Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային կապը` ռուսների վերահսկողությամբ

Փետրվար 14,2024 12:00

Իսկ Ալիեւն Արցախում «հակաահաբեկչական գործողություն է իրականացրել», Մոսկվան կրկնեց Բաքվի գնահատականը

Ռուսաստանցի երկու պաշտոնյաներ օրերս հանդես են եկել ուղերձների հերթական չափաբաժնով: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացում Մոսկվայի դերն այլընտրանք չունի։ «Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման հիմքերը: Նախագահ Վլադիմիր Պուտինի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում եզակի է»,-«Россия-24» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է Գալուզինը։

Ռուսաստանցի դիվանագետը կրկին շեշտել է՝ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Երեւան-Բաքու դեմ առ դեմ շփումները տեւական ժամանակ է ընդհատված են: Ադրբեջանական կողմը բոյկոտում է արեւմտյան հարթակները, հայկական կողմը չի արձագանքում Ռուսաստանի՝ բանակցություններն այնտեղ անցկացնելու հրապարակային առաջարկներին: Գալուզինը պնդում է, թե ռուսական կողմը բացառիկ նյութեր ունի, որոնք անհրաժեշտ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար:

Արցախից բնակչության էթնիկ զտումներից հետո Ադրբեջանում դադարել էին ռուսական կողմին հիշեցնել, որ «ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր են գտնվում»: Ահա, Գալուզինն անդրադարձել է այս թեմային` ընդգծելով, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. «Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից եւ Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»: Գալուզինը նաեւ հավելել է` Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին նրանց ցանկության դեպքում։

Եվ այստեղ նա «ցնցող» արձանագրում է արել… «Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր…»: Այսինքն, ամիսներ շարունակ արցախցիներին շրջափակման, սովահարության պայմաններում պահելուց հետո, պաշտոնական Մոսկվան Բաքվի` «հատուկ օպերացիան» արդարացնելու հերթական քայլն է արել:

Հեռու չեն ժամանակները, երբ Մոսկվան մի օր էլ կհայտարարի, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը «կամովին» է հանձնվել ադրբեջանական կողմին ու հայտնվել Բաքվի բանտերում: Սեփական անգործությունն Արցախում արդարացնելու հարցում, ինչպես նկատում ենք, ռուսների ֆանտազիան բավական անտաղանդ ու զավեշտալի է դառնում:

Փոխարենը Մոսկվան նպատակ ունի ռուս խաղաղապահների ներկայությունը պահպանել նաեւ 2025-ից հետո, եւ նպատակին հասնելու հարցում պատրաստ է ադրբեջանական բոլոր թեզերը պաշտպանել: Բայց ինչպե՞ս, եթե որոշակիորեն հայտնվել են սեփական լարած ծուղակում. Արցախում հայեր չկան, մինչդեռ Գալուզինն ասում է` «կարեւոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները եւ անվտանգությունը», եւ որ` «պատրաստ են ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»։

«Իզվեստիա» պարբերականին հարցազրույց է տվել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որն էլ իր հերթին հանդես է եկել մի շարք ուշագրավ գնահատականներով: Նա նույնպես շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երեւանին ու Բաքվին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում: Ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ուղղակիորեն խաղաղության պայմանագրի նախագծեր են փոխանակում՝ Եվդակիմովն ասել է, թե այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իր կարծիքով, ստանդարտ ձեւակերպումներ եւ հոդվածներ են, եւ ելնելով Բաքվի առաջարկներից՝ դեսպանի կարծիքով, «բանակցությունները կարող են բավականին արագ ավարտին հասցվել»։ «Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ փոխգործակցություն ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», – ասել է Եվդակիմովը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի հիմնական հատվածից մինչեւ Նախիջեւան տրանսպորտային միջանցքի հարցը մնում է չլուծված, Եվդակիմովն արձագանքել է. «Այս թեման շատ կարեւոր է ադրբեջանական կողմի համար։ Սա Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր հաղորդակցությունները ընդհատվել են, իսկ Նախիջեւան էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է։ Ուստի Ադրբեջանի համար այս երթուղու անվտանգության հարցը (մոտավորապես 46 կմ) վերացական թեմա չէ։ Այստեղ կան նաեւ թունելներ, կամուրջ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավական արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, ինձ համար ոչ այնքան հասկանալի, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։

Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքուն եւ Թեհրանը Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին պայմանագիր են ստորագրել։ «Այնտեղ մի քիչ ավելիի՝ 60 կմ մասին է խոսքը, երթուղին ավելի բարդ է, բայց այս աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումները անցնում էին Իրանի տարածքով», – ասել է դեսպանը՝ կարեւորելով նաեւ Թուրքիայից Նախիջեւան երկաթուղու կառուցումը։ «Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի եւ Նախիջեւանի տարածքով», – ասել է Եվդակիմովը։

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը չի մոռացել արձանագրել, որ` «Ղարաբաղի հարցը փակված է», եւ ուշադրություն` «ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել», ասում է դեսպանն ու ամփոփում ասելիքն այսպես. «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»։ Ավելին, ըստ նրա` «Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները»։

Միխայիլ Եվդոկիմովը նույնպես անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելության ճակատագրին` 2025 թվականից հետո: Խոսելով 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանց առաքելության տեղակայման մասին, դեսպանը խուսափել է խոսել, թե ինչո՞ւ Արցախում հայերին իրենից «պաշտպանությունից» հետո արցախցիները լքեցին հայրենիքը: Բայց ռուս դեսպանը չի խուսափել կրկնել պաշտոնական Բաքվի գնահատականը, որ ԼՂ-ում` «հակաահաբեկչական գործողություն» է իրականացվել… Ահա Ադրբեջանում ռուս դեսպանի արձանագրումը. «Այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահները ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները։ Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ»։

Ահա, ռուսաստանցի երկու պաշտոնյաների կողմից ադրբեջանական պահանջների ու ձեւակերպումների ամբողջական փունջը: Եթե Հայաստանում դեռեւս կան միամիտ գործիչներ, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ կրկնում էին, թե` «Ռուսաստանին միջանցք պետք չէ», այժմ կարող են թեթեւացած շունչ քաշել` ընթերցելով Գալուզինի ու Եվդոկիմովի վերջին հարցազրույցները:

Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապը ռուս սահմանապահների վերահսկելու թեմայով, ի դեպ, անցյալ նոյեմբերի սկզբին պաշտոնական Մոսկվան հստակ ներկայացրել էր: Պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, թե Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապը պետք է վերահսկեն ոչ թե հայերը, այլ Ռուսաստանի անվտանգության ծառայության սահմանապահները։ ՌԴ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էր, որը պնդեց, թե այդ մասին նշված է նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո ստորագրված եռակողմ փաստաթղթերում. «Իմ նշած եռակողմ պայմանագրերի համաձայն՝ տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ պետք է վերահսկվի ՌԴ Անվտանգության ծառայության սահմանային ծառայության կողմից»։

Հիշեցնենք, որ հայկական կողմը պնդում էր, որ երբեք եւ որեւէ փաստաթղթով չի ստանձնել սահմանային վերահսկողությունը երրորդ երկրի հանձնելու պարտավորություն։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշվում է՝ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Այդ հայտարարության եւ մինչ օրս հրապարակված որեւէ այլ փաստաթղթում հստակ չի նշվում՝ ինչպես է են Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները իրականացնելու վերահսկողությունը, ինչ մեխանիզմներով եւ ինչ կետերում։

Մոսկվան, սակայն, պարբերաբար պնդում է, որ տարածաշրջանային ապաշրջափակմանը հենց այդ պայմաններով է պատրաստ աջակցել։ Հենց այս համատեքստում էլ Մոսկվան ակնարկում է, թե կողմերը մոտ են լուծմանը, եւ որ իրենք պատրաստ են առաջ մղել կարգավորումն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով` տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու համար: Չմոռանանք նաեւ, ՌԴ ԱԳՆ-ից նույնիսկ մի առիթով ակնարկեցին, որ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը համահունչ է այն առաջարկներին, որոնք քննարկվել են Մոսկվայի նախաձեռնությամբ։

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 13.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829