Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք քառակողմ պաշտպանական համագործակցություն ստեղծել՝ Հունաստանի, Հայաստանի, Հնդկաստանի եւ Ֆրանսիայի միջեւ»․ Նիկոլաոս Դենդիաս

Մարտ 04,2024 18:06

«Պարոն Դենդիասին ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը եւ կարեւորել եմ բարեկամ Հունաստանի փորձագիտական եւ գործնական աջակցության կարիքն այս հարցում։ Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորել ենք 2023 թվականի դեկտեմբերին իմ՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը»,- այսօր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նշեց, որ քննարկումների ընթացքում անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին։ «Այս համատեքստում արժե նշել, որ երկու երկրներն ունեն միեւնույն ընկալումներն ու մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը եւս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում։ Քննարկել ենք նաեւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միեւնույն արժեքը կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձեւաչափով համագործակցության հնարավորություններին։ Կարեւորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետություն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական պետությունների եւ կառույցների հետ հարաբերություններում միջազգային առաքելություններին մասնակցության եւ բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։

Նիկոլաոս Դենդիասն իր խոսքում նշեց․ «Թույլ տվեք անկեղծ լինել եւ ասել, որ մենք նույն ողբերգությունների՝ հալածանքների ու հետապնդումների, ցեղասպանության միջով ենք անցել։ Մեր ժողովուրդները միասին տառապել են, եւ այս ամենը ստեղծել է շատ ամուր կապերի հայերի ու հույների միջեւ»։

Դենդիասը նշեց, որ այսօր ականատես ենք շատ զգայուն միջավայրի, երբ խախտվում են միջազգային պայմանագրերը, ՄԱԿ-ի կանոնակարգերը։ «Ուստի, ամբողջ աշխարհը պետք է ստեղծի ընդհանուր անվտանգային միջավայր՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք կոնֆլիկտների առաջախաղացումները կանխարգելելու, խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկելու։ Անշուշտ, այս ամենը պետք է արվի միջազգային օրենքների շրջանակում։ Այսօր մենք գործնական հնարավորությունների տարբերակներ քննարկեցինք, թե ինչպես կարող ենք մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել։ Այնուհետեւ քննարկեցինք երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակները։ Մենք ստորագրել ենք նաեւ այս տարվա ռազմական համագործակցության մի շարք ծրագրեր, որոնք ավելի կսերտացնեն երկու երկրների զինված ուժերի միջեւ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ մենք կարող ենք եռակողմ պաշտպանական համագործակցություն ստեղծել մեր երկրների ու Կիպրոսի միջեւ, ինչպես նաեւ՝ այլ եռակողմ, քառակողմ համագործակցություններ Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ։ Կարեւոր երկրներ, որոնք ընդհանուր ընկերներ են թե Հայաստանի, թե Հունաստանի համար։ Հունաստանն ավելի քան վստահ է, որ բոլոր տեսակի խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության, որեւէ միակողմանի ռազմական գործողության այս տարածաշրջանում։ Ուստի, մենք կողմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքի շրջանակներում»,- հայտարարեց Հունաստանի նախարարը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031