Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունաստանը, Ադրբեջանը և Հարավային գազային միջանցքը

Մարտ 21,2024 23:55

Հայաստանի քաղաքական և պաշտպանական հարաբերությունները Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ խորանում են։ Սակայն, այս երկրների համար կարևոր են նաև Բաքվի հետ իրենց հարաբերությունները։ Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների չքննարկվող կողմերին։

Իսկ ի՞նչ որակ ունեն հույն-ադրբեջանական հարաբերությունները և ի՞նչ նշանակություն ունեն դրանք ավելի լայն եվրոպական տարածաշրջանի համար։

Ադրբեջանը՝ «կարևոր և հուսալի գործընկեր» բնական գազի մատակարարման համար․ Սկրեկաս

Հունական ԱԳՆ կայքում Հունաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների նկարագրում նշվում է՝ տնտեսական հարաբերությունները հիմնված են Ադրբեջանից նավթի և գազի մատակարարման վրա։

Հոկտեմբերին Հունաստանի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաներին հավաստել է Ադրբեջանից էներգիայի մատակարարումների ծավալներն ավելացնելու՝ հունական կողմի հետաքրքրվածությունը։ «Ադրբեջանը կարևոր և հուսալի գործընկեր է բնական գազի մատակարարման համար՝ զգալիորեն նպաստելով ռուսական ներմուծման փոխարինմանը և մատակարարման եվրոպական անվտանգության ապահովմանը», – հայտարարում էր Կոստաս Սկրեկասը։

Նախարարը մասնավորապես շեշտել էր Տրանս-ադրիատիկ և Տրանս-անատոլիական գազամուղերից բաղկացած Հարավային գազային միջանցքն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Երկու գազամուղերի հատման կետը Հունաստանն է, որտեղից էլ ադրբեջանական գազը հասնում է եվրոպական մի շարք երկրներ։

Հարավային գազային միջանցքի «բացառիկ նշանակությունը»

Իսկ մարտի 13-ին քաղաքական խորհրդակցությունների ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ու Հունաստանի փոխարտգործնախարարն ընդգծել են Հարավային գազային միջանցքի «բացառիկ նշանակությունը» տարածաշրջանային կայունության և զարգացման համատեքստում։

Ի դեպ, ըստ 2022 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի նախագահների կողմից ստորագրված էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի՝ մինչև 2027 թվականը գազային այս միջանցքով Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալը կրկնապատվելու է՝ հասնելով 20 մլրդ խորանարդ մետրի։

Հետաքրքրական է նաև նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված՝ Հունաստանի վարչապետի նամակը։ «Էներգետիկ ռազմավարական փոխգործակցությունը հարաբերություններն ընդլայնելու լավ նախադրյալ է», – գրում էր Կիրիակոս Միցոտակիսը։

Հունաստան-Ադրբեջան, Հունաստան-Հայաստան առևտրաշրջանառության համեմատություն

Ուսումնասիրենք Հունաստան-Ադրբեջան և Հունաստան-Հայաստան առևտրաշրջանառության՝ 2022-ի ցուցանիշները։ «Տնտեսական բարդության դիտակետի (Observatory of Economic Complexity)» համաձայն՝ Հունաստանից Ադրբեջան ընդհանուր արտահանումները կազմել են 27.2 միլիոն դոլար, Ադրբեջանից Հունաստան արտահանումները՝ 1.51 մլրդ դոլար։ Հունաստանից Հայաստան արտահանումները կազմել են 48 միլիոն դոլար, Հայաստանից Հունաստան՝ 1.52 մլն դոլար։

Հունաստանից Ադրբեջան արտահանումների 36%-ը (9.79 մլն դոլար) կազմել է ալյումինի օքսիդը։ Հակառակ ուղղությամբ արտահանումների 82.1%-ը (1.24 մլրդ դոլար) նավթային գազերն են կազմել, իսկ 17.7%-ը (267 մլն դոլար) հում նավթն է եղել։ Այսինքն, Ադրբեջանից Հունաստան արտահանումների գրեթե ամբողջական մասը գազից և նավթից է բաղկացած եղել։

Հունաստանից Հայաստան արտահանումների 40.7%-ը (19.5 մլն դոլար) զտված նավթն է կազմել, 15.3%-ը (7.32 մլն դոլար) և 12.5%-ը (6.01 մլն դոլար) ալյումինաթուղթն ու ալյումինե ձողերն են կազմել։ Հայաստանից Հունաստան արտահանումների 82.2%-ը (1.25 մլն դոլար) կազմված է եղել ալյումինաթղթից։

Հայաստանի կողքին ենք․ Միցոտակիս

Այնուամենայնիվ, այնպես էլ չէ, թե Հունաստանը անուշադրության է մատնել իր հետ կրոնական, պատմական և մշակութային ընդհանրություններ ունեցող Հայաստանին։ «Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023-ի դեկտեմբերին», – Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս անցած ամիս հայտարարել էր վարչապետ Միցոտակիսը, ապա հավելել՝ «Ինչպես և պատմական Հայաստանի կողքին ենք եղել, այնպես էլ հիմա կլինենք՝ պաշտպանելու այն մեծ մշակութային հայկական ժառանգությունը այն գոտիներում, ինչպես օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում»:

Պաշտպանական համագործակցության թեման նաև Հունաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների առաջնորդների՝ Երևանում կայացած քննարկումների կիզակետում էր։

Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը Աթենքում, 27-ը փետրվարի, 2023 թ․

Անկեղծ բարեկամություն vs. էներգետիկ փոխգործակցություն

Սակայն, ի տարբերություն դարերի խորքից հառնող հույն-հայկական հարաբերությունների, հույն-ադրբեջանական էներգետիկ փոխգործակցությունը էական նշանակություն ունի ավելի լայն տարածաշրջանի՝ եվրոպական մի շարք դերակատարների համար։ Այս համատեքստում Աթենքն ու Բաքուն փոխադարձ շահագրգռվածություն ունեն Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազի առնչությամբ։

Այսպես, Հունաստանը պետք է դիտարկել որպես կարևոր ռազմավարական գործընկեր, հնարավոր դաշնակից, բայցև պետք չէ հաշվի չառնել Հունաստան (Եվրոպա)-Ադրբեջան հարաբերությունները, որպեսզի մեր նպատակները կապված Հունաստանի հետ մնան իրատեսության սահմաններում։

Հաջորդ հրապարակման մեջ կանդրադառնանք Հնդկաստան-Ադրբեջան հարաբերություններին:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031