Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Սուտ են ասում, թե այս թուղթը ստորագրենք, որ պատերազմ չլինի: Սրանք համ թուղթ են ստորագրում, համ պատերազմ են բերում, համ նոր հողեր են տալիս»

Փետրվար 15,2024 15:34

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Ալիևն, ըստ էության, ասում է. բանակցային եղանակով տվեք այն, ինչ ուզում եմ, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով՝ ասաց. «Ես հիմա շատ կարեւոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, որ հասկանանք, թե արդեն ինչ փուլում ենք գտնվում: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից երեք տարի անց մենք էլի կանգնած ենք նոր կապիտուլյացիայի, նոր պատերազմի առաջ ու ամեն տարի գրաֆիկով ունեցել ենք պատերազմներ: Այսինքն, խոստանալով, թե տանք, որ պատերազմ չլինի, ու մարդկանց ամենանվիրական՝ խաղաղասիրության, զգացմունքի հետ խաղալով ամեն անգամ բերում են ավելի աղետալի պատերազմ, ավելի շատ մարդ է զոհվում: Մեզ ի՞նչ էին ասել նոյեմբերի 9-ին, «Ստորագրել եմ այդ փաստաթուղթը, որ կանգնեցնեմ պատերազմը եւ որ էլ պատերազմ չլինի»: Ի՞նչ էին ասում Արցախի հարցում. «Մի քիչ նշաձողն իջեցնենք, որ աննախադեպ կոնսոլիդացիա ունենանք, կարողանանք պահպանել Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները»: Հիմա ամենախաղաղ վիճակը Ստեփանակերտում է: Այդպիսի խաղաղություն են ուզում բերել:

Հիմա ի՞նչ է կատարվում Ներքին Հանդում: Մարդիկ սա էլ պետք է շատ լավ հասկանան: Ի՞նչ տեղի ունեցավ: 2020-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը գնահատել է իրավիճակը: Եվ որպեսզի հանկարծ նոր բախում չլինի, Սյունիքում զորքերի 20 կմ հետքաշման հրաման է տվել: Պատկերացնո՞ւմ եք, 30 տարի դիրքեր ենք սարքել, նպաստավոր դիրքեր ենք զբաղեցրել, 30 տարի արյուն ու քրտինք է թափվել, ու այս մարդն ասում է՝ որոշել է, որպեսզի պատերազմ չլինի, զորքը հետ է քաշել 20 կմ:

Դրանից հետո 2022 թվականին հարձակման ընթացքում ադրբեջանցիները, որ 20 կմ առաջ էին եկել, դրանից էլի առաջ եկան ու ամենանպաստավոր կետերը զբաղեցրին: Այժմ վերեւում իրենք են, ներքեւում մենք ենք: Ու սրա հետեւանքով Ներքին Հանդում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այսինքն, ադրբեջանցիները երբ ուզենան՝ պատճառ բռնելով, որ իրենց վրա կրակել են, կարող են, ինչպես իրենք են մեկնաբանում, հակաահաբեկչական պատժիչ գործողություններ իրականացնել, չնայած, ոչ ոք չգիտի՝ կրակոց եղե՞լ է, թե՞ ոչ: Ու այս ամենն այն ֆոնին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խայտառակ հաղորդագրություն է տարածում ու փաստացի ասում, որ կրակելու հրաման չկա: Այսինքն, քո վրա կրակում են, դու չպիտի կրակես, թե չէ քեզ կդատեմ:

Այս կետին ենք հասել այն քաղաքականության արդյունքում, որ այսօր վարվում է: Այսինքն, մենք ոչ թե այնպես ենք արել, որ պատերազմ չլինի, այլ ավելի շատ պատերազմ ենք բերել, ավելի շատ թվով զոհեր ենք ունեցել ու փաստացիորեն էլի կանգնած ենք կապիտուլյացիայի առաջ: Սուտ են ասում, թե այս թուղթը ստորագրենք, որ պատերազմ չլինի: Իրենք համ թուղթ են ստորագրում, համ պատերազմ են բերում, համ նոր հողեր են տալիս: Եվ մենք պետք է հասնենք այն կետին, որ եթե ուզում ենք ապրել, այս մարդիկ պիտի գնան: Ուրիշ տարբերակ չկա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829