցել, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը համարվում են թշնամի երկրներ եւ նրանք երբեւէ ընդհանուր հայտարարի չեն էլ գալու, այսինքն, երբեւէ չեն հաշտվելու ու իրար հետ խաղաղ չեն ապրելու: Անկեղծ ասած, նրանք ոչ միայն թշամիներ են, այլեւ գենետիկորեն իրար համար լիովին անտանելի եւ նրանց միաժամանակյա գոյությունը չի տեղավորվում ոչ մի իրական տրամաբանության մեջ: Նրանց միջեւ վերջին ամենամեծ կոնֆլիկտը տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 27-ին, որն անվանվեց 44-օրյա ադրրբեջանա-արցախյան երկրորդ պատերազմ, որն ավարտվեց Ադրբեջանի լիակատար հաղթանակով եւ Արցախի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայով, որը խլեց Արցախի տարածքների 70 տոկոսից ավելին, 5000-ից ավելի մարդկային կյանքեր, մի քանի հազարից ավելի անհետ կորածներ, վիրավորներ ու գերիներ: Իհարկե, Հայաստանի տարածքների կորուստը շարունակվում է մինչ մեր օրերը եւ Ադրբեջանն արդեն տիրել է Հայաստանի սուվերեն մի շարք տարածքների, որոնք երբեւէ հազիվ էլ թե վերադարձվեն…

Այդ տարիներին Ադրբեջանի հիմնական նպատակը մնում էր այն, որ ցանկանում էր րոպե առաջ հայաթափել ամբողջ Արցախը, եւ իսպառ վերջ դնել հայկական շնչի գոյությանն Արցախում: Փաստացի, արդեն Ադրբեջանի մոտ հասունանում էր այն նպատակի իրականացումը, որ Արցախի հայաթափումից հետո պետք է հնարավորինս արագ հայաթափել եւ գրավել ողջ Հայաստանը ու մեկընդմիշտ լուծել Հայոց հարցը: Փաստորեն, ամիսներ շարունակ աշխարհը բարձրաձայնեց Լաչինի միջանցքի հարցը, հետագայում կայացրեց նաեւ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, սակայն Արցախի հայաթափումից անմիջապես հետո աշխարհն արագ մոռացավ եւ Արցախի, եւ արցախահայության մասին եւ դեռ ԱՄՆ-ի ու Եվրամիության աչքերը վշտից լրիվ «չչորացած», նրանցից ամեն մեկն սկսեց զբաղվել միայն իր գործերով, կարծես Արցախի ու արցախահայության հարց ընդհանրապես չի էլ շոշափվել: Այլ խոսքով, արցախահայության հայթափումից հետո բոլոր երկրներն անցան իրենց գործերին, արցախցիներին թողելով լրիվ միայնակ, կեղծելով, թե արցախահայության հարցի լուծումը հուսալի ձեռքերում է: Իսկ իրականում, արցախահայության հարցը լրիվ վերջացավ՝ վերացավ, եւ հայերին վերաբերող միակ ու հիմնական հարցը դարձավ Հայաստանի հայության հետագա ճակատագիրը, որն այլ խոսքով, ոչ այլ ինչ է, քան հայկական հարցի ճակատագիրը:

Այսօր Հայաստանի հայության համար ունենք հետեւյալ վիճակը. չկան Արցախը եւ արցախահայությունը, Հայաստանը սարսափած ու վախեցած է Ադրբեջանից եւ առավել եւս հիմնականում համաձայնվում է այնտեղից հնչող՝ նրանց շահերից բխող ցանկացած առաջարկության հետ, որոնք լիովին հակասում են սուվերեն Հայաստանի շահերին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը մի կողմից մշտապես ահաբեկում է Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ Հայաստանի իշխանությունը մյուս կողմից էլ կոչ է անում հայ ժողովրդին, որ պետք է պարտադրված համաձայվենք նրանց ասածներին, քանզի կարող են նոր պատերազմ սանձազերծել եւ կործանել Հայաստանը: Փաստացի, Ադրբեջանն արթնանում եւ ամեն օր մի նոր ցանկության մասին է բարձրաձայնում, որին այս կամ այն կերպ արձագանքում է Հայաստանը եւ եթե նրանց մոտեցումները չեն համընկնում, ապա Ադրբեջանն այնքան է բարձրաձայնում դրանք, որ Հայաստանը պարտադրված համաձայնում է դրանց ի կատար ածմանը:

Այսպիսով, Ադրբեջանը կամաց-կամաց հասնում է իր ուզած ցանկացած հարցի լուծմանը: Մի խոսքով, Ադրբեջանն այնքան համոզված է իր ասածների՝ շատ արագ իրողություն դառնալու մեջ, որ այս պահին հետաձգել է բոլոր հարցերը եւ խաղարկում է հերթական նախագահական ընտրությունների իրականացման ներկայացումը, միաժամանակ աշխարհին հերթական անգամ ցույց տալով, որ ինքը ժողովրդի կողմից մշտապես սիրված եւ ընտրված նախագահ է: Ստեղծվել է մի վիճակ, որ աշխարհը դարձյալ դատարկ խոստումներ ու հույսեր է տալիս Հայաստանին, իսկ գործող իշխանությունը թքած ունի, թե ինչ է սպասվում Հայաստանին, ժողովուրդն էլ իր հերթին բացարձակ թքած ունի երկրի հետագա ճակատագրի վրա, ընդդիմությունը ոչնչի ունակ չէ եւ միայն խոսում է խոսելու համար եւ ահա այս իրավիճակում Ադրբեջանն իր ցանկություններն է ձեւակերպում ու փորձում կյանքի կոչել դրանք, եւ որեւէ մեկը՝ գոնե մեկ հայ, դրանց դիմադրող որեւէ քայլ չի ձեռնարկում ու առանց դիմադրության շատ շուտով կհանձնվի ողջ Հայաստանը, քանզի բացի զուտ անձնական հարցերից, հայերին ոչինչ չի հետաքրքրում: Եթե կոնկրետացնենք, ապա ունենք հետեւյալ պատկերը. Ադրբեջանը նպատակասլաց ուժեղացնում է իր անվտանգային ուժերն ու բանակը եւ փորձում վերջին զարկով գրավել Հայաստանը, իսկ Հայաստանի ժողովուրդը լրիվ քնած է ուղտի ականջում ու կարթնանա միայն Ադրբեջանի ենթակայության տարբերակում եւ վերջ կդրվի Հայաստան պետությանը եւ նրա պետականությանը:

Փաստացի, այսօր Հայաստանում ստեղծվել է չափազանց տխուր իրավիճակ եւ երկիրն ամեն վայրկյան ռեալ կորցնելու վտանգ, քանզի իշխանությունը բացարձակ չի մտածում հայրենիքի կորստի, ընդդիմությունը տեղում դոփում եւ շարժ անելու ոչ մի շանս չունի, իսկ հայ ժողովուրդը արդեն 6-րդ տարին է, ինչ բացի իր անձնական հարցերից, երկրի հետ կապած որեւէ լուրջ հարցում որեւէ լուրջ մասնակցություն չի ուզում ու չի բերում: Պատահական չէ, որ Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ Հայաստանը, Երեւանը, Սյունիքը եւ հայկական մնացած տարածքները ադրբեջաներենով անվանում է որպես «արեւմտյան», «արեւելյան Ադրբեջան»՝ հայերի ականջները ընտելացնելով դրանց, որին՝ պարզվում է՝ արդեն լավ էլ ընտելացել ու ընտելանում են նաեւ հայերը եւ անգամ չեն էլ վիրավորվում դրանից: Զարմանալին այն է, որ հայերի մեծամասնությունը մտածում է միմիայն իր անձնականի համար, սակայն մոռանում է, որ իրեն այդ կերպ պահելով, Ադրբեջանը շուտով գրավելու է նաեւ Հայաստանը եւ այդ նույն հայերի մասնավոր ունեցվածքը՝ ֆինանսական ու մնացած, լիովին պատկանելու է թուրքերին: Այլ խոսքով, հայերն այսօր այնքան տաք են, որ ընկած են իրենց մի քանի կոպեկանոց ամձնականի հետեւից, եւ չեն հասկանում, որ վաղը, միեւնույն է, կորցնելու են ամեն ինչ ու անգամ՝ օրը հազար անգամ գլխներին տալը ոչինչ չի փոխելու: Տպավորություն է ստեղծվում, որ գոնե սկսած 2018թ.-ից հայերը հիմնականում տեղեկացված են ու համաձայն են, որ այսուհետ ապրեն Թուրքիայի եւ Ադրբեջանի ենթակայության տակ: Այլ խոսքով, այսօր արդեն հայերի համար միեւնույն է՝ իրենք կունենան անկախ պետություն, թե կլուծվեն Թուրքիայի նման հզոր պետության մեջ: Գոնե 2018թ.-ից մինչեւ այսօր տեղի ունեցած եւ ունեցող իրադարձությունները պարզորոշ վկայում են, որ Ադրբեջանը երբեւէ ինչ ասել է, այդպես էլ եղել է՝ անկախ միջազգային խաղացող մեր գործընկերների պահվածքից:

Ուզում եմ բարձրաձայնել շատ առանցքային մի երեւույթի մասին, որը նույնպես հավանաբար տեղի ունեցավ 2020թ. նույն չարաբաստիկ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն գրավոր պայմանագրի ստորագրման օրը: Հավանաբար, դա տեղի ունեցավ բանավոր պայմանավորվածությամբ, որի բովանդակությունը հետեւյալն է. մինչ այժմ տեղի ունեցող իրադարձությունները կարծես տպավորություն են թողնում, որ այդ օրը ոնց որ թե Ադրբեջանն ու Հայաստանը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, որ հնարավորինս կարճ ժամկետում, իհարկե, ոչ բացահայտ փոխադարձ համաձայնությամբ, Հայաստանը կհանձնվի Ադրբեջանին, որը նաեւ միջազգային հանրության ուզածն է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829