Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ծառայությունը խոչընդոտողը գտնվում է Երեւանում, եթե բողոք ու դժգոհություն ունեք, ուղղեք նրան»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Ապրիլ 21,2024 20:30

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակած անձանց հանդարտության ու սադրանքներին չտրվելու կոչեր արեց։ Սրբազանը նաեւ դիմեց ոստիկանությանը՝ կոչ անելով չխոչընդոտել մարդկանց գործողությունները։ «Կոչ եմ անում մեր ոստիկանությանը խաղաղ մնալ։ Ձեր ծառայությունը մենք չենք խոչընդոտում, ձեր ծառայությունը խոչընդոտողը գտնվում է Երեւանում, Երեւանի հրապարակում է երեւի հիմա գտնվում։ Այնպես որ, եթե բողոք ու դժգոհություն ունեք, խնդրում եմ, ուղղեք այդ հասցեատիրոջը»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները փակել են Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

Ոստիկանների գործողությունների միջոցով ճանապարհն այսօր բացվել էր, մեքենաներն անցել էին։ Բայց որոշ ժամանակ անց ճանապարհը դարձյալ փակվեց։

Բագրատ Սրբազանն անդրադարձավ Տավուշի գյուղերը հանձնելու դեմ պայքարողների դեմ որոշ շրջանակների կողմից տարվող արշավին։ «Ոչ մի բանից չտատամսեք, ժողովուրդ ջան, չնեղվեք, ձեզ ծաղրում են, կաշառք են առաջարկում, կարծում են, որ այստեղ հավաքված մարդիկ ծախված ու հայրենիք չունեցող անձինք են։ Ով գիտի, իրենց կյանքում մեկ անգամ սկի այս գծերով չեն անցել կամ անցել են, եկել են մեր անտառներում ուտել-խմելու։ Կերել-խմել են, քեֆ են արել, ընդ որում, այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են հանձնել այս հողերը՝ ասելով, որ դրանք մերը չեն։ Բա որ մերը չեն, դուք ի՞նչ գործ ունեինք այնտեղ քեֆ էիք անում։ Այն օրը մարզպետին էլ եմ ասել, պարոն մարզպետ, եթե Հայաստանի Հանրապետության հողերը չեն, բա դուք ինչո՞ւ եք հանցագործություն արել, ինչո՞ւ եք այս ճանապարհներով անցել, ինչո՞ւ եք գնացել Վերին Ոսկեպար, Կիրանցի անտառներ, քեֆ-ուրախություն արել, խմել, հարբել, վերացել եք։ Ինչո՞ւ եք արել, հանցագործություն եք գործե՞լ եւ այս ամբողջ ժողովրդին հանցագո՞րծ եք դարձնում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930