Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի» կանխումը կփրկի Լեհաստանին ու Բալթյան երկրներին

Փետրվար 15,2024 14:16

«Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը նախադեպ կլինի Բալթյան երկրներին Եվրոպայից մեկուսացնելու և Լեհաստանին Լիտվայի հետ ցամաքային սահմանից զրկելու համար։

Եթե Ադրբեջանը Հայաստանին ճնշելու արդյունքում ստանա միջանցք դեպի իր էքսկլավ Նախիջևան, ապա մյուս պետությունները, ելնելով իրենց շահերից, ևս կարող են միջանցքային տրամաբանությամբ լուծումներ պահանջել։

Ավելին, «Զանգեզուրի միջանցքի» նախադեպը լինելու է ոչ միայն միջանցք ստանալու դեպք, այլ հենց ճնշման տակ՝ ուժով, սպառնալիքով միջանցք ստանալու, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ եթե հայերը չուզեն միջանցք տալ, իրենք ուժով կվերցնեն այն:

«Զանգեզուրի միջանցքից» հետո հերթը կհասնի «Սուվլակիի միջանցքին», որը The Politico թերթը կոչել է երկրագնդի ամենավտանգավոր վայրը և որի նպատակն է Կալինինգրադը Ռուսաստանին միացնելը։

«Սուվալկիի միջանցքը» լեհ-լիտվական սահմանին գտնվող տարածք է, որով բալթյան երկրները ցամաքային ճանապարհով միանում են Եվրոպային և ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին։ Միաժամանակ այն ամենակարճ ցամաքային ճանապարհն է, որը միութենական պետությանը՝ Ռուսաստանին և Բելառուսին, կապում է Ռուսաստանի էքսկլավ Կալինինգրադին (տե՛ս նկարում

Կալինինգրադը Ռուսաստանին ճանապարհով/միջանցքով միացնելու շուրջ Մոսկվան մտածում է 1990թ-ից՝ Լիտվայի անկախության հանրաքվեից անմիջապես հետո։

«Սուվալկիի միջանցք» անվանումը առաջացել է 2015թ.-ին։ Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի պատմելով՝ նա այդ անունը հորինել է Գերմանիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումից րոպեներ առաջ՝ լեհական սահմանամերձ Սուվալկի բնակավայրի անունով։

Ռուսական կողմը տրանսպորտային միջանցք/ճանապարհի գաղափարը լրատվամիջոցների, փորձագետների միջոցով շրջանառել է գրեթե միշտ, բայց պաշտոնական շրջանակները՝ հատկապես արտատարածքային նկրտումների առումով, զգուշավոր են և զուսպ․ ամեն դեպքում «Սուվալկիի միջանցքը» ՆԱՏՕ-ի անդամ պետություններին է առնչվում։

Թեմայի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել 1996թ-ին, երբ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը Լեհաստանի տարածքով՝ Գրոդնո ֊ Սուվալկի ֊ Կալինինգրադ տրանսպորտային միջանցք ստեղծելու հայտարարություն արեց։ Լեհերն այս հայտարարությունն ընկալել էին որպես իրենց տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու մտադրություն: Աղմուկը հնարավոր եղավ մարել դիվանագիտական ճանապարհով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Եվգենի Պրիմակովի ջանքերով:

Բուն Ռուսաստանից Կալինինգրադ տրանսպորտային ուղու շուրջ վերջին մեծ ալիքը բարձրացավ 2022թ․ ամռանը, երբ Լիտվան սահմանափակեց տարանցիկ փոխադրումները Ռուսաստանից Կալինինգրադ։ Ռուսաստանը չափազանց կոշտ արձագանքեց ու թեև Լիտվան սահմանափակումները հիմնավորել էր Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցներով, այդուհանդերձ հենց Եվրամիությունը՝ հատկապես Գերմանիան, դրդեց Լիտվային հարթել իրավիճակը:

Բելառուսին նույնպես ցանկալի է, որ միջանցք/ճանապարհը լինի միութենական պետության վերահսկողության տակ, մասնավորապես՝ Կալինինգրադի նավահանգստով դեպի ծով տրանսպորտային ուղու համար։

ՆԱՏՕ-ն այս տարածքում մի քանի անգամ զորավարժություններ է անցկացրել, ինչը վկայում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չափազանց լուրջ է վերաբերվում այս հարցին:

Այսօր Լեհաստանն ու Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի ապահով հովանոցի ներքո են, Ռուսաստանը՝ պայմանավորված Ուկրաինայի հետ պատերազմով, չունի բավարար ներուժ ճնշմամբ դեպի Կալինինգրադ միջանցք ստանալու համար, սակայն Ռուսաստանի երկարաժամկետ պլանավորման գործիքակազմում, որպես միջազգային իրավունքի աղբյուր իր առանցքային տեղը կունենա զանգեզուրյան նախադեպը, եթե իրականանա։

«Զանգեզուրի միջանցքը» նույնպես երկարաժամկետ պլանավորման օրինակ է։ 1932թ․ թուրք-իրանական համաձայնագրով տարածքների փոխանակման արդյունքում Թուրքիան ավելի քան 10 կմ սահման ձեռք բերեց Նախիջևանի հետ՝ կարծես կանխատեսելով, որ մի օր այն Ադրբեջանի հետ միացնելու հնարավորություն կունենա։ Հիմա՝ գրեթե մեկ դար անց, Խորհրդային միության փլուզումից 30 տարի հետո, «Զանգեզուրի միջանցքը» ամենամոտն է իրականություն դառնալուն։

Եթե իրականացվի «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը, Ռուսաստանը դեպի Կալինինգրադ միջանցք/ճանապարհին շատ ավելի մեծ առաջնահերթություն կտա, քան նախկինում էր, մանավանդ աչքի տակ ունենալով 2022թ․ Լիտվայի սահմանափակումները։ Վաղ, թե ուշ Ռուսաստան – Արևմուտք առճակատումը կհասնի հերթական միջանկյալ հանգրվանին, և կարգավորման հարցերի շրջանակն ավելի լայն է լինելու, քան բուն ուկրաինական հակամարտությունը։

Հնարավոր բանակցային ուղղություն, եթե ոչ այսօր, ապա վաղը, կարող է լինել հենց դեպի Կալինինգրադի շրջան ճանապարհ/միջանցք ստանալը։ Հետագայում, ուժերի հարաբերակցության փոփոխմամբ պայմանավորված, կփոփոխվեն պահանջները, կնեղանա կամ կլայնանա ճանապարհ/միջանցքը, կփոփոխվի կարգավիճակը։

Այսպիսով, միջանցքների պոտենցիալ «զոհերի» շահերից է բխում, որ թեկուզ իրավիճակային, բայց դաշնակից ունենալ Հայաստանին՝ հնարավոր ամեն ինչով զանգեզուրյան նախադեպի ծնունդը կանխելու համար։

Բացի Հայաստանից «Զանգեզուրի միջանցքին» դեմ է Իրանը և տրամաբանական կլինի, որ դեմ լինի Վրաստանը, քանի որ նրա տարանցիկ հնարավորությունները կկրճատվեն, եթե իրականանա Ադրբեջանի ծրագիրը, սակայն մեր տարածաշրջանից զատ կարող ենք նույնպես գտնել իրավիճակային դաշնակիցներ, որոնք կփրկեն իրենք իրենց՝ կանխելով «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը:

Ռուբեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829