Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակին․ Վահան Զանոյան

Ապրիլ 12,2024 18:04

Aravot.am-ի զրուցակիցն է սփյուռքահայ գործարար, գրող, բանաստեղծ Վահան Զանոյանը։

-Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ի՞նչ եք կարծում, սա որեւէ կերպ ազդեցություն կունենա՞ նրա ճակատագրի վրա, Բաքվի բանտում ավելի քան վեց ամսվա գերեւարությունից նրան հնարավոր կլինի՞ վերադարձնել։

-Նախ, ըստ իս, անկախ ներկայիս իրավիճակներից, կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանն արժանի է այդ մրցանակին՝ իր կյանքի գործունեությամբ՝ եւ մարդասիրական, եւ տնտեսական, եւ կրթական։ Ի դեպ, խոսքը միայն Հայաստանում եւ Արցախում նրա գործունեությանը չի վերաբերում, այլ առհասարակ եւ, մասնավորաբար, Հայաստանում եւ Արցախում՝ խաղաղության համար իր ներդրման։

Ռուբենը Շուշիում շիական մզկիթ վերանորոգեց եւ մզկիթի վերանորոգման ժամանակ մի շատ հետաքրքիր ելույթ ունի, որի մի մասն իր նորոգած մզկիթի դիմաց է, մյուսը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից քարուքանդ արված Շուշիի եկեղեցու․ ելույթում նա ասում է՝ խաղաղության համար մենք պատրաստ ենք ավելի հանդուրժող լինել, բայց դա պետք է փոխադարձ լինի։ Դիմացինդ էլ պետք է դրան ձգտի։ Այնպես որ, նա իր հնարավորությունների սահմանում նաեւ համաշխարհային խաղաղության մեջ ներդրում ունի։

Եվ երկրորդ կարեւոր բանը, որն ուզում եմ ընդգծել, ցանկացած մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել։ Առաջադրվելն ինքնին մեծ բան չէ, հազարներով մարկանց կարող են առաջադրել որպես թեկնածու։ Եթե չեմ սխալվում, անցած տարի անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր առաջադրվել խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Պակիստանի սենատի կողմից։

Բայց այս պարագայում, երկու հատկանշական եւ էական տարբերություն կա․ նախ՝ Ռուբենը գտնվում է Բաքվի բանտում, գերեւարված է, ինչը մեծ իմաստ ունի թե մեզ համար, թե ադրբեջանցիների։

Երկրորդ՝ նրա թեկնածությունն առաջադրողների մեջ կան խաղաղության Նոբելյան մրցանակի նախկին դափնեկիրներ։ Այսինքն, նրան առաջադրողների թիմը շատ ավելի ծանրակշիռ է եւ այս պատճառով է, որ ադրբեջանցիների արձագանքն այս առաջադրմանը հիստերիկ էր։ Ադրբեջանն իր պրոպագանդիստական ապարատը ամբողջությամբ գործարկել է՝ Ռուբենին ներկայացնելու որպես ահաբեկիչ, նրան մեղսագրում են փողերի լվացում․․․ Մարդու գլխին ամեն մեղք փաթաթել են, որպեսզի բարոյազրկեն նրա թեկնածության առաջադրումը։ Ես կարծում եմ, ադրբեջանական քարոզչամեքենան իր ոճի մեջ կփորձի աշխատել՝ լոբբինգի վրա հսկայական գումար ծախսելով, ինչպես մինչեւ այժմ են վարվել, որպեսզի խափանեն նրա թեկնածության ընտրությունը։

Ինչեւէ, եթե ադրբեջանական ծրագիրը չհաջողվի եւ հանձնախումբն, այնուհանդերձ, ընտրի Ռուբենի թեկնածությունը, դիվանագիտական հարթության մեջ Ադրբեջանը բավական լուրջ խնդիրների առջեւ կկանգնի։ Այդ պարագայում, իրենց միակ զենքը կլինի ոչ միայն Ռուբենին վարկաբեկելը, այլ Նոբելյան մրցանակի հանձնախումբը, մրցանակաբաշխությունը՝ այն ներկայացնել իբրեւ սուտ, քաղաքականացված մրցանակ։ Բաքուն գնալով կսաստկացնի այս մասով իր քարոզարշավը։

Գալով հարցին՝ սա կօգնի՞, որ Ռուբենն ազատ արձակվի, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել։ Բայց հստակ է, որ Ադրբեջանում այս առաջադրման առաջին արձագանքը շատ բացասական է։ Իրենք քարոզչական պատերազմի հսկա աշխատանք են սկսել, այս ամենը փորձում են ներկայացնել հայկական PR, Ռուբենի շրջապատի կողմից PR, ոչ թե արդարացի ճիգ՝ արժեւորելու իր նախկին աշխատանքները։

Ավելին, հստակ ասել՝ այս առաջադրումը կօգնի՞ Ռուբենին ազատ արձակել, թե՞ ավելի կխոչընդոտի, նույնպես բարդ է։ Համենայնդեպս, եթե նրան ազատ արձակեն այս ամենից հետո, կնշանակի, որ մի կերպ, անուղղակիորեն ստիպված են լինելու ընդունել իրողությունները։

Հստակ է մեկ բան․ դիվանագիտական բարդությունների առջեւ է կանգնած այսօր Ադրբեջանը եւ շատ ավելի, քան որեւէ մեկ այլ պետություն։

-Բաքվի բանտերում մենք գերեւարված այլ անձինք էլ ունենք․ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով հայտնվեցին գերեւարության մեջ եւ եթե Ռուբեն Վարդանյանի մասին երբեմն հիշում ենք՝ նկատի ունենալով նաեւ նրա միջազգային գործունեությունը, ապա գերեւարված մյուս անձանց մասին ավելի քիչ ենք հիշում։

-Այո, ճիշտ եք։ Պետք է ավելի հաճախ հիշել, մանավանդ, որ ըստ իս, Բաքվում գերեւարվածների՝ լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչ, թե սովորական մեկը, առաջադրված մեղադրանքն արդարացի չէ։ Մենք այս մասին պետք է անընդհատ խոսենք՝ անկախ նրանից՝ այդ գործիչների քաղաքական գործունեության հետ համամի՞տ ենք, թե՝ ոչ, կիսո՞ւմ ենք նրանց հայացքները, թե՝ ոչ, բայց Բաքվի մեղադրանքը, որ նրանք ահաբեկիչներ են, անջատողականներ են, Ադրբեջանի պետության դեմ են գործել, բացարձակ հիմնազուրկ է։ Այդ իմաստով, մենք էլ մեղք ունենք, որ ավելի շատ չենք խոսում այդ մասին, թողնում ենք, որ հեշտ մոռացվի Բաքվում գերեւարված մեր հայրենակիցների թեման։

Բաց, երբ որոշ կասկածներ արթնանան, մարդիկ կենտրոնանան Ռուբենի կատարած խաղաղասիրական, մարդասիրական աշխատանքների վրա եւ հասկանան, թե ինչո՞ւ է ինքն առաջադրված այս մրցանակին՝ դափնեկրի կողմից, հուսամ, այդ ժամանակ, նույն կերպ կասկածներ կարթնանան նաեւ մյուս բանտարկյալների մասով։

Բաքուն գնալով կսաստկացնի իր քարոզարշավը, մենք պետք է հակաքարոզարշավին պատրաստ լինենք, բայց չգիտեմ, այսօր Հայաստանում՝ իշխանությունում, իշխանությունից դուրս, կա՞ այդպիսի ուժ, կազմակերպություն, որը պատրաստ է այս հարցով զբաղվել։

-Իշխանությունում, համենայնդեպս, չկա ու դա, ցավոք, այս տարիները ցույց տվեցին։

-Ցավոք, այդպես է։ Բայց, վերջիվերջո, չմոռանանք մեկ բան, որքան որ գիտեմ, Ռուբենը բոլոր գերեւարվածների մեջ միակն է, որ միայն Հայաստանի քաղաքացի է։ Խոսքը գերեւարված ՀՀ քաղաքացու մասին է։ Անկախ նրանից, թե նրա քաղաքական մոտեցումներին ինչպես ենք վերաբերվում, Բաքվի բանտում ՀՀ քաղաքացին է․ մեր համաքաղաքացին է, որ գերեւարված է եւ առաջադրված է այս մրցանակին եւ թեկուզ հենց դա պիտի պատճառ լինի, որ այս հարցը մենք լուրջ քննարկման թեմա դարձնենք, պաշտպանենք այդ թեկնածությունը։

Այստեղ մեծ պարտականություն ունի հենց իշխանությունը։ Իշխանությունը մեծ պատասխանատվություն ունի իր պետության քաղաքացիների հանդեպ, ովքեր օտար պետության բանտերում են։ Սա իմ օրենքը չէ, սա համաշխարհային կարգ է։

Գործել է պետք։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930