Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեց տարի հետո ստիպված ենք նորից նույն կոտրված տաշտակի առաջ կանգնել»․ Արթուր Սաքունց

Հունիս 06,2024 16:19 Share

«Սա և մնացած բոլոր քրեական գործերն անխուսափելիորեն ունենալու են նույն ելքը։ Կա մի սկզբունք, որը մենք 2018-ից սկսած մշտապես հիմնավորում էինք, ներկայացնում, պահանջում։ Խոսքն անցումային արդարադատության կարևոր գործիքների ներդրման մասին է։ Այսինքն՝ պետք է օրենքով նախատեսել նախ փաստահավաք կամ ճշմարտության հանձնաժողովի ձևավորում, հետո վեթինգ ասածը, որը պետք է վերաբերեր ոչ միայն իրավապահ համակարգին, այլև պետական կառավարմանը, լյուստրացիան, երբ պետք է հստակ կիրառվեր այդ մեխանիզմը բացահայտելու համար, թե պետական ապարատում, կառավարման այդ ժամանակահատվածում, որը որակում ենք պետության զավթման ժամանակահատված, ինչպիսին են եղել այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ պետության զավթման հետևանքով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են եղել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը չարաշահելու հոդվածով, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն ազատվեց պատժի կրումից՝ համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով։

Ըստ Արթուր Սաքունցի՝ ամենակարևորն այն է, որ մարդու իրավունքների խախտումներից տուժածների ձայնն այդպես էլ լսելի չդարձավ․ «Հեղափոխությունը կամ ռեժիմի դեմ զանգվածային ընդվզման դուրս եկած քաղաքացիները, որոնք դուրս են եկել արդարության դեֆիցիտի առկայության պատճառով, արդարության դեֆիցիտից տուժածների ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ իշխանությունը ջանքեր չգործադրեց, չարեց այդ հանձնառությունը։ Իսկ ո՞վ է ասել, որ Լևոն Երանոսյանը միայն այդ ժամանակ այդ գործողությունների համար է պատասխանատու կամ Սերժ Սարգսյանը պետական բյուջեի հետ կապված։ Այդ մարդիկ, որոնք հիմնասյուներն են եղել մարդու իրավունքների շարունակական խախտման, ձեզ համար զարմանալի չէ՞, որ այդ խախտումների համար պատասխանատվության չեն ենթարկվում։ Քրեական գործ չի հարուցվում։ Մինչև այդ պաշտոնին լինելը Երանոսյանը եղել է նաև կորպուսի հրամանատար, էդ ո՞նց եղավ, որ Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակվա վարչապետ էր, մարտի 1-ի գործով ներգրավված չէ։ Էպիզոդիկ ձևով մոտենալ համակարգային նշանակություն ունեցող հանցագործությունների մեջ մասնակցին ու առանձնացնել․․․ Անխուսափելի է, որ պետք է կազմակերպված բնույթի հանցագործություն կատարած խմբից, երբ մեկին էպիզոդիկ առանձնացնում ես՝ անտեսելով, որ կազմակերպված բնույթ է եղել և նման ձևով վարվելով, սա է լինելու արդյունքը»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ շուրջ իրադարձություններին՝ Արթուր Սաքունցն ասաց․ «Կներեք, հիմա արդարության դեֆիցիտը վերացա՞վ կամ այդ ի՞նչ մոտեցում է։ Ուզում եմ շեշտել, որ ցավոք, չնայած կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիներն արդարադատության նկատմամբ ձգտումը երբեք չեն կորցնելու»։

Ըստ Արթուր Սաքունցի՝ նման գործերը գալիս են հիմնավորելու, որ «այն իրավիճակում, որում գտնվում ենք, թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը չկատարեց քաղաքացիների պահանջը՝ այն է արդարության դեֆիցիտի վերացումը։ Վեց տարի հետո ստիպված ենք նորից նույն կոտրված տաշտակի առաջ կանգնելու։ Սրա պատասխանն ո՞վ է տալու․ իհարկե, քաղաքական իշխանությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930